Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ և ցուցադրել իր բունկերը: Այս մասին հայտնում է Current Time-ը։
«Այսօր ուղիղ չորս տարի է, ինչ Պուտինը «երեք օրում գրավում է Կիևը»։ Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության, այս ամբողջ ընթացքում Ուկրաինայի պայքարի մասին։ Այս խոսքերը մեր միլիոնավոր մարդկանց մասին են՝ մեծ քաջության, քրտնաջան աշխատանքի, տոկունության և այն երկար ճանապարհի, որն Ուկրաինան անցել է փետրվարի 24-ից ի վեր», – նշել է նա։
Զելենսկին ուղերձը տեսագրել է Բանկովա փողոցում գտնվող նախագահական գրասենյակի ստորգետնյա բունկերից։ Նա նշել է, որ լայնածավալ պատերազմի առաջին օրերին հենց այնտեղ է անցկացրել իր առաջին բանակցությունները, որտեղ աշխատում էին հարյուրավոր մարդիկ։ Նրա խոսքով՝ բունկերում կառավարությունն ու զինվորականները փնտրում էին լուծումներ՝ «Ուկրաինայի գոյատևումն ապահովելու համար»։
Զելենսկին ընդգծել է, որ այսօր ուկրաինացիները լիակատար իրավունք ունեն ասելու, որ պաշտպանել են իրենց անկախությունն ու չեն կորցրել պետականությունը։ «Պուտինը չի հասել իր նպատակներին։ Նա չի կոտրել ուկրաինացիներին, նա չի հաղթել այս պատերազմում», – ասել է նա։
Financial Times-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին չի կարելի վստահել, և որ Դոնբասից զորքերի դուրսբերումը, հավանաբար, չի ավարտի պատերազմը։
«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի պահանջը միայն մեր դուրս գալն է Դոնբասից, և որ դրանից հետո պատերազմը կավարտվի։ Ռուսաստանը Ռուսաստան է, և դուք գիտեք, որ նրանց չի կարելի վստահել», – նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի համար ամենակարևոր հարցը միջազգային անվտանգության երաշխիքներն են, որոնք կարող են կանխել Ռուսաստանի հնարավոր նոր հարձակումը։ Զելենսկու խոսքով՝ Թրամփի վարչակազմը խաղաղության համաձայնագրի հարցում ավելի մեծ ճնշում է գործադրում Կիևի, քան Մոսկվայի վրա։



















