Սպասումներ. Նազիկ Ավդալյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Սպասումներ. Նազիկ Ավդալյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Սպասումներ. Նազիկ Ավդալյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի բժիշկները դժվարանում են պատասխանել, արդյո՞ք նախօրեին վթարի ենթարկված աշխարհի ծանրամարտի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը կկարողանա վերադառնալ մեծ սպորտ, թե՞ ոչ:

«Ավդալյանի վիճակը շարունակում է մնալ նույնը` կայուն ծանր»,- «Մեդիալաբի» ասել է Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը:

Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին` Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդ, ողնուղեղային շոկ, տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։

Նույն օրվա երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Հիվանդանոցում Ավադալյանին են այցելել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

25-ամյա Նազիկ Ավդալյանը ծանրամարտիկ է, նա ծանրամարտի Աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009 թվականին` Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում` դառնալով անկախ Հայաստանի առաջին ծանրամարտի աշխարհի չեմպիոնը: Նույն տարում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը վթարի է ենթարկվում արդեն երկրորդ անգամ. մինչ այդ չեմպիոնուհին  վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին` Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այն ժամանակ Ավդալյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել:

© Medialab.am