Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան․ FIP.am

Նախորդ տարվա վերջին Yerevan.Today լրատվականը հրապարակել էր մի նյութ, որով ցույց էր տվել, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը պաշտոնի է նշանակվել՝ ներկայացնելով կեղծ դիպլոմ։ Լրատվականը բացահայտել էր, որ այն համալսարանը, որտեղ սովորել և որն ավարտել էր Արագածոտնի մարզպետը, վերջինիս ուսանելու տարիներին չի ունեցել Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա և հավատարմագրում, ինչը նշանակում է, որ ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմը բարձրագույն կրթության վերաբերյալ հավաստող փաստաթուղթ չի կարող համարվել։

Սակայն սա չի խանգարել, որ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեր Արագածոտնի մարզպետ՝ դրանով խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքը, քանի որ ըստ այդ օրենքի՝ վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել միայն բարձրագույն կրթություն ստացած Հայաստանի քաղաքացիները։

Մոտ մեկ ամիս անց նույն կայքը հրապարակեց մեկ այլ հետաքննություն, այս անգամ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մասին։ Նա ևս, հրապարակման համաձայն, չունի բարձրագույն կրթություն, քանի որ ավարտել է մի համալսարան, որն իր ավարտելուց մեկ տարի անց էր միայն ստացել այդ մասնագիտության համար անհրաժեշտ արտոնագիր։ Այս դեպքում ևս ստացվում էր, որ մարզպետ նշանակված անձը չունի բարձրագույն կրթություն։

Թեմայի վերաբերյալ երեկ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում, լրագրողները հարց ուղղեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, թե ինչպես են բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ նշանակվում մարզպետ։ 

Հարցը ձևակերպելիս լրագրողները, բացի «բարձրագույն կրթություն չունեցող անձից», օգտագործեցին նաև «կեղծ դիպլոմ» բառակապակցությունը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի նախարարը բուն հարցին պատասխանելու փոխարեն սկսի լրագրողի հետ վիճել և ապացուցել, որ դիպլոմը կեղծ չէ։

«Որևիցե մեկի ներկայացրած այդ, դիպլոմ չասենք, փաստաթուղթը կեղծ չի։ Խոսքը գնում է ուրիշ բանի մասին, որ […] այդ կազմակերպությունը, որը կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հավատարմագրված չի։ Դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է․ չի կարելի նման բան ասել»,- հայտարարեց Դումանյանը։

Նախարարը, ինչ խոսք, ճիշտ է այն հարցում, որ փաստաթղթերը կեղծ չեն։ «Կեղծ» նշանակում է ոչ իսկական՝ փոխված, և պաշտոնական փաստաթղթերում նման փոփոխություններ կատարելն ու ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը քրեական հանցագործություն է։ Մարզպետների նման գործողությունների մասին տեղեկություն չկա․ նրանց դիպլոմները հենց այն փաստաթղթերն են, որոնք տրվել են ուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ։

Սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքը պահանջում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձն ունենա բարձրագույն կրթություն, ոչ թե կամայական ավարտական փաստաթուղթ։ Բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունները լիցենզավորվում և հավատարմագրվում են՝ համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի (հոդված 13)։ Թեև բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար պարտադիր է միայն լիցենզավորումը, հավատարմագրման պահանջն առկա է հանրային ծառայության որոշ պաշտոնների անցնելու համար։ 

Եթե հանրային ծառայության պաշտոնի համար բարձրագույն կրթության պահանջ սահմանված է, ինչպես մարզպետների դեպքում է, ապա համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «քաղաքացին պետք է ունենա ինստիտուցիոնալ և (կամ) համապատասխան մասնագիտության ծրագրով հավատարմագրված բուհի շնորհած որակավորում և դիպլոմ» (հոդված 13, ընդգծումը մերն է)։ Համաձայն Yerevan.Today-ի հրապարակումների, որոնք չեն հերքվել նախարարության կողմից, Արագածոտնի և Սյունիքի մարզպետները ներկայացրել են այնպիսի հաստատությունների դիպլոմներ, որոնք առնվազն հավատարմագրում չեն ունեցել։ 

Բուհի հավատարմագրման վկայականը հավաստում է «ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին»։ Այս չափանիշներն են, ըստ էության, ակնկալվում, երբ հանրային ծառայողին ներկայացվում է հավատարմագրված բուհի դիպլոմ ունենալու պահանջը։

Հենց այս մանրամասներն էլ Դումանյանը նրբորեն շրջանցեց հարցին պատասխանելիս՝ կենտրոնանալով դիպլոմների կեղծ լինել֊չլինելու վրա։ 

Ամփոփելով՝ նշենք, որ թեև մարզպետների դիպլոմները կեղծ չեն, բարձրագույն կրթության մասին հավաստող բավարար փաստաթղթեր էլ չեն։ Այն փաստը, որ դրանք տրամադրվել են հավատարմագրում չունեցած ուսումնական հաստատությունների կողմից, թույլ է տալիս պնդել, որ մարզպետները չունեն իրենց պաշտոնների համար օրենքով պահանջվող բարձրագույն կրթությունը։

Փաստերի ստուգման հարթակ