Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան

Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասաց վարչապետը: