Մարությանը լքե՞լ է ՔՊ-ն․ կուսակցության իրարամերժ հայտարարությունները․ FIP.am

2020 թվականի պատերազմից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խզել է կապերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։ 

Խոսակցություններն ավելի թեժացան 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ այն ժամանակվա վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը քննադատեց Մարությանին․

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»։ 

Հարությունյանի այդ հայտարարությանն ի պատասխան` քաղաքապետի խոսնակը հայտնեց, որ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

Դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արդեն պաշտոնապես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Հայտարարության մեջ, ի թիվս այլ հիմնավորումների, նշվում է նաև, որ «Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը»։

Սակայն 2021 թ․ հունվարի 27-ին այն ժամանակ դեռ ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում նշել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մեկ ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պնդումը, թե Մարությանը 2020 թ․ դեկտեմբերին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հակասում է հենց ՔՊ-ի՝ 2021 հունվարին տված պարզաբանմանը: 

Հ․Գ․ «Փաստերի ստուգման հարթակը» Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալու ամսաթվի մասին հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի պատասխանը ստանալուն պես կթարմացնենք հոդվածը։

Փաստերի ստուգման հարթակ