Բաքուն կոչ է անում Երևանին՝ չկորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը

Ադրբեջանական կողմը կոչ է արել Հայաստանին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունը հավերժական չէ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ այցելելով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, գրում է արգենտինական PERFIL պարբերականը։

Ըստ Ամիրբեկովի՝ Հայաստանի կողմից խաղաղության գնալու դրդապատճառներից մեկն այն գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, և դրա բացթողումը կլինի սխալ։

«Այս ամիս ավարտված բանակցությունները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտարերկրյա ուժերը սահմանամերձ շրջաններից», – ասել է Ամիրբեկովը։

Նա նաև նշել է, որ այս պայմանագիրը վերջ չէ, այլ՝ սկիզբ։

«Խաղաղությունը ձևավորվում է ոչ թե հայտարարություններով, այլ՝ կոնկրետ քայլերով», – ավելացրել է ադրբեջանցի պաշտոնյան։

PERFIL պարբերականը նշում է, որ Արգենտինայի ներքին գործերի նախարար Գիլյերմո Ֆրանկոսի հետ Կասա Ռոսադայում հանդիպման ընթացքում Էլչին Ամիրբեկովը ընդգծել է, որ հակամարտությունը չի կարելի դիտարկել մեկ մեկնաբանության շրջանակում, այլ՝ ավելի հավասարակշռված տեսանկյունից, որն ի հաշվի է առնում նաև Ադրբեջանի պահանջները։

«Մենք ցանկանում ենք ներկայացնել Արգենտինայի հանրությանը Ադրբեջանի տեսակետը, որպեսզի նրանց կարծիքը ձևավորվի ոչ միայն մեկ կողմի դիրքորոշման հիման վրա», – ասել է նա։