Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Բնապահպանական տարբեր կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ արդեն սկսել են բողոքի ցույց և ավտոերթ դեպի այդ տարածք։