Այդ աղմուկը, թե՝ գներն աճում են, արհեստական են, այսօր ունենք բազմաթիվ մթերքների գների շոշափելի նվազում. Հայկ Գեւորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

– Պարո՛ն Գևորգյան, այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.9%-ով:

Եթե այս իրավիճակը շարունակական բնույթ կրի, մարդկանց կյանքի վրա ազդեցության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կունենանք:

– Կլինեն բոլոր այն հետևանքները, որոնք լինում են ճգնաժամերի ժամանակ, դրանից խուսափելն անհնար է: Այստեղ խնդիրը հետևանքները մեղմելն է, ցավոք չեզոքացնել հնարավոր չի լինելու: 

Ազդեցությունը կախված է նրանից, թե ինչքան կտևի այս վիճակը: Այս փուլում կառավարությունը կարծես հրդեհ է հանգցնում, սոցիալապես խոցելի խավերի խնդիրները լուծելու վրա է ուշադրություն դարձվում, որ նրանք մի քիչ ավելի թեթև տանեն այս իրավիճակը: Եվ դրան զուգահեռ նաև երկարաժամկետ ազդեցությունների մեղմացման ու չեզոքացման ուղղությամբ են աշխատանք տանում:

Արդյոք երկարաժամկետ հատվածի համար ռազմավարական ծրագրեր չպե՞տք է մշակվեն:

– Այս փուլում, երբ գյուղատնտեսությունը տարբեր ծրագրերով ֆինանսավորվում է, դա այս պահի խնդիր չէ, որովհետև այս պահին մշակվող հողը արդյունք է տալու ամիսներ հետո: Այսինքն՝ և՛ այս պահի խնդիրներն են լուծվում, և՛ երկարաժամկետ հարցեր: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի այս վիճակը:

Եթե հիմա կառավարությունը որոշակի մեղմացումների է գնում, եթե դա չբերի համավարակի երկրորդ ալիքի, եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա, այդ ժամանակ խնդիրներն ուրիշ կլինեն: Իսկ եթե իրավիճակն անկառավարելի դարձավ, խնդիրներն այլ կլինեն:

– Տեսակետներ կան, որ տնտեսությունը չպետք էր կանգնեցնել, համաձա՞յն եք:

– Առաջնահերթ խնդիրը մարդկանց առողջությունն ու անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ ստորադասվելու է դրան: Կառավարությունն անընդհատ պետք է գնա մեղմացումների, լավ տակտիկա է որդեգրել կառավարությունը՝ այնպես անել, որ հիվանդացությունը դուրս չգա վերահսկողությունից:

Այս տարվա համար տնտեսությունում 2-3 տոկոս անկում է կանխատեսվում: Արդյոք աճի շանս կա՞:

– Այն, որ նախկին աճը չենք ունենալու, դա  հաստատ է, սակայն թե ինչքա՛ն անկում կլինի կամ ինչքա՛ն աճ, դա էլի բազմաթիվ գործոններից է կախված, և ոչ միայն հայաստանյան: 

Այստեղ կարևոր են այն գործոնները, թե պղնձի, նավթի գներն ինչքան կլինեն, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում ինչ իրավիճակ կլինի, ռուբլու փոխարժեքը որքան կկազմի, բազմաթիվ գործոններ կան: 

Բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ տնտեսությունն ավելի արագ է վերականգնվելու, քան կանխատեսվում է: Իհարկե, միջազգային ֆինանսական կառույցներն ու մեր ֆինանսների նախարարությունն առաջնորդվում են որոշակի բանաձևերով, պարտավոր են դա անել, բայց ես կարծում եմ, որ ավելի արագ կարող է սկսվել վերականգնում, քան այս պահին կանխատեսվում է:

Աղքատության թվի աճ սպասվո՞ւմ է այս տարի, և որքան կկազմի այն:

– Աղքատության ցուցանիշներում ինչ-որ փոփոխություններ կլինեն իհարկե: Ակնհայտ է, որ կա եկամուտների նվազում, բայց միաժամանակ կա նաև գների նվազում: Աղքատությունն ի՞նչ է՝ գնողունակությունն է: Այսինքն՝ եթե մենք ունենում ենք եկամուտների 10 տոկոս անկում, բայց նաև ունենում ենք գների 3 տոկոս անկում, դա որոշակիորեն մեղմում է աղքատության խորացումը:

Այսինքն՝ Հայաստանում գնանկման միտո՞ւմ է նկատվում:

– Ակնհայտ գնանկում է Հայաստանում: Այդ աղմուկը, որը բարձրացվել է, թե՝ գներն աճում են, արհեստական են: Այսօր մենք ունենք առաջին անհրաժեշտության բազմաթիվ մթերքների գների շոշափելի նվազում: Ես նայել եմ մարտ ամսվա տվյալները, մարտին ամբողջ աշխարհում պարենամթերքի գներն աճել էին 2.7 տոկոսով, Հայաստանում 2.5 տոկոսով նվազել էին: Ապրիլին և՛ Հայաստանում, և՛ աշխարհում էլի կշարունակվի գնանկումը:

– Այսինքն՝ այս տարի աղքատության աճ սպասվում է, բայց նաև ի հաշիվ գնանկմա՞ն կմեղմվի այդ իրավիճակը:

– Այո՛, կարծում եմ՝ աղքատության որոշակի խորացում կլինի, բայց դա էլ կախված է ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական վիճակից: Ամեն ինչ կախված է նաև Կառավարության քայլերից: Կառավարությունը նախատեսում է կապիտալ ծախսերը մեծացնել, մեղմել սոցիալական խնդիրները: Անպայման կլինի աղքատության խորացում, բայց այն աստիճանի չի լինի, որ այլ իրավիճակներ առաջանան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am