Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին

Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Համաձայնեցվել է, որ ԱԷՄԳ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի խցիկների հետ», – նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան եւ բանակցություններ կվարի իշխանությունների հետ», – հավելել է Էսլամին:

Նրա խոսքով ՝ «Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի և ԱԷՄԳ-ի միջև վստահության ամրապնդմանը»։ «Մենք կառուցողական բանակցություններ ենք անցկացրել, եւ մեր միջեւ խնդիրները միայն տեխնիկական բնույթ են կրում», – հավելել է նա:

Մայիսի վերջին ԱԷՄԳ-ն եւ Իրանը համաձայնության են հասել իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգի վերաբերյալ ժամանակավոր պայմանավորվածությունը երեք ամսով երկարաձգելու մասին, որի գործողության ժամկետն ավարտվել է մայիսի 23-ին, բայց հետո երկարաձգվել է մինչեւ հունիսի 24-ը:

Նախնական պայմանավորվածությունը համաձայնեցվել է փետրվարի 23-ին իրանական նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որը դադարեցրել Է ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը:

Արդյունքում Գործակալությունը զրկվել է Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկման խցիկներին հասանելիությունից։