«Խայտառակություն կլինի, եթե Մարտի 1-ը չստանա իր իրավական պատշաճ գնահատականը». Արթուր Սաքունց

«Խայտառակություն կլինի, եթե Մարտի 1-ը չստանա իր իրավական պատշաճ գնահատականը». Արթուր Սաքունց
«Խայտառակություն կլինի, եթե Մարտի 1-ը չստանա իր իրավական պատշաճ գնահատականը». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Պարո՛ն Սաքունց, Հատուկ քննչական ծառայության պետը գաղտնազերծեց հայտնի 0038 հրամանը, որը փաստում է, որ 2008 թ. մարտի 1-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում: Ի՞նչ նոր բացահայտումներ եղան այս գաղտնազերծմամբ:

– Ե՛վ մարտի 1-ից առաջ, և՛ այդ օրը, և՛ դրանից հետո բոլոր իրադարձություններին ականատես ենք եղել բոլորս: Ամբողջ հանրապետության բնակչության աչքի առաջ է դա տեղի ունեցել: Հիմա այդ ամենին պետք է տրվի իրավական հիմնավորումներով ու իրավական հիմքերով գնահատական: Նույնիսկ եթե 0038 հրամանը հասու չլիներ մեզ, ապա ՀՀ քաղաքացիների և հատկապես այդ ժամանակահատվածում բազմաթիվ վկաների վկայությունները բավարար էին, որպեսզի զինված ուժերի ներգրավման միջոցով ներքաղաքական խնդիրների լուծման հարցը հիմնավորվեր:

 Ինձ համար ոչ թե զարմանալի է, որ 0038 հրամանն է հայտնաբերվել, այլ զարմանալի է, որ այն մարդիկ, ովքեր այդ հրամանի հետ կապված ինչ-որ հակափաստարկներ են բերում կամ վիճարկում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել, բացառիկ ցինիզմ են դրսևորում: Այդ մարդիկ կա՛մ իրենց անհասկացողի տեղ են դնում, կա՛մ արհամարհական վերաբերմունք են դրսևորում մարդկանց մտածելու, ընկալելու, տեսնելու, գիտակցելու կարողության ու ունակության նկատմամբ: Բոլորիս աչքի առաջ տեղի ունեցած գործընթացները փորձում են վիճարկել:

Եվ մեկ հարց. եթե այդ ամենն օրինական էր, ապա ինչպե՞ս այդ օրինական գործողությունների վերաբերյալ միջազգային տարբեր փաստաթղթերում դրանց հետևանքները գնահատվեցին անօրինական: Խոսքս վերաբերում է թե՛ ԵԽԽՎ չորս բանաձևերին, թե՛ այլ գնահատականների: Ի վերջո, ինչի՞ են ուզում նրանք հասնել:

ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների փաստը վիճարկելու մղումը ես նմանեցնում եմ ներկայիս Թուրքիայի կառավարության կողմից Օսմանյան կայսրության օրոք իրականացված հայերի ցեղասպանությունը հերքելու փորձի հետ:

– Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, նաև անձամբ Քոչարյանը պնդում են, թե այդ հրամանով ընդամենը զորքը զորանոցային վիճակի է բերվել, որպեսզի չներգրավվի ներքաղաքական զարգացումներում: ՀՔԾ պետի գաղտնազերծումից ի՞նչ հասկացաք:

– Այդ գաղտնազերծումը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ զինված ուժերն ամենաբարձր մակարդակի հրահանգով ու գիտությամբ օգտագործվել են քաղաքական ընդդիմադիրների դեմ: Ընդ որում, քաղաքական ընդդիմադիրները միայն այդ ժամանակվա ընդդիմադիր կուսակցությունը չէր, այլ նաև ՀՀ քաղաքացիներն էին, որոնք բողոքում էին ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Բայց այս համոզմունքը, նորից եմ կրկնում, ամենևին պայմանավորված չէ 0038 հրամանով: Այդ համոզմունքը պայմանավորված է մեր աչքի տեսածով:

– Այնուամենայնիվ, Քոչարյանի փաստաբանները վիճարկում են դա:

– Պարզ չէ՞, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր պետության ղեկավարը: Մենք գիտենք, որ նա ամեն ինչից տեղյակ էր, պատասխանատուն ինքն էր: Եվ որևէ գործողություն առանց նրա հրահանգի չէր կարող իրականացվել: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը մենիշխանություն ուներ, ավտորիտար կառավարման համակարգ էր ձևավորել, դա բոլորին է հայտնի:

Եվ հիմա այս Մարտի 1-ի գործով զինված ուժերի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու գնահատականը ոչ թե Քոչարյան, ընդդիմություն կամ ՀՀ քաղաքացիներ տիրույթում է գտնվում, սա փորձություն է ամբողջ աշխարհի առաջ, թե ՀՀ-ում ընդհանրապես տրամաբանություն գործո՞ւմ է, թե՞ ոչ: Ընդհանրապես, այս մարդիկ, ժողովուրդը ունի՞ գիտակցություն, պատասխանատվության զգացում, տրամաբանություն, սեփական խնդիրները լուծելու ունակություն: Ի վերջո, դիվանագետներ կան, միջազգային ականատեսներ կան:

– Այսօր ստեղծված իրավիճակում հնարավորություն կա՞ բացահայտելու 10 սպանությունները:

– Ավելին ասենք՝ խայտառակություն կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունում Մարտի 1-ը չստանա իր իրավական պատշաճ գնահատականը, ինչը բոլորի համար ակնհայտ է: Սպանությունները Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ զինված ուժերի և պետական մարմինների բոլոր ռեսուրսների ապօրինի ներգրավման հետևանքներ են: Եթե չլիներ զինված ուժերի ներգրավում, եթե չլիներ այդ մղումը ու ձգտումը՝ ամեն գնով իշխանությունը ժողովրդին ու ընդդիմությանը չհանձնելու, զոհեր չէին լինի:

Բայց ամբողջ մթնոլորտը և ամբողջ իրավիճակը ձևավորվել էին մարդկանց հետապնդելու, ոչնչացնելու, կամքը կոտրելու ուղղությամբ: Դրա հետևանքներից են 10 զոհերը, ավելի քան 100 մարդկանց նկատմամբ ապօրինի ու շինծու հիմքով քրեական հետապնդումները, որոնց մասին հենց Ռոբերտ Քոչարյանը մինչև Մարտի 1-ը հայտարարեց: Մինչև քրեական գործերի հարուցումը նա արդեն իսկ հայտարարել էր, որ շատ-շատերն այսքան ժամանակով նստելու են բանտերում:

Եվ այսօր այս ամբողջ երևույթը փորձել տեղավորել իրավական կամ իրավաբանական մանիպուլյացիաների տիրույթում, առնվազն անհարգալից վերաբերմունք է մարդու ողջամտությանը:

Ռոզա Հովհաննիսյան

Medialab.am