«Այս պահի դրությամբ մեր հրետանին թշնամու հետեւակային զորքի ամբողջ շարասյունը ոչնչացրել է». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում այս պահին:

– Հարավային ուղղությամբ պարբերաբար մարտեր են ընթանում, հակառակորդը փորձել է հետևակային զորք ուղարկել, որը մեր հրետանին ամբողջովին ոչնչացրեց: 

Այս պահի դրությամբ մեր հրետանին ամբողջ շարասյունը ոչնչացրել է:

Այսպիսի իրավիճակ է հիմա: Իրենք հրետանիով խփում են և փորձում են հետևակով առաջ գալ: Առաջնագծի ողջ երկայնքով միայն հարավային ուղղությամբ մենք հաշվել ենք 160-ից ավելի ծանր տանկեր, որ խոցված են, տասնյակ հետևակի մարտական մեքենաներ, որ խոցված են: 

Այս ուղղությամբ խոցված են ՏՕՍ տիպի երկու սարքավորված մեքենա: Հակառակորդն ամեն կերպ փորձում է առաջ գալ, բայց մեր զորքն ամուր կանգնած է: 

– Մեծ կորուստներ ասելով նկատի ունեք թե մարդկային, թե նյութակա՞ն:

– Այո՛, և՛ տեխնիկայի կորուստներ ունենք, և՛ մարդկային: Երեկ նրանք մեր թիկունքում 3 մարտական մեքենաներ խոցեցին, բարեբախտաբար, զոհեր չեղան: Դա, իհարկե, անօդաչուներն են անում, դրանք ամենուր վխտում են: Իհարկե, մեր ՀՕՊ-ն էլ այդ ԱԹՍ-ներն է խոցում: 

– Մենք այս պահին առվելություն ունե՞նք նրանց նկատմամբ: Հաջողվե՞ց առաջին գիծը վերադարձնել:

– Նրանք հարձակվում են, մենք՝ պաշտպանվում: Նրանք առաջին օրն են դիրքեր վերցրել, 2-րդ և 3-րդ օրերին մենք դրանց մի մասը վերադարձրել ենք: Վերջին 2 օրերին այդ առումով ոչինչ չի փոխվել, իսկ դա նշանակում է, որ մենք մեր պաշտպանության մեջ առավելություն ունենք: 

Առաջին օրը նրանք նախապատրաստված էին, հիմա մենք նույնպես ամուր կանգնած ենք, ամբողջ հայ ժողովուրդը կամավոր ուզում է գալ օգնության: 

Մարդկային ռեսուրսի կարիք չունենք։

Բայց բոլորի մարտական ոգին բարձր է: Մյուս ուղղություններով մեր ստորաբաժանումները մարտական պատրաստվածության մեջ են, և երբ հակառակորդը կուտակվելու փորձ է անում, անմիջապես խոցում են: Մերոնք թույլ չեն տալիս, որ նրանք մոտենան առաջնագծին։ 

– Այնուամենայնիվ, ըստ ձեզ, դեռ  որքա՞ն կտևեն այս գործողությունները։

– Դեռ երկու-երեք օր կփորձեն, ես ոնց տեսնում եմ՝ դեռ ունեն ռեսուրսներ, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ կփորձեն բերել: Ես այդպես եմ կարծում։ Այսինքն՝ ես ընդունում եմ, որ նրանք գալու են, և որպես զինվոր ես պատրաստ եմ, մենք բոլորս էլ պատրաստ ենք, որ իրենք հա գալու են, մենք հա պաշտպանվելու ենք։ Կգան՝ կգան, չեն գա՝ մենք կգնանք։

Մանե Հարությունյան 

MediaLab.am