«Ե՛վ դիրք պահելն է զինծառայողի հաշվին, և՛ արյուն ու զոհ տալն է զինծառայողի հաշվին, և՛ պատիժ կրելն է զինծառայողի հաշվին». Վահան Բադասյան

«Ե՛վ դիրք պահելն է զինծառայողի հաշվին, և՛ արյուն ու զոհ տալն է զինծառայողի հաշվին, և՛ պատիժ կրելն է զինծառայողի հաշվին». Վահան Բադասյան
«Ե՛վ դիրք պահելն է զինծառայողի հաշվին, և՛ արյուն ու զոհ տալն է զինծառայողի հաշվին, և՛ պատիժ կրելն է զինծառայողի հաշվին». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, Ագարակի զորամասում աննախադեպ դեպք էր տեղի ունեցել, երբ սպայի հետ ունեցած կոնֆլիկտից հետո ողջ գունդը լքել էր զորամասը։ Դրանից հետո գունդը ցրել էին տարբեր զորամասերի վրա՝ Արցախում ու Հայաստանում։ Նախկինում եղե՞լ է նման դեպք, որ զինծառայողները կազմակերպված լքեն իրենց պոստը։

– Նման դեպքի մասին ես չեմ լսել, չի եղել նման դեպք։ Իհարկե շատ տհաճ և աննախադեպ միջադեպ է, և պետք է միջոցներ ձեռք առնել, որ այլևս նման բան տեղի չունենա։ Բանակում միջանձնային հարաբերություններին ես բազմիցս անդրադարձել եմ։ Մենք, մեր սերունդը ծնել ենք մի այնպիսի բանակ, որ օրվա իրավիճակին համապատասխան կարողացել ենք հաղթել մեզնից ուժեղ հակառակորդին։

Մենք հնարավորություն ենք ունեցել զարգացնելու և ավելի լավը դարձնելու բանակի համակարգը։ Արդարության սկզբունք կար դրված բանակում։ Հետագայում՝ պատերազմից հետո, խորհրդային բանակի սպաները, որ արդեն գեներալի ու գնդապետի կոչումների էին հասել, փոխեցին ու բանակը դարձրեցին գրեթե սովետական, բայց ավելի ճահճացած։ Բանակում ի հայտ եկան միջանձնային հարաբերությունները ճշտող բազմաթիվ կառույցներ։

Ամբողջ աշխարհում բանակներում միջանձնային հարաբերությունները ճշտող երեք կառույց կա՝ հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և տրիբունալ։ Բայց մեզ մոտ դրանցից բացի կան ռազմական ոստիկանությունը, քննչական համակարգը, քրեական հետախուզությունը, քրեական հակահետախուզությունը, գործակալական համակարգը՝  8-9 կառույց։

Այդ հարցերով չպետք է զբաղվի, բայց զբաղվում է նաև զորամասի իրավաբանը։ Հրամանատարական հետաքննությունը պետք է լինի առաջինը, բայց վերջինն է։ Դրա արդյունքում այսօր սպաների մեծ մասը դատապարտված է և իրենց ծառայությունը շարունակում է պայմանական դատվածություն ունենալով։ Մի խոսքով, սպաների դերը խիստ ընկած է, և նա զորամասում գրեթե դեր չունի։

Այսօր սպաներ պատրաստող Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը դատարկված է, ոչ ոք չի ուզում սպա դառնալ։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանություններն ու բանակի ղեկավարությունը լուրջ հետևություններ չեն անում։ Սպան այսօր ունի շատ պարտականություններ, բայց չունի իրավունքներ։ Մինչդեռ սպան ոչ միայն բանակում, այլև հասարակության մեջ պետք է ունենա ամենամեծ պատիվը, հարգանքն ու արտոնությունները։ Իսկ այսօր սպան պարտքերի ու վարկերի ծանրության տակ կքած, վատ սոցիալական վիճակում է։

Ես կառաջարկեի, որ սպաներին ավելի շատ իրավունքներ տան, որ գոնե իրավունքները հավասարվեն պարտականություններին։

– Ինչի՞ հետևանք է, որ զինծառայողը լքում է պոստը, և ի՞նչ պետք է հետևի սրան։

– Կոնկրետ մեկ մասնավոր դեպքով մենք չպետք է գնահատական տանք։ Չպետք է առաջ ընկնենք ու անմիջապես գնահատականներ հնչեցնենք, թե ինչո՛ւ է այդպես եղել։ Բայց իմ թվարկած պատճառները դրա հետևանքն են։ Բանակում կան ավելորդ համակարգեր, և դրանք խանգարում են։ Այդ համակարգերը հանցագործություն են փնտրում, և հետաքրքիր է, որ գտնում են այդ հանցագործությունները։ Ենթադրենք՝ կատարվում է երկու հանցագործություն, որից հետո 7-8 կառույց փնտրում է և 7-8 հանցագործություն է գտնում, թեև իրականում 2 հանցագործություն է եղել, մյուսները սարքովի են։

Այդ սարքովիները բերում են բանակի մեջ անձնակազմի թուլացման, բերում են ճահճային երևույթների, այն վատ բարքերին, որը հիմա ունենք։ Դրանից ձերբազատվելու համար պետք է վերանայել միջանձնային հարաբերությունները ճշտող կառույցների գործունեությունը, նրանց քանակը, գործառույթները։ Ես կառաջարկեի կրճատել բոլոր այդ կառույցները, թողնել միայն հրամանատարական հետաքննությունը, զինվորական դատախազությունը և դատարանը։

Այդ երեք կառույցները պետք է լինեն ու վերջ, մյուսները չպետք է լինեն։ Ընդհանրապես, զինվորական ոստիկանությունը պետք է կրճատվի, իսկ զինծառայողներին ուղարկել բանակի այլ կառույցներում, այդ թվում՝ առաջնագծում ծառայելու։

– Վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ բարեփոխումներ եք նկատում բանակում։

– Բանակի բարձրագույն իշխանության մեջ կադրային փոփոխություններ եմ տեսնում, որով մենք առաջխաղացման ենք գնացել։ Ինչպես, օրինակ՝ պաշտպանության նախարարությունում, ծառայության պետերի փոփոխություն, Արցախի բանակի հրամանատարության կադրային հարցերում։ Վերջապես ձերբազատվել են այն հին մեթոդներից, որ բանակը չմասնակցի ընտրական գործընթացներին։ Ես կարծում եմ՝ զգալի փոփոխություններ են կատարված։ Նաև մի քանի անցանկալի դեմքերից է ազատվել բանակը, ինչը դրական է։ Հիմա չեմ ուզում անուն նշել, որովհետև արդեն ազատվել է։ Իհարկե դրական տեղաշարժեր կան, բայց կարևոր քայլերը դեռ առջևում են։

Այսօր, օրինակ՝ իմ որդին տեսնում է, թե ինչպիսին է սպայի կյանքը, ինչ վիճակում է գտնվում սպան, ու, բնականաբար, չի ուզում սպա դառնալ։ Մենք պետք է հորդորենք, համոզենք, որ սպա դառնա ու ընկնի այդ ճահճի մեջ։ Այդ հարցերը պետք է շտապ կերպով վերանայել։ Կարող է մեկն էլ ասել, որ զինվորի վիճակն էլ լավ չի։ Որտեղ զինվորի վիճակը լավ չի, այնտեղ սպայի վիճակն էլ լավ չի, իսկ սպան էլ լավ չի, որովհետև երբեմն հրամանատարությունը ստիպված է լինում ընտրություն չկատարել, թե ով դառնա սպա։

Ստիպված է լինում սպա ընդունել նրան, ով դիմում է, որովհետև ցանկացողները քիչ են, դիմող չկա։ Բայց կար մի ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում մեկ տեղի համար պայքարում էր 5-6 մարդ, որ ընդունվեն ու դառնան ապագա սպաներ։ Հենց սպաների վատ վիճակն է, որ մարդիկ չեն ուզում սպա դառնալ։

– Հենց այսօր կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնել։ Սա այդ խնդիրը կլուծի՞, որ մարդիկ ավելի շատ դիմեն։

– Դա խնդրի մասնակի, շատ փոքր մասի լուծում է։ Իհարկե, դա լավ է, բայց բավարար չէ։ Հասարակ բան ասեմ՝ սպաներին թույլ են տալիս բնակարաններ ձեռք բերելու համար հիփոթեքային վարկ վերցնել, բայց պարտադրում են, որ բնակարանը գնի առաջնային շուկայից։ Իսկ սպան ուզում է երկրորդային շուկայից բնակարան գնել, որ ավելի քիչ ընկնի պարտքերի տակ։ Սա կարո՞ղ է պատճառ լինել, որ սպայի վիճակը վատանա, իհարկե կարող է։

Փոխանակ, օրինակ՝ Երևանում սպան երկրորդային շուկայից բնակարան գնի 30-40 հազար դոլարով, ստիպված է գնել 80-100 հազար դոլարով։ Սա նախորդ իշխանություններից մնացած փողերի լվացման կոռուպցիոն յուրահատուկ սխեմա է։ Երկրորդային շուկայի բնակարաններում ապրողների կյանքը վտանգված չէ, նրանց բնակարանները վթարային չեն։

Այդ դեպքում ինչո՞ւ չեն թողնում սպաներին բնակարաններ ձեռք բերել այդպիսի շենքերից։ Չեն թողնում, որովհետև տեսել են եկամտի աղբյուր, որ սպաները կարող են իրենց սարքած բնակարանների հաճախորդը լինել։ Այսպիսի նուրբ հարցեր կան, որոնց հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն։ Կա նաև իրավունքի հարցը. այսօր կարող են 3-4 զինվոր կանգնել, վկայություն տալ, որ, օրինակ՝ փորձառու սպան, որ խիստ կարգապահություն պահող է, իրենց հայհոյել է, և այդ սպային գան տանեն։ Եղել են նման դեպքեր, ես շատ օրինակներ կարող եմ բերել։

Կարող եմ ասել, որ այսօր այն սպաները, որ նստած են բանտում, նրանք բարեխիղճ սպաներն են։ Իսկ զինվորներն ու սերժանտները, որ նստած են բանտում, նրանց 90 տոկոսը չպետք է նստի։ Նրանք գրեթե բոլորն էլ լավ ծառայողներ են և թյուրիմացաբար են նստում։ Եվ հակառակը՝ ռազմական ոստիկանությունում ծառայող սպաների և աշխատակիցների մեծ մասը գործ սարքողներ են և ցածր որակ ունեցող մարդիկ։ Թող գնան ստուգեն և կհամոզվեն, որ իրականության մեջ այդպես է։ Եվ չկա մեկը, որ դրան անդրադառնա։

Այսօր ի՞նչ է կատարվում. դատավորները բոլորը փոխկապակցված են, զինդատախազները, երբ տեսնում են, որ գործն արդեն հարուցված է, ներելու կամ բեկելու որևէ առիթ չունեն։ Հետաքրքիրն այն է, որ զինվորների վերաբերյալ քրեական օրենսգիրքը շատ խիստ է և կառուցված է այնպիսի ձևով, որ հարմար լինի զինդատախազությանը, ռազմական ոստիկանությանը և դատարանին։ Այն հարմար չի հանցանքի մեջ մեղադրվող կամ կասկածվող զինծառայողի համար։

Այս բոլորը զինծառայողների հաշվին է։ Ե՛վ դիրք պահելն է զինծառայողի հաշվին, և՛ արյուն ու զոհ տալն է զինծառայողի հաշվին, և՛ պատիժ կրելն է զինծառայողի հաշվին։ Ես երբեք չեմ տեսել, որ պատիժ կրի ռազմական ոստիկանության կամ իրավապահ այլ համակարգերի որևէ աշխատակից, կամ սխալ դատելու համար պատիժ կրի դատավորը։ Միշտ պատիժը կրում են խեղճ սպան ու զինվորը։ Եվ այս ամբողջ արատավոր համակարգն էլի սպայի ու զինվորի հաշվին է։

Ես, օրինակ՝ կառաջարկեի՝ լրագրողները հանձնաժողով կազմեն ու քննեն այսօր վարույթներում գտնվող քրեական գործերը, նաև ասուլիսի հրավիրեն փաստաբաններին, որոնք այդ գործերով պաշտպանում են զինծառայողներին, տեսեք, թե նրանք ինչեր կպատմեն։ Այդ բոլորը հասկանալուց հետո բոլորս կհասկանանք, թե ինչո՛ւ է Ագարակի զորամասում նման դեպք տեղի ունեցել։

Մանե Հարությունյան

MediaLab.am