Պետք է պատրաստ լինել, որ Ադրբեջանի կողմից կարող է լինել շատ լայնածավալ ռազմական գործողություն. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, աշխատանքային այցով Թուրքիայում էր գտնվում Ադրբեջանի նախագահը, պաշտոնական ու լրատվական մակարդակներում ի՞նչ նոր բան է խոսվում այդ այցի մասին, ու ի՞նչ սպասենք այդ այցից հետո։

– Լրատվական ու պաշտոնական հարթակներից ինչ-որ նոր մանրամասներ հայտնի չեն դառնում։ Իմ կարծիքով՝ քննարկել են նոր իրադրությունը, որը ստեղծվել է Թուրքիայում երկրաշարժից հետո, այսինքն՝ նոր իրադրությունը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված։

Երկրաշարժից հետո ի՞նչ նոր երևույթ ենք մենք տեսնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ. դա այն է, որ Թուրքիան սկսում է կամաց-կամաց հետևել այն պատժամիջոցներին, որ հաստատվել են Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ, ու Թուրքիայի վրայով արևմտյան ապրանքների մուտքը Ռուսաստան արգելվել է: Այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայում արդեն չեն սպասարկում ռուսական ու բելառուսական ինքնաթիռները ու վառելիք չեն տալիս։

Այս քայլերը վկայում են, որ Թուրքիան սկսում է ավելի հետևել ամերիկյան պահանջներին՝ կապված պատժամիջոցների հետ, ինչը, ի միջի այլոց, ես կանխատեսել էի դեռ շաբաթներ առաջ։ Հավանական է, որ սա նաև որոշակի առումով փոխելու է Թուրքիայի մոտեցումը Հարավային Կովկասում, ու գուցե այս նոր իրավիճակն է, որ քննարկել են նախագահները, որովհետև կա նաև այն ինֆորմացիան, որ Ադրբեջանը որոշակի առումով շրջանցում է Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները, դա կարող է նաև առիթ հանդիսանալ, որ Ադրբեջանից պահանջեն, որ նա հստակ հետևի Արևմուտքի քաղաքականությանը։

Վստահաբար քննարկվել է նաև այս լարվածության ուժեղացման ֆոնին Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ կապված, որովհետև ինֆորմացիա կա, որ վերջին շրջանում Իսրայելից մեծ թվով ինքնաթիռներ են գալիս Ադրբեջան՝ զենք-զինամթերք տեղափոխելով։ Ակնհայտ է նաև, որ քննարկվել է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի նկատմամբ, որ փորձ է անում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնել էթնիկ զտումների քաղաքականություն։

– Ադրբեջանը կգնա՞ ռազմական էսկալացիայի:

– Շատ կարևոր հարց է․ ուզում եմ հստակեցնել, որ Ադրբեջանն ինչ էլ անի, դա ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ նաև համատեղ մշակված քայլեր են։ Չեմ բացառում, որ Արցախի ու Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, այո՛, Ադրբեջանը կարող է դիմել նաև տարբեր տեսակի զինված պրովոկացիաների, այդ թվում նաև՝ լայնամասշտաբ առումով։

Պետք է հասկանալ, որ դա Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարության մաս է կազմում, այդ պրովոկացիաները հատուկ քաղաքականություն են, որ մշակվել են Անկարայում, որպեսզի այդ պրովոկացիաներով ճնշումը գնալով մեծացնեն։ Այս քաղաքականությունը բնականաբար կշարունակվի, ուղղակի ծավալների մասին է դժվար հստակ որևէ բան ասել, բայց պետք է պատրաստ լինել, որ Ադրբեջանի կողմից կարող է լինել շատ լայնածավալ ռազմական գործողություն։

– Պարո՛ն Սաֆրաստյան, այդ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որ Իլհամ Ալևը վճռականորեն շրջանառում է, և՞ս թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական ծրագրի մաս է։

– Իհարկե։ Ադրբեջանն այդ «կոնցեպցիան» հրապարակայնացնելով, ըստ էության, փորձում է կրկնել 1918 թվականի Բաթումի պայմանագրի պայմանները։ 18 թվականի հունիսի, որտեղ Սյունիքն այն ժամանակ արդեն՝ որպես ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանը, ըստ էության պետք է բռնազավթվեր Թուրքիայի կողմից, ու միայն Անդրանիկի ու իր ջոկատի հերոսական գործողության արդյունքում դա տեղի չունեցավ։

– Այսինքն՝ այս խաղաղության պայմանագրով Ադրբեջանը ուզում է ա՞յդ պայմանագիրը կյանքի կոչել։

– Այո՛, այո՛, ես համոզված եմ, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն հասկանում են երկաթուղային ճանապարհը, այլ նաև՝ Սյունիքը։ Դեռևս անցյալ տարի հրապարակված քարտեզում թուրքական կողմը Zengezur Koridoru գրվածքը տարածել էր ամբողջ Սյունիքի վրա։ Նպատակը սա է, մի կողմից այդ միջանցքի գաղափարն են առաջ քաշում, մյուս կողմից՝ դա «հիմնավորելու» համար առաջ են քաշում «Արևմտյան Ադրբեջանի» մոտեցումը։ Շրջանառում են նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի թեման։ Այս երեք հանգամանքը կազմում է մեկ միասնական ծրագրի մաս։

– Մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ, ինչպես դուք ասացիք, Թուքիայում նոր իրավիճակը ստիպել է վերանայել արտաքին քաղաքականությունը, այնուամենայնիվ Արցախի ու Հայաստանի մասով թուրքական քաղաքականության մեջ դեռ փոփոխություն չի նկատվում։

– Չի նկատվում, չի էլ նկատվի, գիտեք, եթե նույնիսկ ընդդիմությունը հաղթի, գա իշխանության, համոզված եմ, որ սկզբունքային առումով փոփոխություն չի լինի։ Քաղաքականությունը գուցե մի փոքր մեղմանա, բայց էությունը չի փոխվի։ Իսկ այդ էությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ունենան հնարավորինս մեծ տարածքով ցամաքային կապ, իսկ երկրորդը՝ որ Հայաստանը՝ որպես պետականություն, հնարավորինս թուլացվի։

– Հայկական կողմին ի՞նչ է մնում անել, պարո՛ն Սաֆրաստյան, որովհետև, ինչպես տեսնում ենք, միջազգային որևէ կոչ, անգամ դատարանի որոշում, Ադրբեջանը, մեղմ ասած, անտեսում է։

– Իզուր էր մեծ հույսեր կապելը միջազգային դատարանի որոշման հետ, որովհետև ակնհայտ է, որ դրանք, իհարկե, դրական ֆոն են ստեղծում, բայց վերջիվերջո ամեն ինչ որոշվում է հողի վրա։ Ամենակարևորը՝ մենք պետք է հնարավորինս ժամանակ շահենք և վերականգնենք մեր մարտունակությունը, սա առաջին քայլն է, որ պետք է անենք՝ բանակի հզորացում։

Երկրորդը՝ մենք ունենք ռազմավարական-քաղաքական միակ դաշնակից, որը Ռուսաստանն է, իրողությունը սա է, որի վրա աչք փակել հնարավոր չէ։

Այո՛, կան խնդիրներ, բայց մենք պետք է այդ խնդիրները հնարավորինս լուծենք ու ռազմավարական դաշնակցի հետ համագործակցենք, որովհետև առանց դաշնակցի Հայաստանը չի կարող գոյատևել մեր տարածաշրջանում, ու դա ցույց տվեց առաջին հանրապետության փորձառությունը, մենք մենակ մնացինք, ու մեր հարցերը լուծվեցին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am