Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն  հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։

«Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։