Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:

Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»: