«Հարգելի թեկնածուներ, ձեր քարոզարշավի ընթացքում Երևանն ավելի ու ավելի է ընկղմվում աղբի մեջ». Հրանուշ Խառատյան

«Երևանի քաղաքապետի և ավագանու հարգելի թեկնածուներ, ձեր քարոզարշավի ընթացքում Երևանն ավելի ու ավելի է ընկղմվում աղբի մեջ, թե բազմաբնակարան շենքերի աղբահանությունը չի իրականացվում, թե փողոցների աղբանների աղբակույտերն են սարեր դառնում,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշում է հասարակական գործիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ճիշտ ժամանակն է հասկանալու, թե հռետորաբանությունից ու խոստումներից անդին ձեզնից և ձեր թիմը ներկայացնող ավագանու հավակնորդներից ով ինչի է ընդունակ՝ ով կարող է հենց հիմա ազդել Երևանի քաղաքապետարանի վրա՝ այս սարսափելի չափերի հասնող աղբը հավաքելը կազմակերպելու, կամ ով կարող է առանց կոնկրետ վարչական լծակների կազմակերպել աղբահավաքությունը:

Երևանը մեր և ձեր տունն է ոչ միայն քաղաքապետի ընտրություններից հետո, այլ նաև մինչ այդ: Դե, մի բան արեք, կազմակերպեք մեր ու ձեր տան մաքրությունը, ուզում եք՝ շաբաթօրյակ կազմակերպեք, ուզում եք՝ մեքենաներ վարձեք, կամ կամավորներ հրավիրեք, ուզում եք՝ արագ դատի տվեք քաղաքապետարանի/թաղապետարանների համապատասխան ծառայություններին, օրենքի թույլտվության շրջանակներում ինչ ուզում եք՝ արեք, ապացուցեք Երևանի բնակիչներին, որ դուք գործունյա և հարցեր լուծող եք ոչ միայն վարչական լծակներով, այլ ստեղծագործ լուծումներով ապագա վարչարարներ եք:

Դուք կարո՞ղ եք շարունակել հանդուրժել, որ երեխաները դպրոց են գնում այս աղբակույտերի միջով, որ բազմաբնակարան շենքերում աղբատարի հոտից և անարգել բազմացող առնետներից փախչում են, կարո՞ղ եք հանդուրժել, որ մարդիկ քաղաքապետի ընտրություններին գնան այս աղբակույտերի միջով: Եթե կարող եք հանդուրժել, ապա երևանցիները ձեզ գուցե չվստահեն քաղաքապետի և ավագանու պաշտոնները»: