Մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա զեկույցն ամենածավալունն է, որում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բոլոր խնդիրներին՝ ըստ գերատեսչությունների: Այսօր հրավիրած ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մոտ 25 պետական կառույցում արձանագրվել են իրավունքների խախտման դեպքեր:
Անդրադառնալով պետական մարմինների դիմադրությանը և օմբուդսմենի քննադատությունները սվիններով ընդունելու քաղաքականությանը՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ թերությունները բարձրաձայնելն իր գործառույթն է: Եթե դա համարվում է ավելորդություն, ապա, ըստ նրա, կարելի է դադարեցնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Նա նշեց, որ իր գործառույցը ոչ թե պետական մարմիններին գովաբանելն է, այլ թերությունները ցույց տալը:
“Մենք եղած ցավերը հնարավորինս մասնագիտորեն ներկայացնում ենք, արդյունքները դրական են, ինչքան էլ իրենք լեզվին են տալիս, միևնույն է, վերջում ամեն ինչ անում են ըստ օրենքի: Լեզվին տալն է այն, որ փոխարենը խնդիրը քննարկեն ու փորձեն լուծել, փորձում են շեղել թեման երկար լոլոներով”,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ պետական կառույցների կողմից խնդիրները շտկելու առումով վիճակը բարելավվում է: Օրինակ՝ նախորդ տարվա զեկույցում բարձրացված 150 խնդիրներից 44-ը շտկվել են:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ ամենաշատ թերացումներն իրենք նկատել են առաջին հերթին Գլխավոր դատախազությունում, հետո դատական համակարգում, տնտեսական ոլորտում: Կարեն Անդրեասյանը մտահոգիչ համարեց Պետական եկամուտների կոմիտեի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը:
Օմբուդսմենը նաև նշեց, որ դատական համակարգի վերաբերյալ իր արտահերթ զեկույցից հետո իրավիճակն այս համակարգում շտկվում է: Նրա խոսքով՝ անկախ այն հանգամաքից, որ դատական համակարգի որոշ չինովնիկներ փորձում էին իրենց լեզվին տալ, ինքն արդեն փաստաբաններից ստացել է հստակ մեսիջներ, որ ցեկույցից հետո դատական համակարգը որոշակի զգաստացել է: Կարեն Անդրեասյանի խոսքով՝ նույնիսկ ամենակոռումպացված մարդիկ, որոնք շրջում էին այդ համակարգում ու դրանից դուրս, սկսել են զսպել իրենց, դատական համակարգն սկսել է ավելի թափանցիկ գործել: Կարդալ ավելին