«Բոլորն էլ գիտակցում են, որ հատվել է այն կարմիր գիծը, որ որևէ կոմպրոմիս չի լինելու, որևէ հովանավորչություն չի հանդուրժվելու». Փաստաբանը՝ դատավորների գործով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, բացահայտվել է դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի օրինականացնելու և ապօրինի հարստանալու դեպքեր։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա ապօրինի հարստացման օրենքի գործելու առաջին դեպքն է: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում սա, որովհետև մի քանի օր է՝ բավականին մեծ է աղմուկը, արդյո՞ք իսկապես օրենքը սկսել է գործել։ 

– Որքան հիշում եմ՝ առաջին դեպքը չէ ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական հետապնդման, բայց դատավորների առումով, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, դատական իշխանության ներկայացուցիչ լինելու առանձնահատկությունը, վերջին 2 տարիներին հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխման համատեքստում դատական իշխանության ներսում կոռուպցիայի դեմ պայքարի հանգամանքը, այդ գործընթացը բնականաբար բավականին ուշադրություն է սևեռել իր վրա և բավականին կարևորություն է հաղորդում այդ գործին։ 

Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ քննության արդյունքում պարզ կդառնան ճշմարտությունը և մեղավոր անձանց շրջանակը: 

Անկախ նրանից, թե ովքեր են ներգրավված, ինչ հանգամանքներում են իրականացվել, այսպես ասած, արարները, եթե դատարանը հանգի հետևության, որ նրանք կատարել են հանցագործություններ, բնականաբար, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվության ենթարկվի՝ ելնելով այն համոզմունքից, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև: 

Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ դատական համակարգում խնդիրները շատ լուրջ են, և այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է պարզապես վճռականություն, և ես կողմ եմ այդ վճռական քայլերին: 

– Փաստորեն սա վճռականությա՞ն դրսևորում է, երբ արդեն դատավորներին են հասել:

– Ես կարծում եմ՝ այո՛, որովհետև որոշակիորեն կարելի է ասել՝ բեկումնային մթնոլորտ ձևավորելուն միտված քայլ է: Ընդհանրապես այդ ազգանուններն ինձ որևէ բան չեն ասում, բայց ես կարծում եմ, որ պետական կառավարման համակարգի, պետական ինստիտուտների, տեղական ինքնակառավարման համակարգի, ընդհանրապես պետական իշխանության մաս կազմող ինստիտուտներում պետք է գործի այդ մթնոլորտը, այսինքն՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, զրո հանդուրժողականություն հովանավորչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման: 

Այսինքն եթե պայմանականորեն անվանենք, որ դատական իշխանության մեջ սկսվել է մաքրման, ֆիլտրման, զտման գործընթաց, մենք պետք է արձանագրենք, որ բոլոր ինստիտուտներում պետք է հենց այդպիսի միջավայր ու մթնոլորտ ձևավորվեն: 

– Անակնկա՞լ էր դատավորների կողմից իրենց ունեցվածքը թաքցնելը՝ հաշվի առնելով, որ իրենք գիտեին, որ այս օրենքը գործում է և փաստորեն կեղծ տվյալներ էին ներկայացրել: 

– Գործի փաստական հանգամանքների վերաբերյալ չեմ կարող ավելին ասել, քանի որ շատ սուղ տեղեկատվություն է ներկայացվում հանրությանը, բայց բոլոր դեպքերում դատական իշխանության ներկայացուցիչների, դատավորների նկատմամբ միշտ փորձում ես ունենալ որոշակի վերաբերմունք այն առումով, որ նրանք տիրապետում են օրենսդրությանը, շատ լավ հասկանում են որևէ ենթադրյալ ապօրինի արարք կատարելու իրավական հետևանքները: 

Բոլոր դեպքերում դուք ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ հանրությունը առավել զգայուն է արձագանքում դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու գործընթացին, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտակցում են նրանց դերն ու նշանակությունը արդարադատության իրականացման ոլորտում, և մարդկանց մեջ շատ կարևոր հարց է առաջանում. եթե դատավորն է զբաղված ապօրինի գործունեությամբ, ես ումի՞ց հայցեմ արդարադատություն: Հետևաբար, բնական եմ համարում, որ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքերում հանրությունն առավել էմոցիոնալ, առավել կարևոր է ընկալում այդ դեպքերը: 

Ես ուզում եմ ընդգծել, որ մենք այլ ճանապարհ չունենք, ուզենք թե չուզենք պետք է անցնենք այս ճանապարհով, որպեսզի ունենանք այնպիսի դատական իշխանություն, որի նկատմամբ հավատ կունենանք: 

Սա յուրատեսակ բյուրեղացման գործընթաց է, և ես վստահ եմ, որ սա շատ լուրջ կանխարգելիչ հետևանքներ կունենա, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ հատվել է այն կարմիր գիծը, որ որևէ կոմպրոմիս չի լինելու, որևէ հովանավորչություն չի հանդուրժվելու: 

Բոլորը շատ լավ հասկանում են, որ այլևս հին ժամանակներին վերադարձ չի լինելու, այլևս Բաղրամյան 26-ից արդարադատություն չի պարտադրվելու, այլևս հեռախոսազանգով արդարադատություն չի հանդուրժվելու, այլևս հովանավորչությամբ, կաշառքով դատական ակտեր չեն կայացվելու: 

Եվ եթե մեր դատական համակարգում դեռ կան այնպիսի դատավորներ, որոնք այդպիսի ընկալումներով են առաջնորդվում, ես որպես ՀՀ քաղաքացի կհորդորեմ նրանց օր առաջ կամավոր թողնել իրենց զբաղեցրած դիրքը և հեռանալ դատական իշխանությունից: 

Որովհետև եթե այսօր չգան իրենց հետևից, վաղը-մյուս օրը, մի օր անպայման գալու են: Սա շարունակական պրոցես է՝ մինչև մաքրման վերջին փուլը: 

Կոռուպցիայի դեմ պայքարը մեկօրյա պայքար չէ, որ ասենք՝ այսօր պայքարեցինք, հասանք հաջողության, ավարտեցինք ու վերջ, մենք էլ խնդիր չունենք իրականացնելու: 

Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի ենթակառուցվածքներ և այնպիսի հասարակական հանրային միջավայր, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ դատավորը կարող է կաշառք վերցնել: Կամ կարող է հնարավոր լինի որևէ դատական ակտ կորզել դատավորից՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կամ ինչ-որ շնորհակալության արդյունքում: 

– Կարելի՞ է սա բնորոշել որպես յուրահատուկ վեթինգ: 

– Կարելի է նաև այդպես ասել, բայց քանի որ գործ ունենք լոկալ դեպքերի հետ, ես չեմ փորձի ընդհանրական գնահատական տալ դատական իշխանության ներսում խորքային փոփոխություններին: 

Կոնկրետ գործի հետ ենք առնչվում, և կոնկրետ գործով իրականացվում է քրեական հետապնդում, տեսնենք, թե արդյունքն ինչպիսին կլինի: 

Վեթինգը մի քիչ ավելի գլոբալ և համակարգված, ամբողջ դատական իշխանությունը ներառող գործընթաց է, որը վերաբերում է դատական իշխանության 100 տոկոսին: Այս դեպքում գործ ունենք լոկալ դեպքի հետ, բայց, այո՛, սա կարելի է համարել յուրովի ֆիլտրման գործընթաց: 

– Այսուհետ դատավորներն ավելի զգուշավո՞ր կլինեն, սա նախադե՞պ կլինի:

– Ես միտումնավոր չեմ անդրադառնում գործի դետալներին, բայց փաստական հանգամանքների համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ բավականին լուրջ հանգամանքների հետ գործ ունենք: 

Այդ առումով դատական իշխանության ներկայացուցիչները առավել քան զսպվելու, առավել քան զգուշանալու կամ զգուշորեն գործելու խնդրի առջև են կանգնում: Ի վերջո, բոլորը պետք է գիտակցեն, որ ով խնդիր ունի օրենքի, իրավունքի, օրինականության հետ, մի օր անպայման գալու են իր հետևից: 

Այսինքն՝ պատի անխուսափելիության սկզբունքը պետք է դառնա անշրջելի նորմ մեր կյանքի բոլոր ոլորտների և սուբյեկտների համար, իսկ դատավորների համար՝ հատկապես: 

Հետևաբար, որքան շուտ դատական իշխանությունը գիտակցի, որ այլևս վերջ, անցյալի ժամանակները ջնջված են, և մենք գործ ունենք խաղի որակապես նոր կանոնների հետ: 

Դատական իշխանության ներսում մաքուր, անկաշառ դատավորներն իրենք պետք է դառնան նախանձախնդիր և ներսում չհանդուրժեն որևէ այլ գայթակղություններով առաջնորդվող և գործող դատավորի, և իրենք ինքնամաքրման ճանապարհով հասնեն դատական իշխանության մաքրազատմանը: 

Ես պնդում եմ, որ մենք դատական իշխանության մեջ ունենք այնպիսի դատավորներ, որոնք կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունն ու առաքելությունը և հասնել դատական իշխանության մաքրմանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am