«Ես ունեմ մեկ վարկած՝ վախենում է, չգիտեմ՝ Պուտինը Նիկոլ Փաշինյանին ինչո՛վ է վախեցրել». Դավիթ Ստեփանյանը՝ վեկտորը չփոխելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն ընդգծել են «3+3» ձևաչափի վերսկսման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը պարբերաբար նշում է, որ տարածաշրջանի հարցերն այս ձևաչափով պետք է լուծվեն, նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է այդ ձևաչափում ևս բանակցելու: Որքանո՞վ եք հավանական համարում այս ձևաչափի գործարկումը, գործելու դեպքում էլ Հայաստանն ի՞նչ է շահելու:

– Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, որ ինքը դեմ չէ այդ ձևաչափին, ու դա այն դեպքում, երբ թիվ մեկ պետությունը, որը պետք է դեմ լինի դրան, Հայաստանն է, ես չեմ կարող խոսել հավանականության մասին, ընդամենը կարող եմ հուսալ, որ դա տեղի չի ունենալու: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն ակնհայտորեն փորձում են արագացնել «3+3»-ը մեկ պարզ նպատակով՝ ուզում են այդ հանդիպումը լինի բրյուսելյան հանդիպումից առաջ, որպեսզի այդ ձևաչափում ընդունված որոշումն անհնարին դարձնի բրյուսելյան որևէ փաստաթղթի ստորագրում, որովհետև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հարցում ունեն շահերի ակնհայտ համապատասխանություն, իսկ մնացած երկու դերակատարները՝ Իրանն ու Վրաստանը, գոնե դեմ չեն այս գործընթացին, որովհետև նրանք էլ են կողմնակից, որ հայ-ադրբեջանական կարգավորումը մնա մեր տարածաշրջանի ներսում, ու նոր խաղացող՝ ի դեմս Արևմուտքի, հանդես չգա: 

Այս ամբողջ տրամաբանությունը ոչ միայն չի համապատասխանում Հայաստանի շահերին, այլ նաև կործանարար է, որովհետև եթե մենք Գրանադայից ու Բրյուսելից սպասում ենք մի փաստաթղթի ստորագրում, որն իսպառ կփակի ադրբեջանական ագրեսիայի ճանապարհը, ապա «3+3»-ում նման բան որևէ դեպքում չի լինելու: Այս ձևաչափում մեր առաջ դնելու են մի փաստաթուղթ, որում նշվելու է «անկլավների» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին այն պարզ պատճառով, որ այս բոլոր դերակատարներն այդ հարցում համաձայնություն ունեն՝ բացի Իրանից: Ինձ համար ընդհանրապես որևէ ռացիոնալ բացատրություն Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ չկա այս մասով:

– Իսկ Բրյուսելում ի՞նչ փաստաթուղթ է դրվելու սեղանին:

– Այն, ինչ դրված է Գրանադայի սեղանին, որի բովանդակությունը բոլորին հայտնի է. դելիմիտացիա, դեմարկացիա՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որտեղ իսպառ բացակայում են որևէ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ, կոմունիկացիաների վերաբացում՝ տվյալ երկրների ինքնիշխանության սկզբունքով: ԱՄՆ-ի միակ նպատակն է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ու ես չեմ կարծում, թե այստեղ ԱՄՆ-ն անկեղծ չէ, իսկ երբ մենք ասում են Եվրամիություն, պետք է հասկանանք, որ սրա հետևում կանգնած է նաև ԱՄՆ-ն: 

– Պարո՛ն Ստեփանյան, դուք այն վերլուծաբաններից եք, որ մշտապես պնդում եք, որ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության վեկտորը, Ռուսաստանից «հեռանա», բայց Նիկոլ Փաշինյան ասաց, որ իրենք չեն փոխում որևէ վեկտոր: Ինչի՞ կհանգեցնի սա, ու ինչո՞ւ, ըստ ձեզ, հայկական կողմն այդ փոփոխությունը չի անում:

– Դուք շատ լավ եք հարցը տալիս, շատ ուրախ եմ, որ չեք հարցնում՝ ինչո՞ւ է Փաշինյանը սա ասում, որովհետև կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը միայն Փաշինյանն ունի: Սա կհանգեցնի Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ է՛լ ավելի մեծ անվստահության բոլորի կողմից, առաջին հերթին՝ Ֆրանսիա, Գերմանիա, ԵՄ, ԱՄՆ: 

Այդ նույն անվստահությունն աճելու է Իրանի կողմից, Ռուսաստանի կողմից, որովհետև երբ դու անում ես մեկ բան, հայտարարում լրիվ այլ բան, քո քայլերն իրավիճակային ինչ-որ հատվածում գնում են դեպի Արևմուտք, իսկ հետո սկսում ես շարժվել դեպի հյուսիս, սա չի կարող ոչ մեկի համար ընկալելի լինել: Իսկ անվստահությունը քաղաքականության մեջ պարտության հիմնարար պատճառներից մեկն է: 

Շատ հետաքրքիր հարց է այն, թե ինչո՞ւ չի փոխում վեկտորը. ես ունեմ մեկ վարկած՝ վախենում է, չգիտեմ՝ Պուտինը Նիկոլ Փաշինյանին ինչո՛վ է վախեցրել, բայց այլ բացատրություն ես չունեմ: Հուսով եմ՝ սխալվում եմ, բայց այլ բացատրություն չունեմ, որովհետև մարդկային առողջ տրամաբանությունը խոսում է մեկ բանի մասին. 1991 թվականից սկսած՝ Երրորդ հանրապետության ամբողջ այս հատվածը, որ նա գոյատևում է, մենք անընդհատ կորուստներ ենք կրել մեր աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով: 

Շատ փոքր հատված է եղել՝ 1992-94 թթ., երբ Ռուսաստանը մեզ իրոք օգնել է, ու նաև Ռուսաստանի շնորհիվ է, որ կարողացել ենք արցախյան հակամարտությունում հաղթանակ տանել, որովհետև այն ժամանակ Ադրբեջանում իշխանության եկավ Էլչիբեյը, որը բացահայտ թուրանական նախագծի ջատագով էր: Նա հայտարարեց, որ իրենք թուրք են ու չեն ուզում Ռուսաստանի հետ որևէ առնչություն ունենալ, դրանից հետո Ռուսաստանն սկսեց օգնել Հայաստանին: Մինչ այդ օգնել է Մութալիբովին, որը եղել է, մեծ հաշվով, կոմունիստ, ռուսական ԿԳԲ-ի դրածո, ու այն ժամանակ եղավ «Կոլցո» օպերացիան, Շահումյանը մաքրվեց, ընդհանուր առմամբ, հաջողությունը Ադրբեջանի կողմն էր: 

1992-ից հետո՝ 1993-94-ին, իրադրությունը փոխվեց: 93-ին, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիևը, որը ևս սովետական ԿԳԲ-ի գեներալ էր, իրավիճակը սկսեց նորից փոխվել, ու նրանք ամեն ինչ անում էին, որ պատերազմը կանգնի, որ հայկական ուժերն առաջ չգնան: Միայն այդ փոքր ժամանակահատվածում է, երբ Ռուսաստանն իրոք եղել է մեզ դաշնակից ու կանգնել մեր կողքին, մնացած բոլոր ժամանակներում եղել է առնվազն Հայաստանի ոչ դաշնակիցը ու սպասարկել է սեփական շահը, տարբեր երկրների շահը, իսկ մեր բոլոր ղեկավարները՝ սկսած Տեր-Պետրոսյանից, վերջացրած Փաշինյանով, ինչպես տեսնում ենք, սպասարկել են Ռուսաստանի շահը, այլ ոչ թե՝ Հայաստանի, ու այն դեպքում, երբ այդ շահերը հիմնականում հակասում են իրար: 

Հիմա եկել հասել ենք Արցախի վերջնական հայաթափմանը, նոր պատերազմի վտանգ կա, մենք Ռուսաստանից ահավոր մեծ տնտեսական կախվածություն ունենք, որն այդ քաղաքականության հետևանք է: Մեր բոլոր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանի հսկողության տակ են, մեր երկրում ռուսական գործակալական ցանցն է ծաղկում, մեր երկրում կա ռուսական ռազմական ներկայություն, ու Ռուսաստանն ուզում է ավելացնել այդ ներկայությունը, ինչպես տեսնում ենք: 

Այսինքն՝ մեր վախերի հետևանքով եկել հասել ենք այստեղ. հիմա կամ մենք վերջապես փոխում ենք այս ամենը, թող ոչ մեկը չասի, թե մեզ ձեռք չեն մեկնում, Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում բացահայտ հայտարարեց՝ մենք պատրաստ ենք, նույնը ԱՄՆ-ն է ասում, կա՛մ մենք դա անում ենք, կա՛մ վերջնականապես կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Այլընտրանք չկա, ցավոք սրտի, Փաշինյանի հարցազրույցից հետո ես չեմ տեսնում այդ վճռականությունը: 

Կա՛մ մենք մնում ենք այս արատավոր տրամաբանության մեջ, շարունակում ենք այս քաղաքականությունը ու կորցնում ամեն ինչ, դառնալով լավագույն դեպքում գուբերնիա, վատագույն դեպքում՝ թուրքական վիլայեթ, կա՛մ մենք, բախվելով շատ լուրջ մարտահրավերների, փորձում ենք իրավիճակը փոխել, այլընտրանք ուղղակի չունենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am