«Բռնել են, հա՞». Վարդան Ղուկասյանը հայհոյում է իր որդուն կալանավորած իրավապահներին

Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ հետախուզման մեջ լինելու և այսօր կալանավորվելու մասին հավանաբար չգիտեր, քանի որ «Մեդիալաբի» թղթակցի հետ զրույցում ասաց, թե մեր զանգից իմացավ այդ լուրը:

«Հետախուզման մեջ էր, հա՞, ափսոս, ափսոս, ու ասում են՝ բռնել են, հա՞։ Ես նոր քեզանից իմացա»,- «Մեդիալաբի» հարցին ի պատասխան, ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա իր որդու հետ կատարվածը գնահատելու մեր խնդրանքին, պատասխանեց խիստ նյարդային ու հայհոյախառն արտահայտություններով. «Ինչպես եմ գնահատո՞ւմ: Բռնողի մորն էլ ու, ընդհանրապես, բոլորին էլ»: Այդքանով հանդերձ Ղուկասյանը չմոռացավ բարի գիշեր մաղթել, որից հետո անջատեց հեռախոսը։

Նախկին պատգամավորի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որը մեկ անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների թիրախում, մեղադրվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի համար: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ։

Կրտսեր Ղուկասյանը այս անգամ իրավապահների թիրախում հայտնվել էր Գյումրու մի բնակչուհու ահազանգի հետքերով: Վերջինը դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Սպարտակ Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս. Ղուկասյանը հայտնաբերվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված բողոքը: Հաշվի առնելով, որ Ս. Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ է, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում այսօր՝ նոյեմբերի 27-ին հետախուզվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին ու կալանավորվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am