Կալանքի որոշումները դատարաններում՝ անկախությու՞ն, թե՞ քաղաքականացվածություն

Հեղինակ MediaLab

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դադարեց պատերազմն Արցախում, սակայն սկսվեց ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Տեղի ունեցան բողոքի ցույցեր, դրանցից որոշներն ագրեսիվ ընթացք ստացան, ինչպես նաև, ըստ իրավապահների հավաստի հաղորդումների, կանխվեցին պետական իշխանության յուրացման փորձեր։

Այս ամենի ֆոնին, սակայն, առավել ուշագրավ է դատական իշխանության գործելաոճը։ Դատական իշխանությունը 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից առաջ և, որոշակիորեն, նաև դրանից հետո հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դրսևորել է պրոիշխանական գործելաոճ։

Սակայն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մի քանի հայտնի քրեական գործերով դատարաններ հանդես եկան միատեսակ ձեռագրով։ Մենք ուսումնասիրել ենք որոշ քրեական գործեր՝ փորձելով գտնել նմանություններ և հասկանալ դատարանների այդ գործելաոճի ակունքները։ 

Բայց նախ քաղաքական ենթատեքստի մասին։

Ինչքան էլ դատական համակարգը լինի ապաքաղաքական մարմին, այս կամ այն փուլում, մեծամասամբ՝ քաղաքական գործերով պայմանավորված, առկախված է եղել այդօրվա իշխանությունից։ Առանց հասկանալու այդ «հարաբերությունների» էությունը, դժվար կլինի կռահել դատական իշխանության վարքագիծը հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող դատական համակարգի «ջրերը» 2018-ի իշխանափոխությունից հետո նույն հունով չհոսեցին։ Դրա համար կան մի քանի պատճառներ։

  1. Առաջին պատճառը դատական համակարգում այդպես էլ չիրականացված «վիրահատական միջամտություններն» են և դրանից բխող հետևանքները։ 2019-ի մայիսին 20-ին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց երկու օր անց, վարչապետը կառավարությունում խորհրդակցություն հրավիրեց ու խոսեց դատական համակարգի մասին։ Մինչ այդ, նա քաղաքացիներին կոչ էր արել շրջափակել դատարանների մուտքերը։

    Փաշինյանն այդ խորհրդակցության ընթացքում շրջանառեց «վեթինգի» գաղափարը, որը, սակայն, հետագայում, ինչպես իրավաստեղծ մարմնից էին պատճառաբանում, հնարավոր չեղավ կյանքի կոչել, քանի որ Սահմանադրությունը թույլ չէր տալիս։ Բացի այդ, վերոնշյալ խորհրդակցության ժամանակ ուղենշվեցին 5 բարեփոխումներ, որոնք հենց այդ «վիրահատական միջամտությունը» պետք է դառնային ու լինեին դրա տրամաբանական ավարտը։ Բարեփոխումները, սակայն, այդպես էլ չիրականացան՝ համենայն դեպս այն տեսքով, ինչպես հայտարարվել էր։

    Այս հանգամանքը ևս ազդեց գործադիր և դատական իշխանությունների միջև անվստահության խորացմանը, ինչպես նաև ի ցույց դրեց կառավարության գործողություններում վճռականության բացակայությունը:
  1. Երկրորդ պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, որոնք մշտապես հունից հանել են դատական իշխանությանը։ Վարչապետը տարբեր առիթներով անդրադարձել է դատական համակարգին, մեծամասամբ՝ բացասական գնահատականներով։ Գործադիրից նա առաջինն էր, որ բարձրաձայնեց «զանգովի արդարադատության» մասին։

    Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին Փաշինյանը, խոսելով նախկին իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումներից, ասաց հետևյալը. «Թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու և հաթաթա տալու ձևերը չգիտենք, թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել»: 2020-ի ապրիլին «Թավիշի և «ամենաթողության» մասին» վերտառությամբ իր ֆեյսբուքյան ուղերձի ժամանակ Փաշինյանն առանց հստակեցնելու հայտարարեց, որ «վնգստացող դատավորների հերթն է գալիս. պետք է վեշերը հավաքեն»։ 

Դատական և գործադիր իշխանությունների անհամաձայնության «կուլմինացիան», թերևս, նոյեմբերի 15-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունն էր։ Նախորդող օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, թե կանխել է պետական գործչի սպանության, ինչպես նաև հայտնեց ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու գործի մասին (ստորև առավել մանրամասն կանդրադառնանք այս գործին), որով անցնում էր նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նոյեմբերի 15-ին Վանեցյանին մեղադրանք առաջադրեցին, դրանից ժամեր առաջ ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակեց Վարդազարյանի հայտարարությունը, որտեղ, ի թիվս այլի, կար նաև հստակ պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններին և դատական իշխանության թիրախավորելու դեպքերին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- հայտարարել էր ԲԴԽ նախագահը։ 

Ինչ փոխվեց նոյեմբերի 10-ից հետո

2020-ին նոյեմբերի 10-ից հետո դատական իշխանությունը հանդես եկավ ուշագրավ գործելաոճով՝ գործադիրի լիազորությունները տիրանալու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և հանրային հնչեղություն ստացած այլ գործերով համատարած չէր կիրառվում խափանման միջոց կալանքը։ Բացի այդ, դատարանները քաղաքական հնչեղություն ստացած գրեթե բոլոր գործերով ոչ իրավաչափ ճանաչեցին ձերբակալման որոշումները։

Թեև ոմանք այս գործելաոճը որակում էին որպես դատարանների անկախության դրսևորում, սակայն փաստերը պնդում են հակառակը: Գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատարաններն այսկերպ ընտրել են իրենց «ընդվզման մեթոդը» իշխանության դեմ։ Մենք առանձնացրել ենք որոշ գործեր։

ԱԱԾ-ում քննվող գործերը

Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և մյուսների գործը.

Ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին հայտնեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Այս գործով անցնում են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

ԱԱԾ-ն հրապարակեց նաև հեռախոսազրույցների գաղտնալսումների հատվածներ, ինչպես նաև խուզարկությունից կադրեր։ Կասկածյալներին պատկանող բնակարաններում հայտնաբերվել էր խոշոր զինանոց՝ ինքնաձիգեր, գնդացիրներ, պայթուցիկ նռնակներ, մեծաքանակ այլ զենք ու զինամթերք։

ԱԱԾ-ն նաև հայտնեց, որ այդ զենքի «օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել»։ Հեռախոսային խոսակցություններում ահռելի քանակության ապօրինի զինանոցի տերերը հստակ քննարկում էին «Նիկոլին խփելու» հարցը:

ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հաղորդեցին, որ նոյեմբերի 16-ին գործով անցնող բոլոր անձանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացել դատարան, որոնք մերժվել են։ Մերժվել են նաև վերաքննիչ բողոքները։ Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին, որ մեղադրյալներից երկուսի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումների դեմ ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, մեկի վերաբերյալ որոշումը բողոքարկման փուլում է, իսկ մյուսի մասով բողոքը չի բավարարվել։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի և «Հ.Ծ.»-ի գործը

ԱԱԾ-ն 2020-ի դեկտեմբերին հայտարարեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունների շրջանակում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի մասին։ Հրապարակվեց նաև վերջինիս և հակաիշխանական հայացքներ ունեցող մի քաղաքացու՝ «Հ․Ծ․»-ի միջև եղած հեռախոսային խոսակցության գաղտնալսումը։

«Հ.Ծ.»-ն, ըստ իրավապահների, մասնակցել էր նաև նոյեմբերի 10-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործողություններին։ Գաղտնալսումներից պարզ էր դառնում, որ նա փնտրել է իշխանության ներկայացուցիչներին, ավելին՝ ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»:

Ուշագրավ է նույն «Հ.Ծ.»-ի գաղտնալսումներից մի հատված, որտեղ նա հայտարարում է, թե «դատական համակարգը սրանց (նկատի ունի իշխանությանը – հեղինակ) լրիվ ատում ա»։ Դատարանները մերժել են ինչպես այս անձին, այնպես էլ Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդությունները։ Դատախազությունը շարունակում է բողոքարկել դատարանների այս որոշումները։

Կառավարության և Ազգային ժողովի անկարգության գործերը

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կատարված զանգվածային անկարգությունների փաստերով հարուցվել է 10 քրեական գործ։ Տեղեկությունը փոխանցեցին ԱԱԾ-ից։ Ըստ աղբյուրի՝ 49 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 39-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան, և բավարարվել է 20 միջնորդություն, իսկ 19 միջնորդություն՝ մերժվել, 9 անձի նկատմամբ ընտրվել է այլ խափանման միջոց։ Նախաքննության ներկա փուլում կալանքի տակ է գտնվում 2 անձ։ 

Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին, որ վերը նշված քրեական գործից անջատվել է 4 քրեական գործ 14 անձի վերաբերյալ, որոնք հաստատված մեղադրական եզրակացություններով արդեն ուղարկվել են առաջին ատյանի դատարան։

ՀՔԾ-ում քննվող գործը՝ Գագիկ Ծառուկյանի և մյուսների վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է պատերազմի ավարտով պայմանավորված և դրան հաջորդած իրադարձություններին առնչվող երկու քրեական գործ։ Այս մասին, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՔԾ-ից։ Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածով` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ, իսկ մյուսը` ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:  

Առաջին քրեական գործով ՀՔԾ-ն նախկինում հայտարարություն տարածել է․ խոսքը պատերազմից հետո 17 կուսակցությունների հանրահավաքների փաստով հարուցված գործերն են։ Այդ ժամանակ պարբերաբար ԱԱԾ և ՀՔԾ էին կանչվում ընդդիմության առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Գեղամ Մանուկյանը, Էդուարդ Շարմազանովը և այլք։ ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ 2251-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալված բոլոր 11 անձինք դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նրանք ներկայում քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի ասուլիսի հիմքով հարուցված քրեական գործին, ապա մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:

ՔԿ-ի գործերից․ ակնհայտ բռնության կոչեր անողը ևս մնաց ազատության մեջ

Դեկտեմբերի 23-ին ձերբակալվեց ոստիկանության նախկին պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանը։ Այս գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում։ Ըստ իրավապահների՝ Շիրինյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում էր արվել` ուղղված օգտատերներից մեկին։

Նա, մասնավորապես, անդրադառնալով 17 քաղաքական ուժերի բողոքի ցույցերին, դիմել էր օգտատիրոջը. «Եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Դատարանը դեկտեմբերի 24-ին ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ և ազատ արձակեց Շիրինյանին։

«Դեկտեմբերի 24-ի» քրեական գործը

2020-ի դեկտեմբերի 24-ին «Հայրենիքի փրկության շարժումը» վաղ առավոտվանից սկսեց բողոքի ակցիաները։ Ցուցարարները նախ փորձեցին շրջափակել կառավարության մուտքերն ու թույլ չտալ վարչապետին, ինչպես նաև գործադիրի անդամներին մտնել ներս։ Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ հանրահավաքի մասնակիցներին իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու դեպքի առթիվ ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, որին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է: Դատախազությունը որոշումը բողոքարկում է վերաքննիչ քրեական դատարանում:

Հետախուզված «Վստրեչի ապերը» ևս ազատ արձակվեց

Վերոնշյալ իրադարձությունների հետ թեև առնչություն չունի, սակայն անդրադարձի արժանի է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, մեքենայի հաշվառման համարանիշներ կեղծելու, ինչպես նաև շորթման համար:

2020-ի հունվարին մամուլը տեղեկություն տրամադրեց այն մասին, որ այս անձը ներգրավված է նաև քաղաքական գործընթացներում՝ համագործակցելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

2020-ի մարտին ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Վարդանյանի նկատմամբ։ Սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վարդանյանը հայտնաբերվեց ու կալանավորվեց հուլիսին։ Այս մեղադրանքներով, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություն հաղորդելու և փաստաթղթեր կեղծելու գործով հունվարի սկզբին Վարդանյանը 75 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրա մասնակցությամբ գործը քննվում է դռնփակ ռեժիմով։ Սա, թերևս, բացառիկ դեպք է, երբ քննությունից ամիսներ շարունակ թաքնված անձը ազատվում է կալանավորումից:

Դեռ 2019-ի սեպտեմբերին «ՍիվիլՆեթը» գրել էր Վարդանյանի՝ համաներման օրենքից օգտվելու պատմության մասին, ըստ որի՝ իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արամ Վարդանյանի՝ համաներումից օգտվելու անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելիությունը։ Մասնավորապես, Վարդանյանը համաներման նախագծի հրապարակումից հետո հայրական իրավունք ճանաչելու մասին տեղեկանք էր ներկայացրել դատարան՝ այդ հիմքով քրեական հետապնդումից ազատվելու համար։

Ըստ «ՍիվիլՆեթի» տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ուղղակի չէր կարող նման տեղեկանք ստանալ, քանի որ դեռ 2018-ի օգոստոսին երեխայի հայրությունը ճանաչվել է մեկ այլ անձի կողմից: Արամ Վարդանյանին հայրության իրավունքը հավաստող տեղեկանք տրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Աննա Մկրտչյանի կողմից (որը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մայրն է)։

Իսկ նախկինո՞ւմ

Նախկինում իրավիճակը տրամագծորեն հակառակն էր։ Քաղաքական հնչեղություն ունեցող բացառապես բոլոր գործերով դատարանները կալանք էին կիրառում։ Օրինակ՝ 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի դեպքերից (երբ ձերբակալվեցին խաղաղ ցուցարարները) անմիջապես հետո կալանավորվեցին քաղաքական մի շարք գործիչներ։

Մասնավորապես, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորվեցին «Ժառանգություն» կուսակցության երեք անդամները՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներ Անդրեաս Ղուկասյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Հետագայում «Ժառանգության» անդամները գրավով ազատ արձակվեցին։

Զանգվածային անկարգության մեկ այլ գործ էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործը։ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներն «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։

Այս գործով անցնում էր 14 անց, որոնցից միայն երկուսն էին ազատ արձակվել, մյուսները կալանավորված էին։ Նրանց կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բոլոր միջնորդությունները մերժվում էին։ 2015-ի դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ հրմշտոցով:

Դրանից հետո կալանավորվել էր Սաֆարյանը, նրան կալանքից ազատելու, այդ թվում՝ գրավով փոխարինելու բոլոր միջնորդությունները դատարանները մերժում էին։ Նույն իրավիճակը տեսնում էինք նաև այլ քաղաքական գործերով։ 

Վիճակագրություն

2020-ի առաջին կիսամյակում (հունվար-հունիս ամիսներ) Երևանի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են կալանքի 651 միջնորդություն, որոնցից մերժել 118-ը (18%), բավարարել՝ 529-ը (81%), ևս 2 միջնորդություն մասնակի է բավարարվել և 2-ը թողնվել՝ առանց քննության։ Բացի այդ, դատարան է մուտքագրվել կալանքի ժամկետը երկարացնելու մասին 300 միջնորդություն, դրանցից մերժվել է ընդամենը 25-ը (8.3%), բավարարվել 254-ը (84.6%)։ 

Եթե համեմատենք պատերազմից հետո դատարանների գործելաոճի հետ, ապա առնվազն այն գործերով, որոնք մեզ հայտնի են, ունենում ենք հակառակ պատկերը՝ կալանքի միջնորդությունները համատարած մերժվում են։ Մեր պնդումը վիճակագրության հիման վրա հերքելու կամ հաստատելու համար հարցում ուղարկեցինք ՀՀ դատական դեպարտամենտ՝ խնդրելով տրամադրել ինչպես 2020 թվականի 1-ին կիսամյակի քրեական ոլորտի հաշվետվությունը՝ մինչդատական վարույթի գործերի վերաբերյալ, այնպես էլ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իրականացվող վիճակագրությունն առանձին։ Դատական դեպարտամենտը մերժեց երկու հարցումներին պատասխանելը՝ ապօրինի հիմնավորումներով։

Ուսումնասիրել ենք նաև նախքան Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո, մասնավորապես, 2016-2019 թվականների վիճակագրությունը (մանրամասները՝ ստորև բերված գրաֆիկայում)։ 2016-ին դատարանները բավարարել են կալանքի միջնորդությունների 92.8%-ը, 2017-ին՝ 94%-ը, 2018-ին՝ 94.7%-ը, իսկ 2019-ին՝ 90.9%-ը։

Եզրափակում

Տարիներ շարունակ իրավական ոլորտի մասնագետները բարձրաձայնել են, որ դատական համակարգում ձևավորվել է կալանքի կիրառման բացասական պրակտիկա, այդ մասին մշտապես խոսել են իրավապաշտպանները և միջազգային զեկույցների հեղինակները։ Փաստորեն, խնդիրը չի լուծվել, ընդհակառակը՝ դատարանները վերոնշյալ քաղաքական գործերով ոչ թե առողջացման միտումներ են ցույց տալիս, այլ քաղաքական ուղղվածություն բռնում։ 

Գևորգ Թոսունյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»