Գոյության տարածք. Լենան

Լենան՝ աջից

Օգտակար վեգան կոնֆետներ ստեղծելու գաղափարը երկար ժամանակ է` ինչ 26-ամյա Լենայի մտքում պտտվում էր, բայց միտքը կյանքի կոչվեց միայն վերջերս` Հայաստանում, երբ Լենան Արցախից տեղահանվելուց հետո ստիպված էր օգնել ամուսնուն՝ սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Լենայի ամուսինը պատերազմի օրերին վիրավորում է ստացել, 2-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Նոր իրականության մեջ, նոր միջավայրում մինչև ամուսինը կկարողանար աշխատանք գտնել, Լենան որոշում է գործի անցնել և հիմնում է «Արևէ»-ն:

«Ես միայն մի բան գիտեի, որ պետք է հնարավորինս արագ տնից գումար վաստակելու տարբերակ գտնեմ, ու հենց այդ ժամանակ որոշեցի հոբբին բիզնեսի վերածել»,- պատմում է Լենա Մաթևոսյանը:

«Արևէ»-ի տիրուհին նշում է՝ իրենք առաջարկում են կոնֆետներ, որոնք բացառապես բուսական են՝ առանց արհեստական հավելումների, շաքարի, գլյուտենի ու լակտոզայի։ 

«Կոնֆետների պատրաստման համար օգտագործում եմ չրեր, մրգային չիփսեր, ընդեղեն, արմավ, իսկ դիաբետիկների համար պատրաստվող քաղցրեղենը բացառապես պատրաստում եմ գետնախնձորի օշարակով, որը հակացուցված չէ,- ասում է Լենան,- օգտագործում եմ նաև քերոբ, կոկոսի քերուկ և այլ բաղադրիչներ։ Նույնիսկ մեղր չեմ օգտագործում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել, այդ թվում՝ բուսակերները, շաքարի հակացուցումներ ունեցող մարդիկ»:

Լենան մասնագիտությամբ դերասանուհի է, 7 տարի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում է աշխատել։ Ամենատարբեր կերպարներ է մարմնավորել՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացման մեջ խաղացել է Մարո, «Ռոմեո և Ջուլիետի» մեջ՝ Ջուլիետ, «Լուսաբացից առաջ» ներկայացման մեջ հրամանատարի աղջիկ՝ Անի: Խաղացել է նաև մանկական ներկայացումների մեջ Մալվինայի, Մատնաչափիկի, թզուկների դերերը։ Ամենասիրելի կերպարը, ասում է, Ջուլիետի կերպարն է եղել։

Առաջին կոնֆետները Լենան պատրաստել է դեռ Արցախում, և հենց թատրոնի դերասաններն են եղել առաջին համտեսողները և հիացական գնահատանքի արժանացնողները: 

«Առաջին կոնֆետներս փորձելուց հետո հարցնում էին՝ էլ չկա, էլի ենք ուզում»,- ժպտում է Լենան: 

Բլոկադայի օրերը առանձնակի դժվարությամբ է հիշում Լենան, սպասում էր առաջնեկին, ամեն ինչ Արցախում դժվարացել էր: Հիշում է, թե ինչպես էր հղիության ընթացքում երազում խնձորի մասին, որը ամուսինը դժվարությամբ գտել և բերել էր: 

«Վիտամիններով հարուստ սնունդ գտնելը կամ առհասարակ որև է մթերք, միրգ գտնելը չափազանց բարդ էր դարձել: Բլոկադայի օրերին, երբ խանութները դատարկ էին, շատերին նույնիսկ թվում էր, թե այդ կոնֆետները կարող են փոխարինել խանութի կոնֆետներին, բայց՝ ոչ։ Վեգան կոնֆետների հումքը գտնելը շատ բարդ էր, ու սուղ պայմաններում դրանք պատրաստել պարզապես հնարավոր չէր»: 

Ինչու հենց վեգան կոնֆետներ՝ իր նախապատմությունն ունի: 

Լենան պատմում է, որ ուսանողական տարիներին մարսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, սկսել է ուսումնասիրել իր սննդակարգն ու հասկացել, որ իր խնդիրների հիմքում արհեստական բաղադրություն ու կենդանական ծագում ունեցող մթերքներն են։ 

«Ձու, միս կամ ցանկացած արհեստական բարդ բաղադրիչներ ունեցող մթերքներ՝ տորթեր, կոնֆետներ ուտելուց ես շատ վատ էի զգում ինձ, վատանում էի, չէի կարողանում մարսել»,- նշում է Լենան։

Ասում է, որ հենց այդ ժամանակ էլ իր մոտ մեծ ցանկություն է առաջացել ստեղծել մի բան, որ ոչ միայն չի վնասի, այլև առողջարար կլինի մարդկանց համար։ Նա նշում է՝ խանութներում վաճառվող կոնֆետները մեծ մասամբ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, արհեստական յուղեր, ներկանյութեր ու հավելումներ, որոնք վնաս են հասցնում առողջությանն ու կախվածության մեջ գցում։ 

Գուցե հենց այդպես գաղափար էլ մնար կոնֆետների արտադրությունը, եթե իրադարձությունների զարգացումը այդքան ցավոտ ընթացք չստանար։ 

Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում է ծնվել, հետո Ստեփանակերտ են տեղափոխվել։ Հիշում է՝ երբ ռմբակոծությունը սկսվել է, երեխան ձեռքին դուրս է վազել ու այլևս չի վերադարձել։ 

«Մեր տունը ծայրամասում էր, հետ գնալու, տնից որևէ իր վերցնելու ոչ մի հնարավորություն այլևս չկար։ Տանը մնացին թանկարժեք իրեր, սակայն ինձ համար ամենաթանկը զոհված եղբորս իրերն էին, որոնցից ոչինչ չկարողացա ինձ հետ որպես հիշատակ վերցնել, դրա համար ամենաշատն եմ ցավում»,- ցավով հիշում է նա: 

Նկուղներում օրեր անցկացնելուց հետո սեպտեմբերի 25-ին Լենայի ընտանիքը դուրս է գալիս Արցախից: Երևանում արդեն որոշ ժամանակ անց սկսում է կոնֆետների գաղափարն իրականություն դարձնել: 

Թե ով էր իր կոնֆետների առաջին գնորդը, դժվարանում է հիշել, բայց վաճառքի մեկնարկը Երևանի ամանորյա տոնավաճառն էր՝ դեկտեմբերի 17-ին։ 

Կոնֆետները վաճառում է տուփերով, որոնց մեջ տեսականի է, ասում է՝ բոլորն էլ սիրվել են յուրովի։ 

«Մարդկանց հաճախ թվում է, թե նույն կոնֆետն է, պարզապես՝ տարբեր գույների, բայց կոնֆետները 6-8 տարբեր բաղադրատոմսով եմ պատրաստում։ Երբ փորձում են, ասում են՝ ամեն մեկը յուրահատուկ համ ունի, չեն կարողանում առանձնացնել, միայն կասեմ, որ շոկոլադ սիրողները նախընտրում են քերոբով կոնֆետները»,- ասում է Լենան։

Լենան ասում է՝ հեշտ չէ 9 ամսական դստեր խնամքին զուգահեռ նաև կոնֆետներ պատրաստելը, բայց կամքն ու նպատակը հաղթում են դժվարություններին։ 

Մեծ ծավալի վաճառքներ չունի, բայց չի հուսահատվում, ասում է՝ հասկանում է, որ մարդկանց ժամանակ է պետք նորույթն ընդունելու համար։ Կարևոր է, որ իր գնորդները գիտակցված գնեն ու իմանան՝ ինչ են գնում ու ինչի համար։ 

Հիշում է, որ երբ նոր էր վեգան կոնֆետներ արտադրելու մտադրության մասին բարձրաձայնում, շատերն ասում էին, որ չի կարողանա վաճառել, մարդիկ չեն հասկանա.

«Երբ սկսում էի, շատերն ասում էին, որ չեմ հաջողի, բայց կարճ ժամանակում կարողացա ապացուցել, որ դեռ ավելի մեծ հաջողություններ եմ ունենալու»,-նշում է նա:

«Երևանում «Ոսկե ձեռքեր» ցուցահանդեսին մասնակցեցի ու այնքան դրական արձագանքներ ու կարծիքներ լսեցի, նաև մեծ վաճառք եղավ, որ ևս մեկ անգամ համոզվեցի, որ ճիշտ քայլ եմ արել ու որ չպետք է կոտրվեմ»,- պատմում է Լենան:

Այժմ Լենան Երևանում ամուսնու ու փոքրիկ դստեր հետ վարձով է բնակվում, շարունակում է աշխատել տնից, ստեղծագործել և զարգացնել իր փոքր բիզնեսը: Ասում է՝ հաճախ միայն կարոտն է խեղդում, պատերացնում է, թե որքան լավ կլիներ, եթե իր գաղափարները հայրենի Արցախում կյանքի կոչեր։ 

«Շատ եմ կարոտում մեր գյուղը, գյուղի փողոցները։ Ամեն օր աչքերս փակում եմ ու էդ ճանապարհներով մտովի անցնում։ Էնքան էինք անցել էդ ճանապարհներով, ամեն կոտրած քարի ու փոսի տեղ անգիր գիտեինք։ Շատ կցանկանայի իմ Արցախում գործս սկսել, բայց․․․»,- լռում է Լենան և հուզվում: 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am