Նույն ժողովրդի երկրորդ ցեղասպանությանն «ընդառաջ»

Մհեր Արշակյան

Եթե նկատել եք, աշխարհն ի վերջո ճանաչում է միայն այն երկրների անկախությունը, որոնք ենթակա են ցեղասպանության վտանգի կամ արդեն ենթարկվել են ցեղասպանության։ 

Արցախն ուզում է անկախանալ։ 

Մեր վարչապետն ասում է, որ չանկախանալու դեպքում Արցախի հայ ժողովուրդը կենթարկվի ցեղասպանության։ 

Եթե նկատել եք, վերջին օրերին Ալիևը խոսում է այն մասին, թե հայերն ու ադրբեջանցիները Արցախում կարող են ապրել կողք կողքի։ 

Ուզում է ասել, որ ադրբեջանցին չի սպանի հային։ 

Այսինքն՝ ռմբակոծելով հայկական խաղաղ բնակչությանը՝ Ալիևն աշխարհին ուզում է համոզել, որ խաղաղ բնակչության հետ խնդիր չունի։ Ի՞նչ ժողովուրդներ են ենթարկվել ցեղասպանության․ հայերի և հրեաների ցեղասպանությունն ամենացայտունն է։ Երկուսն էլ այսօր ունեն պետություն։ 

ԱՄՆ-ն Կոսովոյի անկախությունը ճանաչեց այն հիմնավորմամբ, որ տեղի ալբանացիները ենթարկվել են ցեղասպանության սերբերի կողմից։ 

Ռուանդայի թութսի ցեղի, Կամբոջայի ազգաբնակչության ցեղասպանությունն իրականացվել է գոյություն ունեցող պետության ներսում այդ երկրի առաջնորդ Պոլ Պոտի ձեռամբ, նրանք՝ այդ ժողովուրդներն իրենց առջև պետություն ունենալու խնդիր չէին դրել։ 

Ինչո՞ւ է Ալիևն անընդհատ խոսում Խոջալուի «ցեղասպանությունից»։ Բնականաբար, ուզում է ասել, որ հայերը հակված չեն ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու, մինչդեռ ինքը տրամադրված է։ 

Մարդը կրթական ողջ համակարգը կառուցել է հակահայկականության շեշտադրմամբ ու խոսում է երկու ազգի համակեցության մասին։ Հենց սրա պատճառով պետք է պնդել «անջատում հանուն փրկության» բանաձևը, որի մասին վերջերս խոսեց վարչապետը։ 

Բայց «անջատում հանուն փրկության» բանաձևն արդեն բանակցություն չի ենթադրում։ Ինչպե՞ս է Ադրբեջանը բանակցություններում ընդունելու, որ արցախցիների գոյությունը վտանգված է Ադրբեջանի կազմում։ Տարբերակ չկա։ 

Ընդունել այդ դրույթը՝ նշանակում է ընդունել սեփական ցեղասպան բնույթը։ Սա նշանակում է, որ այլևս որևէ բանակցություն հնարավոր չէ Արցախի կարգավիճակի շուրջ, բանակցային միակ թեման կարող է լինել ազատագրված այն տարածքների վերադարձը, որոնք դեռ գտնվում են հայկական զինված ուժերի տրամադրության տակ։ 

Իսկ սա աշխարհը չի էլ քննարկում, նա ասում է՝ դրանք, այսինքն՝ 7 տարածքներն էլ պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ու քանի որ Արցախի կարգավիճակի հարցն այլևս Ադրբեջանի հետ քննարկելիք հարց չէ, առաջ է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի միտքը, որը նա ասել էր 2017-ի հարցազրույցում, ըստ որի՝ Մինսկի խումբը կկայացնի որոշում ու կներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։ Այս դեպքում երկու երկրների առաջնորդները նույնիսկ սեփական ժողովրդի հետ խոսելու կարիք չունեն։ 

Տարածքների վերադարձի հարցը միջազգային հանրությունը չի քննարկում, նա թույլ չի տալու, որ հայերը իրենց տրամադրության տակ գտնվող «գրավյալ» տարածքները շարունակեն պահել իրենց, այսինքն՝ այստեղ էլ մեզ հետ քննարկելու բան չկա։ 

Մնում է միայն այն հարցը, թե ինչպե՞ս ապահովել անկլավի նման Ադրբեջանի մեջ խրված Արցախի անվտանգությունը։ Այսպիսի հարցերն են լինելու բանակցության թեմա։ 

Ադրբեջանը պետք է մոռանա Արցախի մասին, հայերն էլ՝ ազատագրված տարածքների։ 

Պատերազմը ջրի նման պարզ դարձրեց այս ճշմարտությունները։ Հայերի թուլությունը նույնիսկ իրենց օգտին կարող է աշխատել։ Որքան էլ քաղաքական չէ փաստը, բայց աշխարհը գիտի՝ ի՛նչ է նշանակում թուրքի ողորմածության տակ մնացած հայը։ Ռամիլ Սաֆարովը դա «պատմել» է ամբողջ աշխարհին։ 

Ադրբեջանն այսօր շտապում է «ազատագրել» Ղարաբաղը, քանի դեռ աշխարհի մոտ հարցեր չեն կուտակվել իրենց արածի բնույթի մասին։ Իսկ որ այդ հարցերը շատանում են, կասկած չկա։ Ահա ինչու է կռիվը կատաղի ու անմարդկային։ Բոլորն են տեսնում, որ այս փոքրիկ հողակտորի վրա տեղի է ունենում աննախադեպ մի բան՝ մենք դառնում ենք աշխարհի միակ ժողովուրդը, որը երկրորդ անգամ ենթարկվում է ցեղասպանության նույն պետության կողմից։ Նույն աշխարհի աչքի առաջ։

Մհեր Արշակյան

MediaLab.am