Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ռեստորաններ և սրճարաններ չայցելելու Արսեն Թորոսյանի կոչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ռեստորաններ և սրճարաններ չայցելելու՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը և հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ կազմակերպությունների բաց լինելը և կառավարության կոչը չեն հակասում իրար, վարչապետն ասաց․

«Այս պահի դրությամբ Կառավարության կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները և սա մեր միակ պաշտոնական կոչն է։ Մենք կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կանոններին։ Պետք է ուղղակի կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս։ Այսպիսով, ռեստորաններում և սրճարաններում հակահամաճարակային կանոնները հնարավոր է և՛ պահպանել, և՛ չպահպանել»։

Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում բոլոր բուժաշխատողները գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո են աշխատում։

Անդրադառնալով համաճարակային իրավիճակի հետ կապված առողջապահական համակարգի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Փաշինյանն ասաց, որ այսօր արդեն առողջապահության նախարարությունը չի որ պայքարում է կամ պետք է պայքարի համաճարակի տարածման դեմ։

«Առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ հայտնվում են հիվանդներ, ովքեր բուժման կարիք ունեն։ Որքան շատ լինի այդ հիվանդների թիվը, այնքան ավելի ծանրանում է համակարգի գործը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։