«Եթե այս անգամ էլ ամիսներով մնացինք հեռավար կրթության հույսին, կարծում եմ՝ բացասական արդյունքներն է՛լ ավելի կխորանան». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, նախկինում շատ է խոսվել, որ հեռավար կրթության դեպքում մի շարք խնդիրներ կան: Եթե դպրոցական արձակուրդից հետո որոշում կայացվի կրկին անցնել հեռավար կրթության, ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա մեր կրթական համակարգի վրա:

– Կարծում եմ՝ բացասական, որովհետև այս անընդհատ անցումները մի ձևից մյուսը ինքնին արդեն խնդիր են ստեղծում: Այսինքն՝ 100 տոկոս առկա, հետո 100 տոկոս հեռավար: Նաև այս անգամ հոգեբանական խնդիր է լինելու, որովհետև առաջին անգամ, որ անցանք հեռավարի, կար այն հոգեբանությունը, որ՝ հլը տեսնենք էս հեռավա՛րն ինչ է: Այսինքն՝ կարծես փորձարկում լիներ, բայց այն իրեն չարդարացրեց, ուսուցիչները, դասախոսները, աշակերտները, ուսանողները՝ գրեթե բոլորը, մի տեսակ հիասթափված էին, ու շատ ուրախացա, որ վերջապես վերադառնում ենք առկա ռեժիմին: 

Հիմա հոգեբանորեն դժվար է լինելու գնալ մի ռեժիմի, որը գիտեն, որ չի արդարացրել իրեն: Դրականն էլ այն է, որ այս անգամ և՛ ուսուցիչները, և՛ դասախոսները մի փոքր ավելի պատրաստված են, գոնե որոշակի գործիքներ, էլեմենտներ կարող են կիրառել: Տեխնիկական առումով գուցե այս անգամ ավելի լավ լինի այն առումով, որ աշակերտների թիվը, որ սարքեր չունեին, հիմա ավելի քիչ է, որովհետև շատերն արդեն այդ պահեստային սարքերն ունեն: Հուսանք՝ շուտ կվերականգնվի, ու կվերադառնանք դպրոցներ ու բուհեր: Որովհետև եթե այս անգամ էլ ամիսներով մնացինք հեռավարի հույսին, կարծում եմ՝ բացասական արդյունքներն է՛լ ավելի կխորանան:

– Նկատո՞ւմ եք, որ սահմանափակումները միայն կրթական ոլորտին են վերաբերում: Մասնավորապես, միջոցառումները, համերգասրահ, թատրոն, սրճարան, առևտրային կենտրոններ այցելությունները չեն արգելվում, կյանքը եռում է, որևէ սահմանափակում քաղաքում չկա: 

– Ինչ-որ առումով դա օբյեկտիվ է, որովհետև կրթական համակարգն ունի մարդկային ռեսուրսի ամենամեծ ընդգրկումը, այսինքն՝ ունենք 400 հազար աշակերտ, 75 հազար բուհերի ուսանող: Բնական է, որ ուրիշ ոլորտներում մարդկանց այդպիսի կոնցենտրացիա չկա: Այսինքն՝ օբյեկտիվ է, որ կրթական համակարգը դառնում է վիրուսի տարածման աղբյուր:

Բայց ուզում եմ նշել, որ եթե կա մի համակարգ, որը կանոնները քիչ թե շատ պահպանել է, դա դպրոցներն են: Այսինքն՝ փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում դպրոցներն ավելի լավ էին կանոնները պահում, քան հիվանդանոցները: Մի կողմից օբյեկտիվ է, որ դպրոցներն ու բուհերը տարածում են, մյուս կողմից էլ՝ դպրոցները հնարավորն արեցին: Նույնը բուհերի մասին չեմ կարող ասել, որովհետև բուհերում հսկողությունը շատ թույլ էր: 

– Կարո՞ղ ենք ասել, որ քովիդից ամենաշատը տուժել է հենց կրթական համակարգը:

– Իհարկե կարող ենք, որովհետև այս ամենն իր բացասական հետևանքը կունենա: Հատկապես տուժում են փոքր երեխաները, կրտսեր դպրոցը, 1-2-րդ կուրսերը, որոնք շատ-շատ բաներ կորցնում են: Նաև կրթական համակարգը մարդկային ռեսուրսի առումով է տուժում, մենք ունենք դպրոցներ, որտեղ 2-3 ուսուցիչ է մահացել: 

– Կամավոր ատեստավորման գործընթացը ցույց տվեց կրթական համակարգի խոցելի կետերը, երբ կեսից ավելին չէր բավարարել նվազագույն գիտելիքների պաշարը: Այս առումով ի՞նչ անելիք ունի կրթական համակարգը:

– Ամեն ինչ իր գինն ունի. եթե դու 30 տարի ուսուցիչներին նորմալ աշխատավարձ չես տվել, դա գին ունի: Եթե դու մի կարևոր համակարգ տասնամյակներով պահել ես թերֆինանսավորված, չի կարող դա բացասական արդյունք չունենալ: Սա օբյեկտիվ է: Եթե դուք էլ մի համակարգ թերֆինանսավորում եք, այն չի աշխատում: Ասենք, եթե ձեր ավտոմեքենան փչացել է, դուք հոգ չտանեք, ծախսեր չանեք, այն ձեզ չի ծառայի: Եթե դուք կրթական համակարգին գումար չեք տվել, այն չի կարող լավը լինել: 

Լուծումն այստեղ այն չէ, որ ուսուցիչներին դնենք քննության պրեսինգի տակ, մի հատ էլ էդպես կոտրենք: Եթե ես իմանայի, որ վատ աշխատող ուսուցիչներին կարող ենք փոխարինել լավերով, կարելի էր դա անել, բայց հիմա նույնիսկ Երևանում ուսուցիչ են փնտրում, այսինքն՝ հիմա փոխարինող էլ չունենք: Եղածներին որ հանենք, ո՞ւմ ենք բերում տեղը, որքանո՞վ են եկածներն ավելի լավը լինելու: 

Դրա համար, իհարկե, այդ տեսակ բաներ կարելի է անել, բայց պետք է շատ ավելի նուրբ ու զգույշ անել, մարդկանց շանս տալ: Ասենք, մարդկանց ասել՝ եկեք մի 3 տարի հանձնեք այս քննությունը, բայց ձեր քննության արդյունքը միայն դուք կիմանաք: Գիտե՞ք ինչու շատ քիչ մարդ մասնակցեց այդ ատեստավորմանը, որովհետև ուսուցիչները մտածում են՝ գնամ, ցածր ստանամ, հետո կրակն եմ ընկնելու, խայտառակվելու եմ: Այդ ցածր գնահատականն իմ դեմ են օգտագործելու: Բայց եթե ասեն՝ գնա, հանձնիր, միայն դու կիմանաս քո գնահատականը, այդ դեպքում մարդիկ ավելի ապահով կզգան, կփորձեն:

Այսինքն՝ պետք է ավելի զգույշ լինենք: Որովհետև եթե վախի մթնոլորտ ես սերմանում, մարդիկ սկսում են խուսափել, այլ ճանապարհներ փնտրել, բայց եթե ապահով ես անում, դա կարող է բերել նույնիսկ որակի բարձրացման: Մարդիկ կարող են մտածել՝ հանձնեցի, ստացա 50, գնամ մի քիչ էլ պարապեմ, մյուս տարի էլ փորձեմ, կարող է 60 լինի: Փորձարկումներ պետք է անել, էդպես միանգամից ասել՝ ով ցածր ստացավ, ուղարկելու ենք վերապատրաստման որպես թույլ ուսուցչի, դա արդեն իրենց վախեցնում է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am