«Պատուհանի թակոցն ականջիս ա, մտածում եմ՝ հեսա ներս կմտնի»․ Կարինեն ասում է՝ որդու զոհվելուց հետո աշխարհը փուլ է եկել

51-ամյա Կարինե Մաթևոսյանի մտքով չէր անցնում, որ որդուն կկորցնի պատերազմում, հատկապես որ, որդին ասել էր՝ Մեղրիի զորամասում է և պատերազմին չի մասնակցում։

«Պատերազմի լուրն էղավ, եկեղեցի էի գնում, ասում էի՝ տղես ապահով տեղում ա, Աստված թող էն էրեխեքի հետ լինի, որ Արցախում են, ի՜նչ իմանայի․․․»- պատմում է ու հուզվում Կարինեն։

Կարինեի խոսքով՝ որդին՝ 19-ամյա Համլետ Բադալյանը, շատ գաղտնապահ էր, երբեք չէր ցույց տալիս ո՛չ դժվարությունը, ո՛չ անհանգստությունը։ Այդպիսին էր և՛ բանակում, և՛ պատերազմի ժամանակ, 10 օր մասնակցելով Ջրականի թեժ մարտերին՝ ոչ մի վայրկյան ցույց չի տվել, որ կռվի մեջ է։

Կարինեն որդու զոհվելուց հետո նրա մարտական ընկերներից է իմացել, որ Համլետը հոկտեմբերի 5-ին Մեղրիից Ջրական է տեղափոխվել, 10 օր կռիվների մասնակցել, հետո նորից վերադարձել Մեղրի՝ Նռնաձոր։ Նոյեմբերի 1-ին Նռնաձորում թեժ մարտեր են եղել, նահանջի հրաման է տրվել, սակայն Համլետը չի ենթարկվել և ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։

Կարինեն ասում է՝ որդու զոհվելու լուրն իմանալն այնքան ծանր է տարել, որ ոչինչ չի հիշում՝ ինչ է կատարվել իրենց հետ, ինչպես են հուղարկավորել: 

«Նոյեմբերի 1-ին հենց լուրը հասել էր մեր բարեկամներին, ես ու ամուսինս հիվանդանոցում էինք՝ ամուսինս քիմիաթերապիա էր ստանում, ես էլ քովիդով էի վարակված։ Ոչ ոք չէր համարձակվում մեզ էդ լուրն ասեր, ամսի 3-ին նոր իմացանք, ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ես անգիտակից վիճակում եմ եղել՝ սիստեմաների տակ, բարեկամների պատմելով եմ հիմա որոշ բաներ հիշում՝ աղոտ, երազի պես»,- կսկիծով ասում է Կարինեն։ 

Համլետ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Կարինեն ասում է՝ որդու զոհվելուց հետո տունը դատարկվել է, տղան ծնվել էր 2 աղջիկներից հետո՝ 10 տարի անց։ Տան փոքրն էր ու սիրելին։

«Մեր տան ամեն ինչն էր, փլվեց մեր աշխարհը»,- մորմոքով ասում է մայրը։

Որդու մասին պատմելիս մայրն ասում է՝ պարտաճանաչ էր, մաքրասեր, համեստ, կամեցող։ 

«Ով դիմեր, վազում էր օգնության, բայց գաղտնապահ էր, ինչ անում էր՝ լուռ էր անում, կողքից ասում էին՝ մեր դուռը փակվել էր, Համլետը եկավ բացեց, բայց ինքը երբեք չէր ասի, որ ինչ-որ մեկին օգնել ա»։

Մայրն ասում է՝ որդին համակարգիչների հանդեպ մեծ սեր ուներ, նորոգում էր բարեկամների, ընկերների համակարգիչները։

9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է ինֆորմատիկայի քոլեջ՝ ցանցային օպերատոր բաժինը։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է սրճարաններից մեկում՝ որպես բարմեն։ 

Կարինեն հուզմունքով ու երանությամբ է հիշում, երբ որդին տուն մտնելիս պատուհանն էր թակում, զգուշացնում, որ մայրը դուռը բացի:

«Հիմա պատուհանի թակոցն ականջիս ա, էդ պատին էլ իրա նկարն ա փակցրած։ Ամեն վայրկյան սպասում եմ, մտածում եմ՝ հեսա ներս կմտնի»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am