Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ժամանակահատվածում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում։

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համագործակցությանը։

Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը: