«ժողովուրդը պետք է շատ աշխատի, որ այս երկիրը դարձնենք երկիր, առաջ չէին ուզում աշխատել, որովհետև գիտեին, որ այդ շներն են ղեկավարում». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում: Մարդկանց մտածելակերպի փոփոխություն տեսնո՞ւմ եք:

– Մտածելակերպը ժողովրդի մոտ չի փոխվել, բայց կառավարման համակարգում փոխվել է, և դա հաճելի է, որովհետև ես չեմ սիրում սուտը, փողկապով մարդկանց ձևերը: Եվ այն, որ վարչապետը Մերկելին այդպես է դիմավորում, ինձ շատ է դուր գալիս: Որ ասում են՝ շոու է անում, այդպես չէ, երկրում իսկական դեմոկրատիա է, ասում են՝ խաղ է, չէ՛, ես համաձայն չեմ: Ես գնացի մշակույթի նոր նախարարի մոտ, կարգին դիմավորեց, հլը ես էլ ասացի՝ թույլ կտա՞ք համբուրեմ նախարարին: Ասաց՝ խնդրեմ: Գրկախառնվեցինք, համբուրվեցինք, այսինքն՝ նորմալ մարդ է: Ես չգիտեմ՝ հետագայում ի՛նչ կդառնա, բայց հուսով եմ, որ այս մարդկային սովորական վերաբերմունքը կմնա: Պաթոս ու լաց չեմ սիրում, ես ինքս բեմադրիչ եմ, շատ եմ սիրում անմիջականությունը:

– Այսինքն՝ մեկ մարդու միջոցով պետական կառավարման համակարգում փոփոխությո՞ւն է լինում:

– Ես չեմ ասում, որ բոլոր նշանակումներն անթերի են, բայց, օրինակ՝ ԱԱԾ տնօրենը շատ է դուրս գալիս, մեր մշակույթի նախարարն է շատ լավը: Տա Աստված, որ սխալ լինեմ, բայց առողջապահության նախարարի մեջ ինչ-որ բաներ դուր չեն գալիս: Անթերի մարդ չկա: Մենակ այն, որ Փաշինյանը մեզ պրծացրեց Սերժիկից, դա արդեն մեծ բան էր: Այսօր իմ ուսանողի հորը հարցնում եմ՝ էս ինչի՞ ես թրաշ պահել: Ասաց՝ պարո՛ն Ծատուրյան, մինչև Ռոբերտ Քոչարյանին չնստացնեն, չեմ թրաշվելու:

– Այս բացահայտումներն ի՞նչ ապացուցեցին՝ համատարած թալա՞ն կար:

– Առանց բացահայտումների էլ գիտեինք, որ ամեն օր թալանում են: Հիմա ասում են՝ ինչո՞ւ ես կողմ, որ Հայկը քաղաքապետ լինի: Ինձ դուր է գալիս, Ռեյգանն էլ էր դերասան: Ի՛նչն է ինձ համար կարևոր, որ Հայկը քաղաքացի է, տարբեր ակցիաների ժամանակ ժողովրդի կողքին էր: Կյանքում նա բավական լուրջ տղա է: Երիտասարդներին պետք է տեղ տալ: Ես ինքս իմ պաշտոնը հանձնեցի երկու երիտասարդի, նրանք հիանալի ղեկավարում են թատրոնը: Բա ջահելներին պետք է տեղ տանք, սովորել ենք, որ անպայման պետք է լինի 50-ն անց մարդ, որ վստահենք:
Ջահելն ընենց բաներ կարող է մտածել, որ մեր մտքով չի անցնում: Բա պետք է մի քիչ խենթ ու խելառ լինել, ոչ թե պաշտոնական ու «ճիշտ», «ճիշտ» թալանեն, «ճիշտ» լցնեն տակները:

– Մշակույթի ոլորտում փոփոխություն նկատո՞ւմ եք, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել:

Շուտ է, 100 օրն ի՞նչ է, երեք ամսում ի՞նչ պետք է փոխվի: Բայց ես խոսեցի նախարարի հետ, ինչ-որ բան առաջարկեցի, մեծ սիրով ընդունեց: Մենք 2013 թվականին Գյումրիում ունեինք «Դուետ» թատերական փառատոն, որը մեծ արձագանք ստացավ, միջազգային փառատոն էր: Ես գնացի, նոր նախարարին ասացի՝ եկեք անենք, ասաց՝ կանենք: Եթե չարեց, արդեն ես իմ կարծիքը կփոխեմ:

– Իսկ ի՞նչ պետք է փոխվի մարդու մեջ, որպեսզի մարդն ավելի հաճախ գնա թատրոն:

– Պարզ է, որ դա մեկ օրվա գործ չէ, բայց շատ բան կախված է ղեկավարից: Գյումրիի թատրոնում հիմա լեփ-լեցուն դահլիճներ են, տնօրենը կարողանում է գտնել այնքան հետաքրքիր ձևեր, որ գրավի հանդիսատեսին: Մտնում ես Գյումրի, վերևում տեսնում ես՝ «Թատրոն կերթամ», Ֆրունզիկի նկարով: Դուրս գալիս մյուս կողմում՝ «Թատրոն գացի՞ք»: Մեծ-մեծ պաստառներ, նոր ներկայացումներ, աբոնոմենտներ են ստեղծում: Ներկայացման մեջ բերում է դերասանների, ովքեր ճանաչում ունեն, անպայման հանդիսատես կբերեն: Մարդն այնպիսի պայմաններ է ստեղծել թատրոնում, որ դերասանները չեն ուզում տուն գնալ: Հրանտ Մաթևոսյանը մի հանճարեղ գործ ունի՝ «Տերը»: Հենց որ տեր եղար, ամեն ինչ կլինի: Ես մի հարցազրույց էի տվել, որին վերնագիր էին դրել՝ «Աշխատավարձերը չեն բարձրացնում, հորս ցավը թող բարձրացնեն, պե՛տք չի»:

Էդ էին դրել վերնագիրը, ժողովուրդն էլ ինձ քննադատում էր՝ չե՞ս ամաչում, գետինը մտնես: Բայց իմ խոսքը կոնտեքստից կտրել են, ես ասում եմ՝ երկիրը պետք հզորացնել, մի՛ նստեք սպասեք, որ արտասահմանից օգնությունը կգա ու կլցվի ձեր ջեբերը: Չէ՛, պետք է գնա պետական բյուջե, որպեսզի երկիրը հզորանա: Հենց որ երկիրը հզորացավ, ձեր աշխատավարձերն էլ կապահովեն: Նախկին կառավարության ժամանակ այդպես չէր, որովհետև նրանք իրենց տակն էին լցնում, իսկ հիմա հնարավոր է: Այսօր իսկապես պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, ես չգիտեմ՝ ինչքանո՛վ կհաջողի, բայց որ կա այդ պայքարը՝ տեսնում եմ:

Ուրեմն եկեք վստահենք մեր կառավարությանը, ժողովուրդը պետք է քիչ զբաղվի քաղաքականությամբ, մի քիչ գեղեցիկ բաներով, արվեստով թող զբաղվեն: Ես մտնում եմ youtube ու երաժշտություն եմ լսում, մեկ էլ կինս գալիս է, ասում՝ իմացա՞ր, Մանվելը… Այդ այլանդակ ու հրեշային դեմքը առաջս է գալիս, ի՞նչ Մանվել, ես հիմա Շոպեն եմ լսում: Ա՛յ էդ մանվելների մասին անընդհատ խոսակցությունները ժողովրդի մեջ արթնացնում են բացասական էմոցիաներ, և մարդ չարանում է:

Չէ՛, վստահենք կառավարությանը: Հիմա ժողովուրդը պետք է շատ աշխատի, որ այս երկիրը դարձնենք երկիր: Առաջ չէին ուզում աշխատել, որովհետև գիտեին, որ այդ շներն են ղեկավարում: Այդ գիտակցությունը պետք է մարդկանց մոտ փոխել: Հեղափոխության ակցիաների օրերին իմ ամենասիրած դրվագը, որից հուզվեցի, այն էր, երբ ժողովուրդն սկսեց մաքրել հրապարակը: Սա արդեն քաղաքացիության արթնացում է մարդկանց մեջ:

Այսինքն՝ բոլոր ոլորտներում պետք է արթնանա՞ այդ գիտակցությունը:

– Անպայման, մարդկանց մոտ «ռուբիլնիկը» պետք է չխկացնեն, որ նոր ձևով մտածեն:

– Մենք գիտենք, որ կան մտավորականներ, ովքեր մշտապես հաճոյանում են իշխանություններին: Հիմա էլ տեսանելի է, որ նոր իշխանության շուրջն է նման խումբ ձևավորվում: Ինչի՞ց է գալիս այս մտածելակերպը, ինչո՞ւ մարդիկ չեն փոխվում:

– Մարդիկ կան, որ երբեք չեն փոխվի, մարդիկ էլ կան, որ էն գլխից փոխված են: Տվյալ դեպքում ես ո՛չ նրանց եմ ողջունել, ո՛չ էլ սրանց: Ես այս էյֆորիան էլ չեմ սիրում: Պետք է հանգիստ լինել: Ուզում եմ հավատալ Նիկոլ Փաշինյանին և դեռ հավատում եմ, բայց հետո՝ չգիտեմ:

– Երկրում նկատվող հակահեղափոխական ուժերը կարո՞ղ են զանգված հավաքել իրենց շուրջը:

– Չի կարող հակահեղափոխություն չլինել, քանի որ ամեն հեղափոխություն իր մեջ ունի հակահեղափոխություն: Աստված չանի, եթե հանկարծ մարի այս հեղափոխական կրակը, այդ դեպքում մենք կկորցնենք Հայաստանը: Իսկ եթե նորից գան հները, այնպիսի արտագաղթ կսկսվի, որ արդեն երկիրը կդատարկվի:

Եթե նույն Ռոբիկը, ով շատ քցիպ է, Արցախի համար գումար չտվեց, բայց հիմա մարդկանց ասի՝ ես ձեզ ամեն մեկիդ տալիս եմ 150 հազար դրամ, ոչ թե 10 հազար, մարդիկ կգնան փողի հետևից:

Հիմա ի՞նչ են անում՝ թանկացումներ են դրել, աղբը չեն հավաքում, մեզ մոտ՝ Մասիվում ամեն օր լույսերն անջատում են, այսինքն՝ ինչ-որ կառույցներ գործում են կառավարության դեմ, որպեսզի դժգոհություն առաջացնեն մարդկանց շրջանում: Եվ դրա վրա, իհարկե, գումարներ են ծախսվում: Ես չեմ ուզում հավատալ, բայց գումարի չափից է կախված, եթե շատ մեծ գումար եղավ՝ մարդիկ կգնան հետևից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am