Դատավորների մրցույթում առաջին անգամ «նիդաբոռ» է գրանցվել. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է.Fip.am

Դատավորների մրցույթում առաջին անգամ «նիդաբոռ» է գրանցվել. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է.Fip.am
Դատավորների մրցույթում առաջին անգամ «նիդաբոռ» է գրանցվել. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է.Fip.am

Հունիսի 20-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր դատաիրավական համակարգին` հայտարարելով,  որ նախորդ տարի առաջին անգամ արձանագրվել է երևույթ, երբ դատավորների մրցույթում «նիդաբոռ» է եղել։ 

«Ինչի՞ է էդպես եղել. իրենք գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն, որ պիտի ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման։ Այդ պայմաններում ո՞վ կուզենար լինել դատավոր, դուք ինքներդ ձեզ հարց տվեք»,- նշել էր Փաշինյանը։

Fip.am-ը որոշեց պարզել՝ արդյո՞ք առաջին տարին է, որ դատավորների մրցույթում դիմողների պակաս կա, և որո՞նք են այդ պակասի իրական պատճառները։

Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան մեր հարցմանը, հայտնեցին, որ իսկապես՝ 2018 և 2019 թվականներին դատավորների թեկնածուների ցուցակը ամբողջությամբ չի համալրվել։ 2018 թ. օգոստոսի 23-ի տվյալներով, քաղաքացիական մասնագիտական բաժնի 28 թեկնածուի տեղը համալրել է 12-ը, քրեական մասնագիտացման բաժնի 19 հաստիքից լրացվել է 5-ը, իսկ վարչական մասնագիտական բաժնի համար նախատեսված է եղել հաստիք, որոնք ամբողջությամբ լրացվել են։ Փաստացի, 2018-ին 30 հաստիք թափուր է մնացել։ 

2019 թվականի փետրվարի 21-ի դրությամբ պատկերը հետևյալն է․ քաղաքացիական մասնագիտական բաժնի 23 հաստիքը լրացրել է 10 հավակնորդ, քրեական մասնագիտացման 17 հաստիքից որակավորման արդյունքում միայն 4-ն են ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, իսկ վարչական մասնագիտացման բաժնում հավակնորդներ են դիմել և ընդգրկվել են ցուցակ։ Այս տարի թափուր է մնացել 26 հաստիք։

Ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի տրամադրած՝ 2014-ին, 2015-ին, 2016-ին և 2017-ին թափուր հաստիքների համալրման մասով տվյալները՝ պարզ է դառնում, որ այս տարիներին դատավորների թափուր հաստիքները մշտապես համալրվել են։   

Օրինակ՝ 2017-ին քաղաքացիական մասնագիտացման բաժինում առկա է եղել թափուր հաստիք, իսկ քրեականում՝ 5։ Անցկացված մրցույթի արդյունքում՝ հաստիքն էլ համարվել է։  

Այսինքն՝ եթե 2014- 2017 թթ. որակավորման ստուգման արդյունքում դատավորների թեկնածուների ցուցակը համալրվել էր անհրաժեշտ թվաքանակով և «նիդաբոռ» չէր եղել, ապա 2018 և 2019 թվականներին ընդհանուր 56 հաստիք մնացել է ազատ:

Վարչապետ Փաշինյանը «նիդաբոռը» բացատրել էր ցածր աշխատավարձերի հանգամանքով։ Fip.am-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հովհաննիսյանն այս իրավիճակի մի քանի պատճառ է թվարկում։

Ըստ նրա, դիմորդի տեսանկյունից միֆ կա ստեղծված, որ դատավոր դառնալը անհնար է, եթե չունես բարեկամ, ծանոթ, ֆինանսական միջոցներ, ինչի միջոցով դու կկարողանաս այս պաշտոնին հասնել։ 

«Երկրորդը՝ այդ տեսակի պատրանք է ձևավորված նաև ընդունող հանձնաժողովների և գործընթացը կազմակերպող անձանց մոտ, որ իրենք անպայման ունենան դիմորդներ, որոնք ինչ-որ ձևով իրենց հետ կապ ունենան և անհրաժեշտության դեպքում այդ կապերը հետագայում կօգտագործվեն իրենց օգտին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ իրավապաշտպանի, կա նաև որակյալ կադրերի պակաս։ 

«Իրականում որակապես շատ ցածր է մակարդակը։ Այսինքն՝ զուտ գիտելիքի և կարողության տեսանկյունից անհրաժեշտ կադրային ընտրության հնարավորություն չկա»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ վարչապետի հայտարարությունը, որ «նիդաբոռը» պայմանավորված է նաև կաշառք վերցնելու անկարողությամբ,  հիմնավոր պատճառ չէ։

Ըստ նրա, ամեն մեկը չէ, որ մտածում է կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու մասին։ «Շատ պարկեշտ մարդիկ կան, ովքեր հենց այդ միֆերի և պատրանքների պատճառով չեն գնում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի խնդրին, ապա ըստ Հովհաննիսյանի, դատավորների աշխատավարձերի այս չափը սահմանվել է 6-7 տարի առաջ և այդ ժամանակվա կենսամակարդակի պայմաններում բավարար էր։ 

«450 հազարը այն ժամանակ բավարար կարելի էր գնահատել։ Սակայն այն ժամանակվա գործերի ծավալը ևս անհամարժեք է ներկայիս իրավիճակին։ Գործերի ծանրաբեռնվածությունն աշխատավարձերի չափի հարաբերակցությամբ չի որոշվում, այլ որոշվում է բնակչության թիվ-դատավոր հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 100 հազար բնակչի թվով որոշվում է քանի դատավոր ունենալն է, որ ողջամիտ է»,- նշեց իրավապաշտպանը։ 

Այսպիսով, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, սակայն պատճառների մասով ոլորտի ներկայացուցիչներն այլ կարծիք ունեն։

Աղբյուրը` Fip.am