Պետք է ներդնել բոլոր ջանքերը, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության 2021 թվականի վերջին նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է հիմնական ուղերձը:

«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետևյալն է, մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, որպեսզի հաջորդ սերունդներին, հաջորդ կառավարություններին շարունակաբար բարդացող խնդիրներ չժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար: Մյուս կողմից դա հեշտ չէ, և որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո ֆիքսել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ պետք է հետևողականորեն գործել ու չշեղվել նախապես հրապարակած ու ՀՀ քաղաքացիների հավանության արժանացած օրակարգից: