Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։