Ուսադիրների ծանրությունն ու պատիվը. Լիլիթ Ջհանգիրյանը՝ Սիսիանի «սոցիալական» ոստիկանը

Լիլիթ Ջհանգիրյանը չորս տարի առաջ սպասարկեց ընտանեկան բռնության առաջին դեպքը։ Այդ ժամանակ լավ չէր պատկերացնում՝ ինչի հետ գործ ունի։ Հիմա՝ տարիներ անց, անգամ գիշերը՝ ժամը 4.00-ին, կհագնի սիրելի համազգեստն ու կլինի դեպքի վայրում, կհետևի խուզարկությանը և իր ղեկավարած խմբի աշխատանքներին։ Ժամերով կսպասի, մինչև բռնության ենթարկված անձը պատրաստ կլինի խոսելու։ Գիտի Սիսիանի բոլոր բռնարարներին, սակայն համայնքում որևէ մեկի համար ինքն «ընտանիք քանդող» չէ:

«Երբ ոստիկանի կայացրած որոշումները հիմնավոր են և փաստարկված, երբ թե՛ բռնության ենթարկված անձը, թե՛ բռնարարը տեղեկացված են իրենց իրավունքների և պարտականությունների մասին, որևէ մեկը չի հանդգնի ասել, թե ոստիկանը կողմնակալ է եղել կամ չարաշահել է լիազորությունները։

Մյուս կողմից՝ օրենքի իմացությունը և դրա շրջանակում գործելու կարողությունը թույլ են տալիս առավել վստահ լինել կայացրած որոշումների իրավացիության մեջ։ Այլապես զգացողությունը, թե սխալ որոշում ես կայացնում մարդու ճակատագրի հետ կապված հարցերում, անտանելի կլինի»,– ասում է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Ջհանգիրյանը։

1, 2… 25. Ընտանեկան բռնությունն «ընտանեկան խնդիր» չէ

Ընտանեկան բռնությունը՝ որպես այդպիսին, Հայաստանում իրավական ձևակերպում ստացավ միայն 2018-ին, երբ Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը։ 

Ընտանեկան բռնությունն առաջին հերթին մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Այդ առումով Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակն է բռնության կանխարգելումը, բռնության ենթարկված անձի պաշտպանությունը և բռնություն իրագործածների պատիժը: Այն երաշխավորում է բազմապրոֆեսիոնալ արձագանք, աջակցման մեխանիզմներ։ 

Մայոր Ջհանգիրյանը ընտանեկան բռնության դեպքերով զբաղվում է 2018 թվականից։ Առաջին դեպքը, որը պետք է սպասարկեր, նախկին փեսայի կողմից զոքանչի նկատմամբ կիրառված բռնությունն էր։ Խոստովանում է՝ եթե հիմա փորձի գնահատական տալ իր գործողություններին, ապա դրանք «մոտավոր» կանվանի։ Օրենքը նոր էր, մեխանիզմները՝ քիչ, ինքը՝ անփորձ։ Հիմա արդեն կուտակած փորձը թույլ է տալիս ոչ միայն արագ կողմնորոշվել, հստակ գործել, այլև վերլուծել մի շարք հանգամանքներ:

«Կարող եմ վստահ ասել, որ ընտանեկան բռնությունը եթե չի կանխվում, գնալով ահագնանում և ավելի ագրեսիվ է դառնում։ Նույն այդ դեպքը, երբ նախկին փեսան բռնություն էր գործադրել զոքանչի նկատմամբ, հետագայում վերածվեց կրկնվող բռնության՝ շուրջ 25 անգամ, որը տարածվեց նաև նախկին կնոջ վրա։ Փոխվում են նաև բռնության ձևերը՝ մի ապտակից վերածվելով ոտքով հարվածների կամ որևէ առարկայի գործադրմամբ դաժան ծեծի։ Եվ ոստիկանն ամեն անգամ իր վրա զգում է այդ հարցի ծանրությունը՝ ինչպե՞ս կոտրեմ այս արատավոր շղթան»,– ասում է մայոր Ջհանգիրյանը։

Սիսիանում ընթացիկ տարվա ընթացքում բռնության 13 նոր և 5 կրկնվող դեպք է գրանցվել։ Անցնող 4 տարիներին բռնարարների նկատմամբ կալանավորման միայն 2 դեպք է գրանցվել Սիսիանում, ինչը մայոր Ջհանգիրյանն իր անձնական հաջողությունն է համարում։

Օրենքի անկատարությունն ու անպատժելիությունը

Չնայած օրենքի ընդունմանը՝ մայոր Ջհանգիրյանը համարում է, որ այն դեռևս բարելավման կարիք ունի՝ միջազգային չափանիշներին և Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 4 հենասյուներին համապատասխանելու համար։ 

Նա համոզված է՝ օրենքի բացերը հաճախ բարդացնում են ոչ միայն ոստիկանի աշխատանքը, այլև բռնության ենթարկված անձի կյանքը:

«Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերը ոստիկաններին զրկեցին հետաքննություն իրականացնելու գործառույթից։ Հիմա վարույթի նախաձեռնումը քննչական գործողություն է։

Ըստ էության՝ ստացվում է, որ բռնության ենթարկված անձը չգիտի՝ ումից ակնկալել իր խնդրի լուծումը։ Նա ստիպված է մի քանի անգամ տարբեր պատասխանատուների պատմել իր հետ կատարվածը, իսկ դա հոգեկան տառապանք է պատճառում նրան։ Բացի այդ, կանխարգելման մեխանիզմները ևս բարելավելու տեղ ունեն. ես համոզված եմ, որ տուգանքը հետ չի պահի բռնարարին, և ավելացնում է բռնության կրկնության ռիսկը։

Բռնարարը պետք է հստակ իմանա, որ իր գործողությունները նախևառաջ սպառնում են իր ազատությանը, այլապես նա իրեն անպատժելի է համարում։ Քանի որ օրենքը համեմատաբար նոր է, տեսուչները վախենում են քրեական գործ հարուցել, սխալվել, դատավորները խուսափում են պաշտպանական միջոց նշանակել։ Բայց իմ փորձը ցույց է տալիս, որ հատկապես բռնության կրկնությունը կանխելու համար կալանավորումը, թեկուզ 10 օրով, ամենագործող մեխանիզմը կլինի»,– ասում է մայոր Ջհանգիրյանը։

Կոչումը՝ սոցիալական ոստիկան

Մայոր Ջհանգիրյանն ասում է՝ ընտանեկան բռնության դեպքերը սպասարկելը ամենաբարդ աշխատանքն է ոստիկանի համար։ Նման դեպքերում ոստիկաններին սովորեցնում են արձանագրել այն և զերծ մնալ պատճառահետևանքային կապեր փնտրելուց։ Նա նաև նշում է, որ օրենքի ընդունումից հետո տևական ժամանակ այն կիրառում էին միայն ոստիկանները, մինչդեռ դրանում առկա սոցիալական աջակցության բաղադրիչները և կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են, հատկապես՝ բռնարարի վերականգնողական ծրագրերը, որոնք մինչ օրս էլ բավարար չափով չեն գործում։

Ըստ նրա՝ թեև ավելացել են բռնության ենթարկված անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունները, իր փորձը ցույց է տալիս, որ կանայք սկզբունքորեն հրաժարվում են տեղափոխվել ապաստարաններ և, որպես կանոն, օգտվում են հիմնականում պետության տրամադրած դրամական աջակցությունից, որը տրվում է այլ բնակտարածք վարձակալելու կամ առաջնային սոցիալական խնդիրները լուծելու համար։ Նրանց թվում է, թե որոշ ժամանակ բռնարարից հեռու լինելը փրկություն է, սակայն գրեթե միշտ նրանք հրաժարվում են հոգեբանական աջակցությունից:

«Որպես տրավմատիկ իրավիճակներում հայտնված անձանց հետ աշխատող մարդ՝ կարող եմ ասել, որ շատ կանայք չեն պատկերացնում հոգեբանական այն վիճակը, որում գտնվում են։ Շատերն անգամ չգիտեն՝ ինչ է հոգեբանական բռնությունը։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ իրավիճակին իրավական գնահատական տալուն զուգահեռ՝ թե՛ բռնության ենթարկվածի, թե՛ բռնարարի, թե՛ բռնության ականատեսների, առավել հաճախ՝ երեխաների հետ լուրջ հոգեբանական աշխատանք պետք է տարվի»,– ասում է մայոր Ջհանգիրյանը ու կատակում՝ հենց նման մոտեցման համար է, որ ոստիկաններին վերապատրաստող մասնագետներն իրեն «սոցիալական ոստիկան» են անվանում։

Մայոր Լիլիթ Ջհանգիրյանը կարծում է, որ բռնության ձևերի և դրանց կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը կօգնի ոչ միայն ոստիկաններին, այլև բռնության ենթարկված անձանց, սակայն այս պարագայում ևս ռիսկեր կան. հաճախ բռնության դեպքերի լուսաբանումը ոչ թե օգնում, այլ վնասում է։ Նման դեպքերից խուսափելու համար Եվրոպայի խորհուրդը հատուկ լրագրողների և ԶԼՄ աշխատակիցների համար մշակել է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ուղեցույց, որը հնարավորություն է տալիս բռնության թեմաները լուսաբանել մասնագիտական և ոչ սենսացիոն ձևով։

Կրթությունը՝ որպես փրկօղակ

Լիլիթ Ջհանգիրյանը խոստովանում է՝ որքան էլ փորձառու լինես, չես կարող անտարբեր անցնել ուրիշի ցավի ու տառապանքի կողքով։ Ուրիշի հոգսը նաև քոնն է դառնում, և ինքդ էլ չես նկատում, թե ինչպես են իրար վրա կուտակվում բոլոր սթրեսները:

«Հիմա արդեն համոզված եմ, որ միայն կրթությունը կարող է օգնել մեզ՝ ոստիկաններիս, չայրվել մեր աշխատանքում, պահպանել սառը միտքը, սթափ դատողությունը։ Որքան ավելանում են գիտելիքներդ, այնքան հեշտ է դառնում ստեղծված իրավիճակից ելք գտնելը»,– ասում է նա։

Մայոր Ջհանգիրյանը մեկն է այն 115 ոստիկաններից, որոնք մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, որոնց նպատակն է կատարելագործել ոստիկանության աշխատակիցների կարողությունները, որոնք ուղղված են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերում միջազգային չափանիշների արդյունավետ կիրառմանը, համապարփակ արձագանքի և պաշտպանության մեխանիզմների, զոհակենտրոն մոտեցման ապահովմանը և կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից տուժած կրկնակի զոհականացման բացառմանը։

Նա նշում է՝ վերապատրաստման դասընթացների մասնակցությունը ոչ միայն նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու հնարավորություն է, այլև գործընկերների միջև արդյունավետ համագործակցության ստեղծում:

«Մենք շատ լավ փորձառություն ունենք. տարբեր մարզերից միասին վերապատրաստման մասնակցած գործընկերներով ունենք ընդհանուր զրուցարաններ, որտեղ ամենօրյա ռեժիմով քննարկում ենք մեզ հանդիպած դեպքերը, դրանց առանձնահատկությունները, լուծումները։ Փորձի փոխանակման այս տարբերակը շատ կարևոր է, որովհետև ընտանեկան բռնության դեպքերը չափազանց տարբեր են, ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, իսկ օրենքը մի շարք բացեր ունի, և շարունակական կրթությունն ու փորձի փոխանակումը չսխալվելու միակ տարբերակն է դառնում»,– ասում է մայոր Ջհանգիրյանը։

Նա վստահեցնում է՝ ընտանեկան բռնության գործերի վրա աշխատող ոստիկանի համար մշտական երկընտրանք է՝ լինել շարքային քաղաքացի, կարեկից մարդ, թե՞ գործել միայն օրենքով և լիազորությունների շրջանակում։ Մայոր Ջհանգիրյանն ասում է՝ առաջինի գայթակղությանը չտրվելու և օրենքի շրջանակում գործելու հարցում շարունակական կրթությունն առանձնահատուկ նշանակություն ունի:

«Ես միակ կինն եմ մեր խմբում, նաև՝ կոչումով բարձրը։ Ես հասկանում եմ, որ գործնականում հնարավոր չէ միաժամանակ վերապատրաստել բոլոր ոստիկաններին։ Հենց այդ պատճառով է, որ անձամբ եմ ներկա լինում բոլոր դեպքերին, որովհետև գիտեմ՝ իմ ստացած գիտելիքները միայն իմը չեն, ես դրանք պետք է կիսեմ իմ խմբի մյուս անդամների հետ, և գործնականում դա անելը շատ ավելի արդյունավետ է լինում։ Սա օգնում է նաև հետագայում խուսափել իրավական անճշտություններից, որոնք կարող են բռնարարին հնարավորություն տալ խուսափել պատժից»,– ասում է նա։

Ուսադիրների ծանրությունն ու պատիվը

Ոստիկանության մայոր Լիլիթ Ջհանգիրյանը խոստովանում է՝ անցնող տարին իր պրակտիկայում ամենաբարդն էր. և՛ բռնության դեպքերն էին շատ, և՛ կրկնվողները։ Եվ չնայած դրան՝ մայոր Ջհանգիրյանը չի տրտնջում։ Արդեն շուրջ 18 տարի ոչ մի օր չի ուշացել աշխատանքից։ Օրվա ցանկացած ժամի դեպքի վայրում է:

«Չնայած կուտակած փորձին՝ ո՛չ ուսադիրների ծանրությունը, ո՛չ դրա պատիվը երբեք չեն պակասել, իսկ ամեն ավելացող աստղի հետ ավելանում է պատասխանատվությունը, որ զգում եմ գործիս հանդեպ»,– ասում է նա։ 

Հիմա մայոր Ջհանգիրյանը սպասում է ոստիկանության փոխգնդապետի կոչմանը ու դրա հետ ավելացող պատասխանատվությանը։

Հոդվածը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։ Սույն հոդվածում արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չհամընկնել Եվրոպայի խորհրդի կարծիքի հետ։