Նախևառաջ խնդիրը Սահմանադրության լեգիտիմությունն է, երկրորդ հերթին որոշակի բովանդակային փոփոխություններ կատարելը. Արտաշես Խալաթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ձեր գնահատականն եմ խնդրում, իսկապե՞ս Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։

– Պետք է նշել, որ Սահմանադրության մասին վարչապետը խոսել է բազմիցս, ու նոր Սահմանադրություն ունենալու հիմնական նպատակներից մեկը Սահմանադրության՝ որպես բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթի լեգիտիմության ապահովումն է, այսինքն՝ 1995 թվականից սկսած բոլոր սահմանադրական հանրաքվեների օրինականության ու արժանահավատության վերաբերյալ առկա են խոր հանրային կասկածներ, ինչն արժեզրկում էր և՛ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, և՛ սահմանադրականությունը՝ որպես սոցիալ-իրավական երևույթ ու, որպես դրա հետևանք, գնալով խորանում էր նաև պետության, պետականության, ժողովրդավարության ճգնաժամը։ 

Հետևաբար, այնպիսի հիմնարար քաղաքական փոփոխությունից հետո, ինչպիսին 2018-ի թավշյա հեղափոխությունն էր, տրամաբանական է, որ դրան պետք է հաջորդի նաև նոր Սահմանադրության ընդունումը, նախ, ինչպես նշեցի, արժանահավատ, օրինական ու թափանցիկ հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրություն ունենալու համար, երկրորդը՝ նոր սկիզբ խորհրդանշելու համար: Այդպիսով մի մեծ քաղաքական բաժանարար գիծ կքաշվի նախքան 2018-ը եղած Հայաստանի ու դրանից հետոյի Հայաստանի միջև, ու, ինչ-որ առումով, կկարողանանք այդ երկու Հայաստանը, ինչպես ասում են, հաշտեցնել՝ հստակ արձանագրելով նաև այդ բաժանումը։ Բնական է, որ սահմանադրական փոփոխությունների կատարումը կդիտվեր լոկ հերթական ձևական գործընթաց, ու նաև թույլ չէր տրվի քաղաքական ու իրավական առումով տարանջատվել նախընթաց բռնապետական քաղաքական ռեժիմից՝ 2018-ին նախորդած։ 

– Նոր Սահմանադրության կյանքի կոչման գործընթացն ի՞նչ փուլեր է ենթադրում, շա՞տ ժամանակատար գործընթաց է լինելու։ 

– Նախ պետք է լինի նոր Սահմանադրության նախագիծը, որը գործադիրը պետք է ուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը պետք է դա հաստատի, որից հետո այն պետք է դրվի հանրաքվեի։ Գործընթացն ինքնին արագ չէ, բայց միաժամանակ այնքան էլ մեծ ժամանակ չի խլի, մեծ ցանկության դեպքում ամբողջ գործընթացը կարելի է մեկ տարում ավարտել: Իհարկե, արդյունքը կանխորոշված չէ այնքանով, որքանով եթե ժողովուրդն է վերջնական դատավորը, ապա այդ առումով, գուցեև նոր Սահմանադրությունը չընդունվի, բայց բուն գործընթացը, բոլոր պայմանների ապահովման պարագայում, կարող է մեկ տարում ավարտվել։ 

Հաշվի առնելով, որ արդեն քանի տարի այդ գործընթացը խմորվում է, եղել է մեկ այլ հանձնաժողով, հետո քովիդի ու պատերազմի պատճառով ընդհատվել է դրա գործունեությունը, հետո նոր հանձնաժողով է ստեղծվել, որքան նաև ես գիտեմ, այդ նախորդ հանձնաժողովի աշխատանքը փոխանցվել է այս հանձնաժողովին, այսինքն՝ բոլոր դեպքերում գործընթացը զրոյից չի սկսվել, ու, ըստ էության, մենք ունենք մի քանի տարի խմորվող գործընթաց։

– Պարո՛ն Խալաթյան, իսկ հանրաքվեից հետո ի՞նչ արդյունք պետք է լինի, որ այս կամ այն փոփոխությունը համարվի ընդունված։

– Նախագիծը կընդունվի, եթե դրան կողմ քվեարկի հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-րդը։

– Որպես մասնագետ՝ կասեք՝ գործող Սահմանադրության մեջ ի՞նչ փոփոխություն կառաջարկեիք դուք։

– Իրականում, եթե անգամ մեկ տառ չփոխվի գործող Սահմանադրության մեջ, որպեսզի ապահովվի Սահմանադրության լեգիտիմությունը, այն պետք է կրկին դրվի հանրաքվեի։ Սահմանադրությունը օրինական, թափանցիկ ու արժանահավատ հանրաքվեով ընդունելն այսօր գերկարևոր իրավաքաղաքական խնդիր է։

– Այսինքն՝ խնդիրն այդ փաստաթղթի լեգիտիմությո՞ւնն է։ 

– Նախևառաջ լեգիտիմությունն է, երկրորդ հերթին նոր դրանում որոշակի բովանդակային փոփոխություններ կատարելը։ Եթե անցնենք բովանդակային փոփոխություններին, ապա ես համակարծիք եմ, որ գործող խորհրդարանական կառավարման ձևը՝ որպես Սահմանադրության հիմնական ինստիտուտներից մեկը, չպետք է արմատապես վերանայվի, այսինքն՝ չպետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի, որովհետև համակարգային նոր ցնցումներն ամենևին չեն նպաստի իշխանական համակարգի կայունությանը, քանի որ, ըստ էության, աստիճանաբար ձևավորվում է նոր խորհրդարանական կառավարման ձևին ներհատուկ քաղաքական պրակտիկա, նաև հանրության մեջ արդեն ձևավորվում է նախագահի ու վարչապետի՝ որպես նոր կառավարման ձևի պայմաններում սահմանադրական ինստիտուտների տարբերությունները, ակնկալիքները այդ ինստիտուտներից յուրաքանչյուրից, խորհրդարանի նկատմամբ է փոխվում վերաբերմունքը, պետական ինստիտուտների միջև սահմանադրական փոխհարաբերությունների պրակտիկա է ձևավորվում, ու այդ ամենը կասեցնելն ու նորից համակարգափոխություն անելն ավելի շատ կվնասեն, քան կօգնեն Հայաստանի ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը։ 

Պետք է ձևավորվեն կայուն սահմանադրական պրակտիկա ու վարքաբանության մշակույթ, այդ առումով, ես ավելի շուտ կողմնակից եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը բարեփոխվի, ելակետ ընդունելով այն, որ վարչապետակենտրոն համակարգը պետք է փոքր-ինչ ապակենտրոնացվի, այսինքն՝ Կառավարությունից ու հատկապես վարչապետից կարելի է որոշակի լիազորություններ վերցնել ու վերապահել կա՛մ խորհրդարանին, կա՛մ նախագահին։ 

Սահմանադրության հակաճգնաժամային լուծումներ առաջարկելու զինանոցը պետք է հարստացնել, օրինակ՝ այն պարագայում, երբ դու ունես խորհրդարանական ճգնաժամ, ինչպիսին էր 2018-ի հեղափոխությունից հետո, բայց Սահմանադրությունը դրա համար գործուն մեխանիզմներ չէր առաջարկում, ու վարչապետը ստիպված եղավ ձևականորեն հրաժարական տալ, հետո երկու անգամ չընտրեցին, որպեսզի խորհրդարանը լուծարվեր։ 

Զարգացած խորհրդարանական կառավարման երկրներն այլ լուծումներ են առաջարկում տվյալ պարագայում, օրինակ՝ նախագահի՝ որպես Սահմանադրության երաշխավորի կողմից խորհրդարանի արձակումը։ Կան նաև այլ ինստիտուցիոնալ հարցեր, որոնք պետք է վերանայվեն, բայց բուն քաղաքական առումով շատ կարևոր է Սահմանադրության ընդունումը իրականում ժողովրդի կողմից, ինչը նաև հանրային կոնսենսուսի համար շատ կարևոր նշանակություն կունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am