Խոպանից փող չկա. Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից ՝ աճել

Լուսանկարը՝ «ՋեմՆյուզ»

2020 թվականի գարնան սկզբին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի բռնկումը խախտեց հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող շատ քաղաքացիների ծրագրերը, և նրանք երկար ժամանակ փակվեցին տանը:

Հայաստանի կառավարությունից սահմանները բացելու պահանջով բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացվել, սակայն սահմանները փակ են մնացել երկկողմանի:

Արդյունքում՝ 2020-ին Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է։

Դեպի Հայաստան տրանսֆերտների փոխանցումները հիմնականում իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ հայկական սփյուռքը մեծ է, որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում ՀՀ քաղաքացիները: 2020 թվականին 2019-ի համեմատ ՌԴ-ից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է մոտ 22 տոկոսով։

2019 թվականին արտերկրից Հայաստան տրանսֆերտների տեսքով փոխանցվել է 1 մլրդ 958 մլն 573 հազար դոլար գումար։ Հայաստանից նույն տարում տրանսֆերտների տեսքով դուրս է եկել 1 մլրդ 454 մլն  522 հազար դոլար։ Զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս Հայաստանից դուրս գնացած և Հայաստան փոխանցված գումարների տարբերությունը, եղել է դրական ու կազմել է 504 մլն 020 հազար դոլար։

Սրանք ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված և արտասահման ուղարկված միջոցներն են։  

Ռուսաստանից 2019 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 055 մլն 640 հազար դոլար գումար։ Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 425 մլն 984 հազար դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 629 մլն 656 հազար դոլար։

Հայաստան տրանսֆերտների տեսքով 2020-ին եկած գումարների ծավալը Կենտրոնական բանկը դոլարային արտահայտությամբ դեռ չի հրապարակել։ Դրամով տրանսֆերտները 2020-ին կազմել են 902 մլրդ 409 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ դրամով 2019-ին Հայաստան եկած տրանսֆերտների թիվը կազմել է 939 մլրդ 943 մլն դրամ։

Ռուսաստանի Դաշնությունից 2020 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է փոխանցվել 824 մլն 360 հազար դոլար, Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 459 մլն 593 հազար դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 364 մլն 767 հազար դոլար։

Փոխարենը 2019 թվականի համեմատ կտրուկ աճել է ԱՄՆ-ից փոխանցումների քանակը. եթե 2019-ին ԱՄՆ-ից Հայաստան բանկերի միջոցով փոխանցվել է 280 մլն 911 հազար ԱՄՆ դոլար, ապա այդ թիվը 2020-ին կազմել է 458 մլն 720 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ մասնագետների, եթե ՌԴ-ից ավելի շատ ֆինանսական միջոցներ ուղարկում են ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնածները, ապա ԱՄՆ-ից ավելի շատ մարդասիրական օգնություն է ուղարկվել եւ ուղարկվում պատերազմին հետեւած ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրությունը ևս հաստատում է, որ Ռուսաստանից տրանսֆերտների փոխանցման տեմպերը արդեն 2020-ի գարնանից են նվազել, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, սահմանները փակ էին: 

Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2019-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցվել է, համապատասխանաբար, 83 մլն 924 հազար և 110 մլն 404 հազար ԱՄՆ դոլար, ապա 2020-ի մարտին ֆիզիկական անձանց կողմից ՌԴ-ից ՀՀ ուղարկված գումարները կազմել են 51 մլն 731 հազար, ապրիլին՝ 34 մլն 509 մլն դոլար։

Ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նման պատկերը սպասելի է համարում, թեպետ, իր խոսքով՝ մասնագիտական խոր վերլուծություն չի կատարել: 

«2020-ին մարդ չի կարողացել մեկնել Հայաստանից, համավարակ էր, ճանապարհները փակ էին, հետևաբար ենթադրում եմ՝ պատճառը դա է, որ տրանսֆերտների քանակը նվազել է»,- «Մեդիալաբին»  ասում է Քյուրումյանը: 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից տրանսֆերտների աճին, Քյուրումյանի խոսքով՝ դրանք հնարավոր է՝ անհատական օգնություններ են, որոնք ուղարկվել են պատերազմից տուժած քաղաքացիներին:

Եթե նայում ենք 2020-ին ԱՄՆ-ից ուղարկված ֆինանսական միջոցների մեծությանը ըստ ամիսների, ապա դրանք իսկապես, նախորդ ամիսների համեմատ աճ ունեցել են սեպտեմբեր (46,138 դոլար), հոկտեմբեր (37,668 դոլար), նոյեմբեր (28,402 դոլար) և դեկտեմբեր (29,723 դոլար) ամիսներին:

Փետրվարի 1-ից, ՌԴ-ի հետ երկկողմ պայմանավորվածության համաձայն, ճանապարհները դեպի Ռուսաստան մեկ ամսով բացվել են: Այս հնգշաբթի Կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ նախորդ 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ:

Այն, որ սահմանների բացմամբ արտագաղթ կլինի, ընդունում է նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Պատճառը, ըստ նրա, պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական ծանր վիճակն է: Այդուհանդերձ, պաշտոնյան կարծում է, որ դրանք անցողիկ տրամադրություններ են: 

«Այս պահին ցանկացողներ շատ կլինեն, քան վաղը, դրանք տրամադրություններ են, որոնք ժամանակի ընթացքում կանցնեն: Դեկտեմբերին ավելի շատ կլինեին արտագաղթել ցանկացողները, քան, օրինակ՝ հիմա: Մարդիկ շոկի մեջ են, և նրանք դուրս կգան այդ շոկից»,- ասում է Սինանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am