ՊՆ նախարարն ընդհանրապես խոսելու տեղ չունի, մենք չենք լսում նրա բացատրությունները, թե ինչո՛ւ են զոհվում զինվորները բանակում. Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լյուստրացիայի ենթարկենք մեր այդ շրջապատին։ Արդեն դիմել եմ վարչապետին, որ նմանատիպ գործընթաց սկսվի պետական կառավարման համակարգում։ Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից»։ Ինչո՞ւ նման հայտարարությամբ հանդես եկավ Պապիկյանը, ինչպե՞ս կմեկնաբանեք այն։ 

– Այդ պահին, երբ խորհրդարանում ելույթ էր ունենում պաշտպանության նախարարը, զինվորի մահվան հերթական դեպքի մասին հայտարարվեց, ու եթե ինքը խոսում է զինակոչիկների քաղաքացիությունից հրաժարվելու, բանակից խուսափելու մասին, ապա թող առաջինը խոսի իր պատասխանատվության մասին՝ զինվորների մահվան դեպքերի համար ու կարգի բերի բանակը։ Թող ինքը նախ բացատրի կատարվողը, երաշխավորի զինվորի կյանքը զորակոչման դեպքում, հետո նոր նման հայտարարություն անի։ Ոչ մի բան ավելի թանկ չէ, քան զինվորի կյանքը, անտեսել սա ու զինվորի մահվան մասին հաղորդագրություն տալ վեց-յոթ ժամ հետո, երբ ամբողջ մամուլն արդեն խոսում էր դրա մասին, արդեն ամեն ինչ ասում է։ 

Իսկ այդ հարցերը, որոնց մասին նա խոսում էր, իբր խիստ հայրենասեր է, մահերի այս ֆոնին երկրորդական են դառնում, թող բանակը կարգի բերի, որ խոսելու տեղ ունենա։ Պաշտպանության նախարարն ընդհանրապես խոսելու տեղ չունի, մենք չենք լսում նրա բացատրությունները, թե ինչո՛ւ են զոհվում զինվորները բանակում, իսկ առաջնային հարցը դա է։ 

Ինձ համար անհասկանալի մնաց, թե նա ինչո՛ւ այդ հարցը բարձրաձայնեց, իրենք շատ լավ գիտեն, թե ով է այդ պաշտոնյայի երեխան, որ չի ծառայում, շատ լավ գիտեն, հետո կերևա, թե ինչո՛ւ են իրենք այդ հարցերի մասին խոսում՝ ամենակարևոր հարցը թողած։ Ամիսը երկու-երեք մահվան դեպքի մասին ենք մենք լսում, այս մասին ինքը պետք է խոսի։ Բանակում լիքը խնդիրներ կան, իսկ ինքը բարեփոխումներից է խոսում, այն էլ՝ մուննաթով։ Դու ի՞նչն ես բարեփոխում, որ անընդհատ մենք այդ մահվան դեպքերի մասին ենք խոսում, ընտանիքի միակ տղան, տանում ես գլուխը ուտե՞ս բանակում, ո՞վ պետք է պատասխան տա։ 

– Իսկ Պապիկյանի ասած լյուստրացիայի հույսը ունե՞ք։

– Իհարկե չունեմ, կրկնում եմ՝ ինձ համար դա երկրորդական, երրորդական հարց է, եկել լուրջ դեմքով էլ հայտարարում է, կամ Նիկոլ Փաշինյանին դա հետաքրքրո՞ւմ է՝ զինվորների վիճակը, մահերը։ Բանակը կարգի բերեք, հետո նոր խոսեք պաշտոնյաների էրեխեքի ծառայել-չծառայելու մասին։ Ձեր շրջապատն են այդ պաշտոնյաները, իբր ուզում եք ասել, թե ինքնաքննադատությա՞մբ եք զբաղված։ Մի տղա, որը մեզ հարցազրույց էր տվել, այս եռամսյա հավաքներին մասնակից, ասել է, որ ոչ մի պաշտոնյայի երեխա չի ծառայում, ինչպես միշտ է եղել։ Այդ հարցերը թող լուծի, ոչ թե հայտարարություն անի։ Խորհրդարանում ինքը պետք է գլուխը կախեր ու մեղա գար այդ մահվան դեպքերի համար։ 

– Տիկի՛ն Ալեքսանյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ նախարարը մահվան դեպքերին չի անդրադառնում, իր մեղքի բաժին չի տեսնում, գուցե հանրությո՞ւնը չի պահանջում դա։

– Որովհետև իրեն չեն հետաքրքրում այդ դեպքերը, շատ թեթև են տանում դրանք, եթե իրեն հետաքրքրեր՝ գոնե մի բառ կխոսեր։ Դրա փոխարեն դատարկ հարցի մասին էր խոսում ու չգիտեմ՝ ի՛նչ դիվիդենտներ էր փորձում շահել, բայց իրենք չեն տեսնում, որ մենք ամեն ինչ տեսնում ենք։ 

Ինչ վերաբերում է հանրությանը, ի՞նչ կարող է անել, բարձրաձայնում ենք այդ հարցերը։ Նույնիսկ չեմ կարող նախկին իշխանությունների, Սեյրան Օհանյանի հետ համեմատել, որը կարող էր վեր կենալ ու գնալ հոգեհանգստի արարողության, մեղքի զգացում ունենալ։ Ունի՞ մեղքի զգացում Սուրեն Պապիկյանը։ Ինքն իրեն վեր է դասում ամենից, իրեն թվում է, թե ինքն ավելի արժեքավոր է, քան այդ զինվորը, բայց իհարկե այդպես չէ։ Իսկ այդ լյուստրացիայի առաջ քաշումը կարևորագույն հարցերից խուսափելու նպատակով է արվում։ Պարզ չէ՞, թե ինչու են խուսափում բանակից, որովհետև ապրել են ուզում, ոչ մեկի կյանքը երաշխավորված չէ բանակ զորակոչվելու դեպքում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am