«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը
– Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկու անվան հետ, իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում գործող ռուսամետ ազդեցության գործակալներին, հրապարակվել են անուններ։ Նման բացահայտումները Հայաստանի իշխանությունների համար անակնկա՞լ էին, թե՞ ոչ:
-«Դոսյե»-ի հրապարակումը, չեմ կարծում, թե անակնկալ էր: Անունների հետ կապված նույնպես մեծ հաշվով անակնկալ չի եղել:
– Այս պայմաններում ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի իշխանությունը:
– Իշխանությունները, բնականաբար, բոլոր անհրաժեշտ գործողությունները կձեռնարկեն, որպեսզի այն մարդիկ, այն ուժերը, որոնք սպասարկում են այլ երկրի շահեր, որոնք չեն սպասարկում Հայաստանի շահերը, չեն ծառայում Հայաստանի շահերին, այլ ծառայում են այլ երկրների, դուրս մղվեն քաղաքական կյանքից:
– Դուք հայտարարել եք, որ չեզոքացնելու եք բոլոր նրանց, որոնք սպասարկում են այլ երկրների շահեր:
– Այո՛, հիմա էլ եմ կրկնում, և ՀՀ քաղաքացին մեզ հետ միասին մասնակցելու է այդ գործընթացին՝ մերժելով բոլոր այն ուժերին, որոնք ծառայում են այլ երկրների, որոնք դավաճանում են Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացիներին:
– Այնտեղ կոնկրետ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասով հայտարարություն կար, որ 2019-ին համագործակցության արձանագրություն են ստորագրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Այս մասով նույնպե՞ս անակնկալ չէր:
– Ես նախկինում նման մի լուր իմացել էի, այնպես որ, ինձ համար անակնկալ չէր: Կրկնում եմ՝ բոլոր ուժերին, ոչ միայն ԲՀԿ-ին, ՀՀ քաղաքացիներն իրենց վերաբերմունքով ցույց կտան, թե հետագայում այդ ուժերն ինչ անելիք ունեն Հայաստանում:
– Հաշվի առնելով վերջին օրերին իշխանություն-ԲՀԿ սրացումները, հնարավո՞ր է, որ կոշտ գործողություններ հենց ԲՀԿ-ի նկատմամբ լինեն:
-Չեմ բացառում որևէ բան, բայց նման իրավիճակում, իմ կարծիքով՝ ավելի շատ բան կախված է հանրության վերաբերմունքից, այլ ոչ իշխանությունների գործողություններից: Կգա ընտրությունների օրը, և ՀՀ քաղաքացին բոլոր այդ անձանց, որոնք դավաճանելով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիների շահերին, սպասարկել են, ծառայել են այլ երկրների հատուկ ծառայություններում, ՀՀ քաղաքացիներն իրենց քվեով ցույց կտան իրենց վերաբերմունքը այդ մարդկանց և այդ ուժերի նկատմամբ:
– Կա տեսակետ, որ մեր ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի «Դոսյե»-ի հրապարակած հետաքննության հիմքով: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
– Եթե որևէ իրավական գործընթացի կարիք լինի, կարծում եմ՝ այո՛, ԱԱԾ-ն պետք է սկսի իրավական գործընթաց:
– Մասնավորապես, նշվում է, որ պետք է քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանություն և 302-րդ հոդվածով՝ լրտեսություն:
– Եթե լինեն կոնկրետ անձանց հետ կապված բավարար փաստեր ու փաստարկներ, և այդտեղ լինի հանցակազմ, ապա, այո՛, պետք է զբաղվեն իրավապահները:
– Այդ փաստաթղթերում հիշատակվում են Հայկ Բաբուխանյանի, Անդրանիկ Նիկողոսյանի, Ծառուկյանի անունները: Այդ ցանկում որևէ մեկի անունը ձեզ համար բացահայտո՞ւմ էր:
– Հայկ Բաբուխանյանի անունն անակնկալ չէր: Այն, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա այցեր է ունեցել, դա նույնպես անակնկալ չէր, բայց քանի որ այս պահին բոլորի անուն-ազգանունները չեմ հիշում, չեմ կարող ասել, թե ում անունն էր անակնկալ, ումը՝ ոչ: Համենայնդեպս, նշված անուններից որևէ մեկինը անակնկալ չէր:
– Արդյոք նման բացահայտումները Հայաստանի ու ՀՀ իշխանության համար անվտանգության խնդիր ու մարտահրավե՞ր չեն:
– Անվտանգության խնդիր Հայաստանը միշտ ունի՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը:
– Իսկ ինչո՞ւ էին անունները ծածկանուններով: Այդ ծածկանունների տակ դուք իրական հերոսներին տեսա՞ք:
– Այո՛, ռուսական այդ կայքը մարդկանց ծածկանուններն է հրապարակել, և այդ ծածկանունների տակ, համենայնդեպս, կան կասկածելի անձինք:
– Ամեն դեպքում ԱԱԾ-ն նրանցով պե՞տք է զբաղվի:
– Եթե կա հանցակազմ, եթե կա իրավական գործընթացի պահանջ, միանշանակ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ գործով:
Մանե Հարությունյան
MediaLab.am