ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին: 

Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ: 

Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի: