Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ։
Ըստ ադրբեջանական Report.az գործակալության՝ Ասկերովն այս մասին ասել է Օրդուբադում անցկացվող «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» համագումար-փառատոնի շրջանակում։
«Մենք պարզապես ցանկանում ենք խաղաղ պայմաններում, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան վերադառնալ մեր հայրենի հողեր և այնտեղ ապրել անվտանգ ու արժանապատիվ», – ասել է նա։
Ասկերովի խոսքով՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Նա նաև հայտարարել է, թե «յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը», քանի որ, իր ձևակերպմամբ, այդ տարածքները «իրենց բնիկ հողերն են»։
Խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է, որը ադրբեջանական պաշտոնական և քարոզչական հռետորաբանության մեջ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։



















