«Ռուսաստանն ընդհանրապես պասիվ չէ, նա իր շահերն ու դիրքորոշումներն ունի, որոնք հստակ փոխանցել է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

 – Պարո՛ն Պողոսյան, հունիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Ի՞նչ սպասելիքներ ունենալ Լավրովի Երևան այցից:

– Քանի որ այցն ուղղակիորեն երկկողմ այց չէ, այլ ՀԱՊԿ արտգործնախարարների այցն է նախատեսված, հետևաբար ես շատ մեծ ակնկալիքներ չունեմ, թե ինչ-որ ճակատագրական որոշումներ են ընդունելու, մանավանդ՝ մեկուկես ամիս առաջ Հայաստանի ղեկավարն էր Մոսկվայում և առանձնազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կարծում եմ, այն ժամանակ հնարավորություն ունեցել են ամբողջական հարցերի շրջանակ քննարկելու, ու Ռուսաստանի ղեկավարն իր պատկերացումները փոխանցել է Հայաստանի ղեկավարին:

Չեմ կարծում, թե այս մեկուկես ամսում ինչ-որ բան է փոխվել, այսօր, առավելագույնը, Լավրովը կարող է նույն մեսիջները փոխանցել, ու եթե Ռուսաստանի մոտ մտահոգություններ կան, որ մեսիջները լավ չեն հասկացվել, կամ Հայաստանը կատարում է քայլեր, որոնք այնքան էլ համահունչ չեն այդ ուղերձներին, գուցեև դրա մասին ինչ-որ ակնարկ արվի: Չենք կարող ասել, թե այս այցից հետո որևէ լուրջ որակական փոփոխություն է սպասվում հայ-ռուսական հարաբերություններում:

– Այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը:

– Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև այն բազմակողմանի է, այսինքն՝ առնվազն փորձում է բազմակողմանի լինել: Ընդհանուր առմամբ, ես կասեի՝ ավելի շատ պաշտպանվողի և հստակություն մտցնողի դիրքում ենք, քանի որ մի կողմից փորձում ենք հստակություն մտցնել՝ ինչ ենք ցանկանում, որովհետև միջազգային հանրությունը, գոնե Արցախի հարցում, այդպես էլ մինչև վերջ չի հասկանում, թե Հայաստանն ինչ է ցանկանում:

Ենթադրում եմ, որ հայկական կողմը վերջապես ցանկանում է հստակեցնել, թե Արցախի հարցում որն է մեր դիրքորոշումը, ու երկրորդ՝ փորձում ենք անընդհատ հերքել ադրբեջանական կողմի հայտարարությունները: Այսինքն՝ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է երկու բանի վրա՝ հստակեցնել մեր ցանկությունները կամ պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ ու հերքել Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանը համաձայն է Զանգեզուրի միջանցքին, Հայաստանը համաձայն է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն:

– Թե՛ արցախյան հակամարտության խնդրի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի քննարկումները երկու միջնորդների՝ Մոսկվա, Եվրամիություն, առանձին ջանքերով, որոնց մասնակցում է Հայաստանը, ավելի շատ օգնո՞ւմ, թե՞ վնասում են գործընթացներին: Նկատի ունեմ՝ որքանո՞վ է ճիշտ միևնույն խնդիրը քննարկել երկու առանձին հարթակում, պարո՛ն Պողոսյան:

– Երկրորդ հարթակն առաջացավ, երբ Շառլ Միշելը անցած տարի հուլիսին, երբ Հայաստանում էր, առաջարկեց, որ Եվրամիությունը պատրաստ է հարթակ տրամադրելու բանակցությունների համար: Որքան ես եմ հասկանում, Շառլ Միշելը չի պարտադրել, ոչ էլ ցանկություն է ունեցել պարտադրելու, որ անպայման եկեք բանակցությունների, նա ընդամենն ասել է, որ 2020 թվականին, քանի որ Եվրամիությունն ընդհանրապես չկար, նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Եվրամիությունը չկար, բայց, ամեն դեպքում, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ Արևելյան գործընկերության անդամ պետություններ են, և այստեղ Եվրամիությունը կա:

Որպեսզի պատերազմի ժամանակ ու դրանից հետո Եվրամիության զրո ներկայությունը կոմպենսացնի, Եվրամիությունն ընդամենը առաջարկեց հարթակ, ու եթե կարողանան ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվածությունների գալ, շատ ավելի լավ, եթե՝ ոչ, ինչպես ասում են, վնաս չէ: Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող մերժել, ու մերժելը սխալ կլիներ: Հետևաբար, սա ևս մեկ հարթակ է, որտեղ կայացվող որոշումները կախված են Հայաստանից:

– Բայց միևնույն գործընթացի համար ունենալ երկու հարթակ՝ լա՞վ է, թե՞ վատ:

– Որպես փաստ, այն կարող է ո՛չ ձեռնտու լինել, ո՛չ՝ վնաս: Եթե դու նույն հարցերն ես քննարկում, և քո դիրքորոշումը հստակ է, դա ինքնին որակական փոփոխություն չի կարող բերել: Ամեն դեպքում՝ հաստատ վատ չէ, մի փոքր դրական է, որովհետև հնարավորություն է տալիս կողմերին ավելի շատ շփվելու, բայց մնացածը՝ թե դա ինչի կբերի, Հայաստանի խնդիրն է:

– «Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,- այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Մոտ ապագայում Մինսկի խմբի աշխատանքների վերսկսում ակնկալո՞ւմ եք:

– Բոլորին է հասկանալի, որ փետրվարի 24-ից հետո համանախագահություն չկա, իսկ առանց համանախագահության Մինսկի խումբը չի կարողաշխատել, որովհետև խմբի աշխատանքն է ընդամենը ստանալ տեղեկույթ համանախագահների կատարած քայլերի մասին, եթե համանախագահություն չկա, ու չկան քայլեր, Մինսկի խումբն ինքնին աշխատել չի կարող:

Հետևաբար դե յուրե մենք կունենանք իրավիճակ, որ և՛ Մինսկի խումբը գոյություն ունի, և՛ համանախագահությունը, որովհետև բացառում եմ, որ ԵԱՀԿ-ն որոշում ընդունի Մինսկի խումբը լուծարել կամ համանախագահության մանդատը չեղարկել, սակայն համանախագահություն փաստացի գոյություն չունի, իսկ քանի որ Մինսկի խումբն ընդամենը համանախագահությունից տեղեկություններ ստանալու կարգավիճակում է, հիմա նա այդ տեղեկությունները չի ստանա:

Մոտ ապագայում գրեթե բացառում եմ համանախագահության աշխատանքների վերսկսումը, ֆորմալ առումով, Հայաստանի արտգործնախարարը կամ այլ պաշտոնյաներ կարող են գնալ Վիեննա ու հանդիպել Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ, դա խնդիր չի առաջացնում, բայց աշխատող մարմինը համանախագահությունն էր, որը փետրվարի 24-ից հետո չի աշխատում, ու, վախենամ, նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում չի աշխատի:

– Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Մոսկվան պասիվությո՞ւն է դրսևորում արցախյան հարցի կարգավորման գործընթացում, թե՞ այդ պասիվությունը թվացյալ է, պարո՛ն Պողոսյան:

– Չէ՛, Ռուսաստանն ընդհանրապես պասիվ չէ, նա իր շահերն ու դիրքորոշումներն ունի, որոնք հստակ փոխանցել է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Դիրքորոշումը հետևյալն է. ռուսական զորքերը մշտական տեղակայված են լինելու Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի հիմնական խնդիրը դա է, իսկ մնացածը՝ ինչպես դա կփաթեթավորվի, քննարկման ենթակա է: Ցանկացած քայլ, որը միտված կլինի ռուսական զորքն Արցախից հեռացնելուն, Ռուսաստանի կողմից մերժվելու է ու դիտվելու որպես թշնամական քայլ:

– Պարո՛ն Պողոսյան, գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, թե քանի որ այս հարցերով բանակցում է Նիկոլ Փաշինյանը, չպետք է սպասել «հայանպաստ որևէ արդյունքի»: Եթե ընդդիմությունը հաջողի, ու իրենք գան իշխանության, մենք բանակցային գործընթացում իսկապե՞ս կունենանք զգալի փոփոխություն, թե՞ կլինի այն, ինչ կա Նիկոլ Փաշինյանի ժամանակ:

– Ձեր հարցը, մաթեմատիկայի լեզվով ասած, տասը անհայտով ու զրո հայտնիով հավասարում է: Նախ՝ ընդդիմությունը պետք է հստակեցնի՝ ով է այդ բանակցողը: Ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ ոչ մեկը չգիտի՝ ով է վարչապետի իրենց թեկնածուն: Երկրորդ՝ պետք է հասկանանք, թե այդ մարդու դիրքորոշումը որն է, այսինքն՝ իրենց նպատակը ո՞րն է, ի՞նչ են ուզում, որ Արցախը ճանաչվի անկախ պետություն իր ներկա սահմաններո՞վ, Արցախը ճանաչվի անկախ ԼՂԻՄ-ի սահմաններո՞վ, դառնա Հայաստանի մա՞ս, դառնա Ռուսաստանի մա՞ս, թե՞ Ադրբեջանի կազմում ստանա ինքնավարություն: Ոչ մի հայտնիություն չկա, եթե հայտնի չէ, թե ո՞վ է բանակցողը, ու ի՞նչ է ցանկանում նա, ինչպես ասենք, որ ընդդիմությունը գա, ավելի լավ կբանակցի:

– Հայտարարությունը, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դիրքորոշում չե՞ք համարում:

– Դա կարելի է համարել մեկնարկային դիրքորոշում, բայց այստեղ մի շարք անհայտներ կան: Լավ, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց ո՞ր սահմաններով Արցախի մասին են խոսում: Ենթադրենք՝ Արցախ ասելով հասկանում են ԼՂԻՄ-ը, հետևաբար դա ի՞նչ է նշանակում, որ իրենք ընդհանրապե՞ս բանակցություններից դուրս են գալու և ասեն՝ մեզ տվեք 10 տարի ժամանակ, մենք կկառուցենք բանակը և կսկսենք նո՞ր պատերազմ, դա էլ է տարբերակ, բայց հայտնի չէ: Ու նման շատ տարբերակներ կարող են լինել: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am