Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը

Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը
Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը

Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը, ցուցարարները, որոնք պահանջում են Կումտոր ոսկու հանքավայրի ազգայնացումը, ներխուժել են հանքը հոսանքով ապահովող «Տամգա» ենթակայան և անջատել են անջատիչը (рубильник)»,-հայտնում է «Ղրղզստանի լուրեր» կայքը: Հանքը շահագործվում է ղրղզա-կանադական խոշորագույն ներդրումային ծրագրի շրջանակներում:

Եթե մի քանի ժամվա ընթացքում հանքավայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնվի, ապա տեղի կունենա հանքի աշխատանքների արտակարգ վթարային դադարեցում: Աշխատողները հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են նախագահին կամ վարչապետին` մինչև ուրբաթ` ժամը 16:00:

Հանքավայրի աշխատողների գործադուլը սկսվել է դեռևս երեքշաբթի, երբ ցուցարարները դեպի հանք տանող ճանապարհը արգելափակել են յուրտաներով (վրանատիպ շարժական տնակներով): Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կանադական ներդրողների հետ պայմանագիրը, մեծացնել տեղի բնակչության սոցիալական նպաստների քանակը և կառուցել նոր մասնաշենք`շրջանային հիվանդանոցի համար:

Լեռնահանքային արհմիության կենտրոնական կոմիտեի տնօրեն Էլդար Տաջիբաևը հայտնում է, որ եթե մոտակա ժամերին ենթակայանի էներգասնուցումը չվերականգնվի, ապա ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի կունենա աշխատանքների վթարային դադարեցում (իսկ աշխատանքներն իրականացվում են «առանց դադար» ռեժիմով): Սա իր հերթին կհանգեցնի արտադրատեխնիկայի վնասման, որի վերանորոգումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների: Այս պահին ենթակայանը սնուցվում է սեփական գեներատորներից:

Կումտորը աշխարհում ոսկու ամենաբարձրադիր հանքավայրերից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 4 հազար մետր բարձրության վրա: Հանքի պաշարները կազմում են շուրջ 700 տոննա: Հանքի ակցիաների 100% սեփականատերը Տորոնտոյում գրանցված Centera Gold (Սենտերա Գոլդ) ընկերությունն է: Այս տարվա գարնանը ղրղզական մամուլում հայտնվեցին տեղեկություններ բազմաթիվ էկոլոգիական խախտումների մասին, որ կանադական ներդրողը թույլ է տվել հանքավայրի շահագործման ընթացքում:

Անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ հանքարդյունաբերող «Կումտոր» ընկերության: Բողոքի ցույցի արդյունքում Բիշքեկի Ալա-Տոո կենտրոնական հրապարակում տուժեց վեց ոստիկան:

«Համահայկական բնապահպանական ճակատ»

Թարգմանեց` Գոհար Սարոյանը

Աղբյուրները`

http://www.bfm.ru/news/217794?doctype=news

http://www.gazeta.ru/politics/news/2013/05/30/n_2943933.shtml