Հանրակրթության փոփոխությունը օրվա խնդիր է հանրային զարգացման համար․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Նրանց, ովքեր անհանգստացած են հանրակրթության փոփոխության հեռանկարով, հարկ կա երևի թե հիշեցնել, թե ինչ կործանարար արդյունք ունենք այն հանրակրթությամբ, որի փոփոխությունն է մեզ կործանարար թվում, շնորհակալությամբ օգտվում եմ Նարեկ Մանուկյանի՝ դեռ այս տարվա փետրվարին հրապարակած դիպուկ հոդվածից, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ.
և այսպես.

2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Ավելին, աշակերտների 8-11%-ն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել գնահատել նրանց

2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 24-42%-ը տոկոսը չի հաղթահարել բնագիտության TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին (օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից, պարզ գրաֆիկներ մեկնաբանելու դժվարություններ և այլն

2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6%-ը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին։

Ըստ ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) Համընդհանուր հիմնական հմտությունների զեկույցի՝ 2015-ի դրությամբ սովորողների մոտ 45%-ը Հայաստանում ձեռք չի բերել անհրաժեշտ հիմնական հմտություններ։ Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից խիստ մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը, որի համաձայն՝

✅բուհին հասանելիություն ունեցող ուսանողների ավելի քան 80%-ը ոչ աղքատ ընտանիքներից են, որ որպես արդյունք ունենում է աղքատության վերարտադրության փակ շրջանը այս ընտանիքների շրջանում։ Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթությունը, ի համեմատություն աղքատության շեմից ներքև գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն:

✅գյուղ-քաղաք տարբերությունը, որ դիտարկելի է, օրինակ, գյուղական վայրերում ուսումնառության արդյունքներով, որոնք զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են համապատասխանաբար, 12.1-ը և 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3-ը (սահմանամերձ տարածքներ) և 12.5-ը (հեռավոր գյուղեր):

Միաժամանակ ՏՀԶԿ Համընդհանուր հիմնական հմտությունների 2015 թ. զեկույցը պարունակում է Հայաստանի ՀՆԱ դինամիկայի կանխատեսում, ըստ որի եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեին ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը։ Այս դեպքում, ըստ զեկույցի, Հայաստանի համախառն ներքին արդյունքն այլ հավասար պայմաններում մեկնարկային 2015 թվականի համեմատ կաճեր 293%-ով։

Հանրակրթության փոփոխությունը օրվա խնդիր է հանրային զարգացման համար։