Իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից. իրավապաշտպաններ

Իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից. իրավապաշտպաններ
Իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից. իրավապաշտպաններ

Ոստիկանության գործողություններն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում, մասնավորապես՝ հունիսի 23-ի դեպքերին,  ըստ իրավապաշտպանների, ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն:
 

Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում այս թեմայով քննարկմանը մասնակցում էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը:

«Թե ինչու հունիսի 23-ի առավոտյան կիրառվեց այդ բռնությունը, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ: Ոստիկանությունը իր ամբողջ զինանոցը գործադրեց նստացույցի շուրջ 300 մասնակցի վրա, որոնց կեսն էլ ոստիկանության աշխատակիցներն էին: Այս ուժի կիրառումը ամբողջ զինանոցով ես անվանում եմ ցինիկ, հերթական ուժի ցուցադրում, որպեսզի վախեցնեն քաղաքացիներին, և նրանք հրաժարվեն իրենց բողոքը ցույց տալուց, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա որև է արդյունք չունեցավ»,-ասաց Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ շուրջ 15 օր քաղաքացիական հասարակությունը նստացույց անկացրեց Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:

Սակայն Բաղրամյանի նստացույցի առաջին օրը՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան, ժամը 05:30-ի սահմաններում նստացույց իրականացնող երիտասարդների նկատմամբ ոստիկանությունը կիրառեց բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատեց Բաղրամյան պողոտան: Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանցից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել են բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:

Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն էին ծավալում դեպքի վայրում:

«Իշխանության լեգիտիմության բացակայության, ապաշնորհ և անարդյունավետ քաղաքականության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ նույնիկ փոքր, լոկալ խնդիրները, որոնք կարող են հուզել հասարակության 100 հոգանոց սեգմենտի, իշխանության համար կենսական վտանգ է սկսել ներկայացնել: Հունիսի 23-ի դեպքը խոսում է իրավապահ համակարգի և հանրային կառավարում իրականացնող պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որոշումների սիրողական մակարդակում կայացնելու մասին»,-ասում է քննարկման մասնակից Տիրգրան Եգորյանը:

Նա հավելում է, որ որոշումները չեն կայացվում՝ ելնելով իրավունքի և իրավիճակի օբյեկտիվ քննարկման արդյուքնում:

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից:

«Եվ այն, որ հունիսի 23-ից հետո երկու շաբաթ շարունակ իշխանությունը որևիցե ցուցարարի մատով չկպավ, բացատրվում է նրանով, որ որ իշխանությունը վախենում էր ևս մեկ անգամ բարկացնել ցուցարարներին, որովհետև հասկանում էր, որ սա կարող էր ոչ միայն մարդկանց քանակի բազմապատկման բերել, այլև պահանջների և պայքարի մեթոդների խստացման: Ի տարբերություն բազմաթիվ այլ դեպքերի, այս անգամ որևիցէ ցուցարար մատով որևէ ոստիկանի չի կպել,  սա եղել է բացարձակ խաղաղ ակցիա»,-նշում է Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ 2013-2014  թթ-ին տարբեր տեսակի հավաքաների ժամաանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 286 քաղաքացու, իսկ միայն Բաղրամյան պողոտայի պայքարի ժամանակ հունիսի 23-ին և հուլիսի 6-ին բերման է ենթարկվել ճիշտ նույն քանակով քաղաքացի:

«Այսինքն բոլոր ռեկորդները խփված են, սա պատժիչ գործողություն էր»,-ընդգծում է Իոաննիսյանը:

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Ոստիկանությունը իներցիայով է առաջնորդվել:

«Նույն ժամին Գյումրու թատերական հրապարակից բերման են ենթարկվեկ 13 հոգի, որոնցից մեկը կասկածյալ է, մնացաածը վկաներ: Այդ վկաներին ստիպել են հանվել ոստիականատանը, առգրավվել են նրանց ամբողջ հագուստը և բջջային հեռախոսները: Մի քանի հոգի ասել են նույնիսկ բա մեզ խի՞ չեք տանում, ասել են ավտոների մեջ տեղ չկա: Այսինքն աբսուրդի հասնող գործողություններ են եղել»,-նշում է Բարսեղյանը:

Արման Դանիելյանը հղում է կատարում «Ոստիկանության մասին» օրենքին և նշում, որ ըստ հոդված 12-ի, ոստիկանը այդպիսի միջոցառումների ժամանակ, պետք է կրի սահմանված նմուշի հագուստ:

«Որի վրա պետք է լինի այդ ոստիկանի նույնականացման նշանները, անունը կամ համարը: Բնական է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների վրայի թևկապը, որոնց վրա գրված էր police, ոչ միայն լեզվի մասին օրենք է խախտում, այլև ոստիկանության մասին օրենք: Ոստիկանությունը պանիկայի աստիճանի վախենում է հանրային միջոցառումներից և հեղափոխություններից, բայց միևնույն ժամանակ  ամեն ինչ անում են, որ հասարակությունը իր կարծիքը հասնելու ուրիշ խողովակ չունենա, քան հենց հանրային միջացառումը, որովհետև Ազգային Ժողով չունենք, Հանրային խորհուրդ չունենք: Միակ ձևը, որ ուզում ես  քո ձայնը հասցնես իշխանություններին, պետք է դուրս գաս փողոց»,-հավելեց Դանիելյանը:

Նշենք, որ «Մեդիա կենտրոնը» հրավեր էր ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն և Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներ, սակայն այս կառույցներից հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:
 
Բանավեճի ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ: