Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն․ Վարչապետը մեկնաբանեց իր գաղտնի որոշումը

Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն․ Վարչապետը մեկնաբանեց իր գաղտնի որոշումը
Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն․ Վարչապետը մեկնաբանեց իր գաղտնի որոշումը

«Այդ որոշման արդյունքում ոչ բոլորի աշխատավարձն է բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է։ Եվ այս որոշման անկյունաքարային նպատակը հենց դա է։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդկանց աշխատավարձը պետք է նույնը լինի»,- այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձը կրկնապատկելու վերաբերյալ իր գաղտնի որոշմանը։ 

Վարչապետն ասաց, որ գաղտնի ոչինչ չի արվել, այս գործընթացը եղել է հրապարակային, որովհետև 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ինքն ասել էր, որ բոլոր մարմինների համար սահմանվում է պարգևատրումների ֆոնդ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։

«Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք այդ մասին, կողմ եք քվեարկել դրան։ Ես այս ամբիոնից պարգևատրումների, այսպես կոչված, սկանդալի ժամանակ պաշտպանել եմ այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Եվ բացի դա, նաև այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության և այլ մարմիններում այդ պարգևավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բաձրացրել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այնպես չէ, որ ինչ-որ ոլորտից փող են կտրել, որպեսի պարգևատրում տան։ Դա նախատեսված է եղել բյուջեով, որը խորհրդարանը հաստատել է։

Ըստ Փաշինյանի՝ չպետք է այս ամբիոնից ասել՝ թե այդ ո՞նց է եղել, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ «Որովհետև նախարարի աշխատավարձի որակից է կախված, թե թոշակառուի աշխատավարձը կավելանա, թե չէ, և քանի՞ տոկոսով կավելանա։ Եվ այս տարի մենք տարվա արդյունքներով կապահովենք պետական բյուջեի եկամուտների 20 տոկոս աճ։ Դրա արդյունքում հունվարի մեկից թոշակները կբարձրանան»,- ասաց նա։