ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ղազախական «Atameken Business News» հեռուստատեսությանը

«Այս փուլում կարելի է խոսել միայն ու միայն հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, ինչպես և դա նախատեսված էր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994-95թթ. կնքված եռակողմ համաձայնագրերով: Միայն դրանից հետո կարելի է խոսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին: 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, որը կարող է շարունակվել միայն 1994-95թթ. համաձայնագրերով նախատեսված ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերականգնումից հետո, ապա գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մանդատ ստացած ձևաչափ, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Ավելին, Անվտանգության Խորհրդի վերջին նիստի ընթացքում մի կողմից կրակի անհապաղ դադարեցման, մյուս կողմից՝ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելու մասին կոչ է արվել: Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարություն է տարածել զինադադար հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչին և պետք է հետևի բանակցությունների վերսկսումը»:

Մենք երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին անմասն չմնալու և ուժի, ուժի կիրառման սպառնալիքի անընդունելի լինելու դիրքերից անվերապահորեն հանդես գալու համար»: