Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում. կանաչապատման ծրագրեր Երևանի քաղաքապետարանից

Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր խնդիրներից է՝ հայտնում են քաղաքապետարանից:

«Կանաչապատումն սկսվում է ոռոգման համակարգով, որը մեծ խնդիր է քաղաքում: Քաղաքապետարանը, իհարկե, փոխում է հին խողովակաշարերը, բացի այդ ՀՈԱԿ-ն իր հերթին այս տարի շուրջ 20 կմ ոռոգման ցանց է անցկացրել քաղաքում»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ոռոգման նոր համակարգ է անցկացվել քաղաքի այգի-պուրակներում, մայթեզրային հատվածներում, որոշ տեղերում էլ՝ ընդլայնվել: Ոռոգման նոր համակարգ կունենա նաև քաղաքային տնկարանը: Այստեղ է աճեցվում մայրաքաղաքի կանաչապատման համար նախատեսված բույսերի մեծ մասը: Մինչդեռ ոռոգումը դեռևս ձեռքով է արվում: 

Երևանի ջերմոցային տնտեսությունում նախապատրաստվում են երկու խոշոր նախագծի: Մեկը կլինի հենց այստեղ: Տնկարանի հարևանությամբ համայնքը մտադիր է հիմնել նոր էկոպարկ՝ խորհրդային շրջանից հետո երկրում առաջինը: 8 հա-ից 3-ն արդեն մաքրվել ու նախապատրաստվել է: 

Երևանյան, այսպես ասած, բուսաբանական կենտրոնը կլինի ուսումնական յուրօրինակ կենտրոն. այստեղ կաճեցվեն թանկարժեք ու բացառիկ բուսատեսակներ, որոնք հետագայում կբազմացվեն տնկարանում և կտեղափոխվեն Երևանի կանաչ տարածքներ, նաև կվերածվի զբոսաշրջային նոր անկյան:

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում՝ վերականգնելու քաղաքի երբեմնի անտառային գոտիները՝ մոտ 10 հա մակերեսով: Բազմիցս քնարկված նախագիծը կիրականացվի կանաչապատման քաղաքային կազմակերպության ուժերով: Ծառատունկը կլինի արդեն այս աշնանը:

«Նախատեսում ենք 10 հա տարածքում հիմնել անտառ-տնկարկ, որը նորագույն պատմության մեջ կլինի առաջին դեպքը: Մոտ 6.5 հա՝ Ծիծեռնակաբերդում և 4 հա ՝ Սարալանջում: Առաջին անգամ գրեթե ամբողջ տնկանյութը՝ 97%-ը, տրամադրելու է ջերմոցատնկարանային տնտեսությունը: Նախկինում պատրաստի բուսազանգվածը բերվել է այստեղ՝ որպես պահեստավորման վայր, հետո այստեղից բաժանվել է քաղաքին: Այդ աշխատաոճին վերջ է դրվել: 10 հա անտառ հիմնելու համար քաղաքը գրեթե ոչինչ չի ծախսի»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի տնօրենը: 

Ծառերից բացի քաղաքային ջերմատունը կապահովի նաև քաղաքին անհրաժեշտ ծաղիկների կեսից ավելին: Հաջորդ տարի քաղաքին տեսք կհաղորդեն ավելի քան 1 մլն ծաղիկները: Երևանում կանաչապատման նոր եղանակի հիմք է դրվում: 

Տնկարանից քաղաք բույսերի տեղափոխում, ոռոգում, էտ. կանաչապատումն ավելի արդյունավետ կդառնա նոր տեխնիկայի ներդրման շնորհիվ: Նշենք, որ շահագործվող 50 միավորին շաբաթներ անց կավելանան ևս 9 նոր՝ 7 բեռնատար ու 2 ջրցան: