«Տուրիզմի համար պակաս տեղ չկա… դրսի մարդկանց ձգում են սարերը». Սիսիանում զարգանում է զբոսաշրջությունը՝ իր հետ բերելով նոր հնարավորություններ

«Տուրիզմի համար պակաս տեղ չկա… դրսի մարդկանց ձգում են սարերը». Սիսիանում զարգանում է զբոսաշրջությունը՝ իր հետ բերելով նոր հնարավորություններ
«Տուրիզմի համար պակաս տեղ չկա… դրսի մարդկանց ձգում են սարերը». Սիսիանում զարգանում է զբոսաշրջությունը՝ իր հետ բերելով նոր հնարավորություններ

Մասնագիտությամբ ինժեներ Սասուն Բաղդասարյանը խորհրդային արտադրության «Վիլիսով» զբոսաշրջիկների հերթական խմբին ուղեկցում է դեպի Ուխտասար։ Պատմում է, որ խորհրդային ամենագնացների նկատմամբ տուրիստների հետաքրքրությունը մեծ է, հաճախ հենց իրենք էլ վարում են։

«Մի անգամ մի իտալուհի զբոսաշրջիկ «Վիլիսը» որոշեց վարել հենց լեռներում։ Առաջին 4 կիլոմետրի ընթացքում երկու անգամ գրեթե շրջվում էինք, բայց ճանապարհի մնացած մասում սովորեց, ու բարեհաջող տեղ հասանք»,- ծիծաղելով հիշում է 12 տարի վարորդ և զբոսավար աշխատող Բաղդասարյանը։

3582 մետր բարձրություն ունեցող՝ սապատավոր ուղտ հիշեցնող լեռը գտնվում է Սիսիանից 30 կմ հեռավորության վրա։ Դեպի այստեղ փորձառությունը տևում է հինգ ժամ, որից երեք ժամը ծախսվում է Ուխտասարի լիճ հասնելու և վերադառնալու ճանապարհի վրա։

Փորձառությունը ներառում է նաև քայլարշավներ, նայած տուրիստի ցանկությանը, lunch box-երով նախաճաշ Ուխտասարի լճի մերձակայքում։ Մինչև չորս հոգանոց խմբերի ընդհանուր արժեքը կազմում է 60 հազար դրամ։

Զբոսավար Բաղդասարյանը փորձագետին բնորոշ գնահատական է տալիս վերջին տարիներին Սիսիան այցելող զբոսաշրջիկների հոսքին. այս տարի զբոսաշրջային սեզոնն ուշ սկսվեց, բայց բուռն ընթացք ստացավ։

«Գուցե ֆուտբոլի աշխարհի առաջնությո՞ւնն էր պատճառը, թե՞ մեր բախտից էր։ Դինամիկան շատ ավելի լավն էր մինչև 2008 թվականը, դրանից հետո քաղաք մտնող ճանապարհների, մի շարք ենթակառուցվածքների բացակայության պատճառով հոսքը սկսեց նվազել։ Զբոսաշրջիկները ձգվում են դեպի Տաթևի ճոպանուղի, Գորիս, տարբերությունը, ըստ երևույթին, շատ մեծ է։ Սիսիանը կարիք ունի ներդրումների։ Այստեղ մի քիչ իներտ վիճակ է, գուցե եթե հոսքը լինի, մարդիկ արդեն ոգևորված կգնան ներդրումների»,- ասում է Բաղդասարյանը։

Խորհրդային շրջանում Սիսիանում զարգացած էին գյուղատնտեսությունը, անասնապահությունը, ինչը հետխորհրդային տարիներին սկսեց անկում ապրել։ Տարածաշրջանի հարուստ բնությունը և պատմամշակութային հուշարձանները աստիճանաբար սկսեցին խթան հանդիսանալ այս տարածքում զբոսաշրջության զարգացման համար։

Սիսիանում գործող «Բասեն» հյուրանոցային համալիրի տնօրեն Հասմիկ Ազոյանը նշում է. բացի գյուղատնտեսությունից ու անասնապահությունից, Սիսիանն ունի զարգացման այլընտրանք։

«Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց ապացուցենք, որ Սիսիանը ունի տուրիզմի զարգացման ներուժ, նկատի ունեմ՝ տեղացիներին, դրսի մարդը շատ ավելի հեշտ է տեսնում այդ ներուժը։ Սիսիանի համար մրցակից է Գորիսը։ Եթե ես զբոսաշրջիկ եմ, ուզում եմ գնալ Սյունիք ու չգիտեմ`Սիսիա՞ն թե՞ Գորիս, ապա ընտրում եմ Գորիսը, որտեղ գրեթե 40-ից ավելի հյուրատներ ու հյուրանոցներ կան։ Մինչդեռ Սիսիանում ընդամենը 3-4 գիշերակացի հաստատություն ունենք»,- ասում է Հասմիկ Ազոյանը։

Մասնագիտությամբ մշակութաբան, քայլարշավային զբոսավար Ալլա Երեմյանը նույնպես նշում է Գորիսի գերակայության մասին։

«Տաթևի ճոպանուղին զարկ տվեց տուրիզմի, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի զարգացմանը, ծառայությունների որակի լավացմանը։ Սիսիանում քանակի ու սպասարկման ոլորտի բացակայությունն ինքնին ազդում է տուրիզմի զարգացման վրա։ Բայց ամեն դեպքում փորձում ենք նպաստել առաջընթացին»,- ասում է 23-ամյա Երեմյանը, ով վերջերս է վերապատրաստվել «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության և զբոսաշրջային ծրագրի շրջանակում՝ որպես զբոսավար։

«Իմ Հայաստան» ծրագիրը փորձում է մեծացնել դեպի Սիսիան զբոսաշրջիկների հոսքը՝ օգտագործելով տարածաշրջանի թե՛ աշխարհագրական, թե՛ մարդկային ռեսուրսները։

«Սարեր, կիրճեր, դաշտեր։ Մարդկանց համար, ովքեր գալիս են հարթավայրերից, անսովոր են մեր լեռները։ Գերմանական շուկայի հետ եմ հիմնականում աշխատում։ Գալիս են տուրիստական գործակալություններով, նաև անհատ ճանապարհորդներ։ Նրանք, ովքեր երկրորդ անգամ են գալիս, իրենց հետ նոր մարդիկ են բերում։ Ամեն դեպքում, զարգացումը նկատելի է»,- ասում է Ալլա Երեմյանը։

Զբոսաշրջիկների հոսքի աճը փաստում է նաև «Բասեն» հյուրանոցային համալիրի տնօրեն Հասմիկ Ազոյանը, նշելով, որ միայն այս տուրիստական սեզոնին սպասարկել են հազար մարդու։

«Մոտավորապես 10 տոկոս Ուխտասարի տուրերի վաճառքից ենք ունեցել։ Ունենք հատուկ զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են Ուխտասար բարձրանալու համար, սա արդեն փաստ է: Երբ բուքինգ են անում, նախօրոք հարցնում են՝ կարո՞ղ են գնալ Ուխտասար, թե՞ ոչ։ Այս տարի նկատելի էր հատկապես ռուս զբոսաշրջիկների աճը»,- ասում է Ազոյանը։

Տուրիստների հոսքի ավելացումը նշանակում է աշխատանք տեղացի վարորդների, զբոսավարների համար, ովքեր նույնպես վերապատրաստման դասընթացների են մասնակցել։

«Չորս կամ վեց հոգանոց խմբի հետ ունենում ենք մեկ վարորդ, պատկերացրեք՝ երբեմն սպասարկում ենք մինչև 40 հոգանոց խմբեր, ինչը նշանակում է 5 կամ 6 վարորդի և ամենաքիչը մի 3 զբոսավարի զբաղվածություն ենք ապահովում։ Եթե հաշվենք նաև լանչերը, այդ առումով էլ ենք աշխուժություն ունենում։ Ամբողջ մեր առևտուրը տեղում ենք անում»,- ներկայացնում է Ազոյանը։

Վարորդ-զբոսավար Սասուն Բաղդասարյանն էլ թվարկում է տեսարժան վայրերը՝ Ուխտասար, Որոտնավանք, Թանգիի կամուրջ, Քարի երգեհոններ…

«Տուրիզմի համար պակաս տեղ չկա։ Գալիս են լեհեր, ֆրանսիացիներ, իտալացիներ, գերմանացիներ, Ամերիկայից, դրսի մարդկանց ձգում են սարերը։ Միայն Ուխտասարն իր հարակից տարածքներով քայլարշավի, ավտոարշավի, ճամբար խփելու, գիշերելու համար իդեալական վայր է»,- ասում է 59-ամյա վարորդ-զբոսավարը։

Սիսիանում զբոսաշրջիկների հոսքը Ուխտասար հատկապես աշխուժացել է 2012 թվականին մեկնարկած հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ուսումնասիրություններից հետո։ Հալլեի համալսարանի հնագիտության դասախոսները և ուսանողները Հայաստանի մասնագետների հետ համատեղ երեք տարի շարունակ ուսումնասիրել են Սյունիքի բարձրավանդակում պահպանված ժայռապատկերները։

«Արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց 7500 որձաքար`11 հազար ժայռապատկերներով, ինչը, կարծում եմ՝ հսկա ժառանգություն է։ Ասեմ, որ արշավախմբի անդամները մեր հյուրանոցում էին մնում։ Մենք էլ էինք մասնակցում նրանց աշխատանքներին, բարձրանում լեռները, կրթվում ինչ-որ տեղ, ինֆորմացիա ստանում»,- պատմում է Ազոյանը։

Զբոսաշրջության զարգացման համար Սիսիանում օգտագործում են նաև մարդկային ներուժը։ Քաղաքում ապրում են հայտնի վարպետներ, որոնք հյուրընկալում են զբոսաշրջիկներին, մասնակից դարձնում իրենց աշխատանքներին։

Խեցեգործ Վահագն Համբարձումյանը կնոջ` Զառա Հովհաննիսյանի հետ, ով նկարչուհի է, բատիկի վարպետ, ինը տարի առաջ հիմնադրել է «Սիսիան կերամիքս» արվեստանոցը։

Արվեստանոցի բակում շինարարական եռուզեռ է տիրում։ Խեցեգործ Համբարձումյանն ասում է՝ հյուրատուն են կառուցում, որը սկզբում կծառայի որպես հյուրասիրության վայր, զբոսաշրջիկները նաև հնարավորություն կունենան արվեստանոցում իրենց ձեռքերը թաթախել կավի մեջ, զգալ խեցեգործության հմայքը։

«Ավելի ուշ նաև փոքրիկ հյուրատուն կունենանք, աստիճանաբար ենք առաջ գնում, միանգամից մեծ ներդրում անելը արվեստագետ մարդու համար դժվար է, բայց առաջ ենք գնում։ Համագործակցում ենք նաև քաղաքում գործող հյուրատների հետ, նրանք մեզ մոտ են ուղարկում զբոսաշրջիկներ»,- ասում է Համբարձումյանը։

Տասը հոգանոց խմբերի խեցեգործության փորձառությունը տևում է մոտ երկու ժամ, իսկ վարպետության դասի արժեքը 6500 դրամ է։ Արվեստանոցում գործում է նաև բատիկ տեխնոլոգիայով վարպետության դաս, որի արժեքը մեկ անձի համար 8000 դրամ է։

Այս տարի ամռանը ամուսինները՝ որպես «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներ, մասնակցել են Վաշինգտոնի ազգային պուրակում տեղի ունեցած «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին՝ ներկայացնելով հին հայկական խեցեգործությունը։

«Հետաքրքրությունը մեծ էր։ Շատերն են ցանկություն հայտնել, որ սպասելու են հրավերի, գալ և Հայաստանում ուսումնասիրել հայկական խեցեգործությունը։ Երբ զբոսաշրջիկը հասկանում է, թե ինչ կերպ է պատրաստված իրը, անպայման ցանկանում է ունենալ։ Մենք կավը թրծում ենք հինգ անգամ, ամեն փուլից առաջ տարբեր նյութերով մշակելուց հետո` կաթ, խեժ, մեղրամոմ…»- պատմում է Համբարձումյանը։

Սիսիանի խիստ ձմեռները չեն նպաստում տարածաշրջանում տուրիզմի սեզոնի երկարեցմանը։ Հոկտեմբերից հետո զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազում է հինգ անգամ։

Հասմիկ Ազոյանը նշում է, որ ձմռանը կարծես կտրվում են արտաքին աշխարհից, որի պատճառն են ենթակառուցվածքները, վատ ճանապարհները։

«Մինչդեռ հրաշալի պայմաններ ունենք դահուկասպորտի զարգացման համար։ Մեր Իշխանասարը Սյունիքի բարձրավանդակի երկրորդ բարձրությունն է`3550 մետր բարձրությամբ, բավականին լավ թեքություն ունի։ Ունեցել ենք խմբեր Ավստրիայից, Գերմանիայից, Հորդանանից, որոնք հատուկ գալիս են կուսական ձյան վրայով սահելու համար, ինչը կոչում են wild skiing՝ վայրի դահուկասահք»,- ասում է Ազոյանը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am