Հրավառություններ կլինեն միայն տոնական օրերին. նախագիծ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Խոսքը վերաբերում է հրավառության նյութերին։

Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք. «Հրագործական արտադրատեսակների մասով այս պահին առաջարկվում է, որ տարիքային շեմի հետ կապված վերահսկողությունը վերապահվի ՏԻՄ-ին, իսկ պահեստավորման հարցերը, որ անվտանգության առումով լիցենզիայի պահանջներով են, վերապահվի տեսչական մարմիններին»։ 

Նաև նշվեց, որ մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։