Այսօրվա իրավիճակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողության գնալը կնշանակի պոտենցիալ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ․ ռազմական մեկնաբան

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը

– Պարոն Հարությունով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոշոր զորավարժություն սկսելու մասին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ։ 

Սա հերթակա՞ն զորավարժություն է, թե՞ ինչ-որ առումով նաև պատասխան է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

– Մենք միանշանակ չգիտենք, թե ինչ զորավարժության մասին է խոսքը, բայց պատերազմից հետո փաստացի առաջին խոշոր զորավարժությունն է սա լինելու։ 

Եվ այդ տեսանկյունից, իհարկե, դա կանոնավոր ընթացք է, այսինքն՝ բանակները միշտ էլ զորավարժություններ են անցկացնում։ Բայց այսօրվա իրադարձությունների համատեքստում, այո՛, կարելի է ենթադրել, որ որոշակի կապ կարող է ունենալ ադրբեջանական ակտիվության հետ։ 

Խոշոր զորավարժությունները նաև ճանապարհ են առանց զորահավաքի, առանց կոնկրետ ինչ-որ միջոցառումների՝ զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու։

Օրինակ՝ ադրբեջանական կողմը, նախքան պատերազմն սկսելը, խոշոր զորավարժություններ էր անցկացնում։

Բնական է, խոսքն այն մասին չէ այսօր, որ հայկական կողմը նախաձեռնում է ինչ-որ բան, խոսքն ավելի շուտ այն մասին է, որ տարածաշրջանում առկա լարված իրավիճակում, պատերազմից հետո փորձ է արվում վերականգնել բանակի կարողությունները։ Միաժամանակ, զինված ուժերի ընդհանուր պատրաստվածության մակարդակն է բարձրացվում։

Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները հերթակա՞ն կարելի է որակել, թե՞ այդ փուլում Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների կարող են վերածվել դրանք։ 

– Նրանց կողմից այդ համատեղ զորավարժությունների անցկացումը շարունակական ընթացք է ունեցել։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ընդհանրապես այսօրվա աշխարհում ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ այսօրվա իրավիճակում նման գործողության գնալը կնշանակի պոտենցիալ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ 

Այսինքն՝ այդ տարբերակը հնարավոր է, եթե ինչ-որ պատճառներով ռուսական գործոնը չեզոքացվում է։ Եթե ոչ, այս պայմաններում այդ ռիսկը քիչ հավանական է։

Բացի դա, այս փուլում երկու կողմն էլ՝ թուրքական ու ադրբեջանական, իրենց ծրագրին հասել են։ Հետագայում, պարզ է, այդ ծավալապաշտական տարբերակներն իրենց օրակարգում մնում են։

– Այսօր արդեն նրանք խոսում են Սյունիքի մասին, հայտարարում են, թե կպարտադրեն Հայաստանին՝ Սյունիքով միջանցք տրամադրել իրենց։

– Ես նույնիսկ չեմ ուզում կոնկրետացնել, թե որ տարածքի մասին են խոսում, այսինքն՝ հենց բուն Հայաստանի մասին է արդեն խոսքը գնում։ Եթե դարձյալ ենթադրենք, որ ռուսական գործոնը ինչ-որ պատճառով չեզոքացվել է, խոսքը նաև Արցախի մնացած տարածքների մասին է։

Բայց ես կարծում եմ՝ այս պահին դեռ այդ նախադրյալները չկան, կոնֆլիկտի հավանականությունը փոքր է։ Բայց, ընդհանրապես, իհարկե, այդ հավանականությունը կա։ Եթե խոսենք երկարաժամկետ ժամանակահատվածի մասին, նման հավանականություն կարող է լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am