Իրանցի գեներալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է իր սահմանների լիարժեք պաշտպանությանը

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի օդուժը լիովին պատրաստ է իսլամական հանրապետության սահմանների համալիր պաշտպանությանը: Ըստ նրա՝ Իրանի օդային տարածքը մշտական հսկողության և դիտարկման տակ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով իրանցի զինվորականի խոսքերը:

«Օդաչուները, սպաները և բոլոր մասնագետները, ունենալով փայլուն գիտելիքներ և թռիչքային փորձ, պատրաստ են կատարելու հրամանները ցանկացած պահի», – հայտարարել է Ազիզ Նասիրզադեն:

Աղբյուրը նկատել է, որ իրանցի գեներալի հայտարարությունը հնչեցվում է վերջին իրադարձությունների ֆոնին, երբ հարձակումներ եղան Mercer Street լցանավի վրա Արաբական ծովում և առևտրային նավի վրա՝ Օմանի ծոցում, իսկ արևմտյան երկրներից շատերը, ինչպես նաև Իսրայելը Թեհրանին մեղադրեցին այդ հարձակումների հետ կապ ունենալու մեջ: