«120 հոգանոց խմբի հրամանատարն էր, երեք պատերազմի մասնակից, դիպուկահարը հենց իրան ա խփել»․ որդեկորույս մայր՝ կյանք չմնաց

71-ամյա Սիլվա Գրիգորյանը հուզմունքով է հիշում սեպտեմբերի 27-ի մասին, երբ որդին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել և շտապել է պատերազմի դաշտ: 

Սիլվայի որդու՝ 45-ամյա Համլետ Գրիգորյանի համար 44-օրյա պատերազմը թվով երրորդն էր, մինչ այդ բանակում ծառայելիս Համլետը մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին, այնուհետև՝ ապրիլյան քառօրյա պատերազմին։

Մայրն ասում է՝ Համլետը հայրենասեր էր ու երբեք քննարկման չի եղել մասնակցել-չմասնակցելու հարցը, ընդհակառակը՝ կամավոր երկու պատերազմի է մասնակցել։ 

Սեպտեմբերի 27-ին Համլետը մեկնել է Ջրական, հակառակորդի դեմ թեժ պայքար մղել։ 

«Համլետը 120 հոգանոց խմբի հրամանատարն էր։ Հոկտեմբերի 10-ին ծանր կռիվ ա եղել։ Էդ օրը թուրքերին ոչնչացրել են, նստել են հաց ուտելու, ուտելու ժամանակ դիպուկահարը խփել ա Համլետին»,- արցունքների միջից ասում է մայրը ու նշում, որ որդու ընկերները պատմել են՝ Համլետը զգացել է, որ հակառակորդն իրեն հետևում է: 

«Ասել ա՝ զգո՛ւյշ եղեք, տղե՛րք, մեզ հետևում են։ Դիպուկահարը հենց իրան էլ խփել ա, ում հետևից որ երեխեքը գնում էին, պարզ ա, որ նրան էլ պիտի վերացնեին»,- կրկին հուզվում է Սիլվան։

Սիլվան ասում է՝ 4 ամիս որդուց լուր չեն ունեցել։ Հոկտեմբերի 9-ին որդին վերջին անգամ է կապ հաստատել, ու մինչ հունվար որևէ տեղեկություն չեն ունեցել։

«Մենք չորս ամիս հետո գտանք իրա մարտական ընկերներին։ Տղաներից մեկն ասեց՝ որ որդիս զոհվել է, ինքը քնապարկի մեջ ա պահել, ասեց՝ ես գիտեմ որտեղ ա։ Ինքը, մյուս տղաս ու երկու թոռներս Կարմիր խաչին դիմեցին, հունվարի 18-ին գնացին փնտրելու։

Երկու օր հետո՝ հունվարի 20-ին, տղուս մարմինը բերեցին»,- պատմում է ու հուզվում մայրը։ 

Սիլվան ասում է՝ մինչև ԴՆԹ հաստատումն էլ դեռ հույս ուներ, որ որդին ողջ է, սխալմունք է։ 

«Տարբեր մարդկանցից տարբեր բան էի լսում, բայց չէի պատկերացնում, որ որդիս զոհված կլինի»,- նշում է մայրը ու ասում, որ միշտ էլ աչքը ճանապարհին է լինելու, սպասելու է որդուն։

Գրիգորյանները Երևանից Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղ էին տեղափոխվել 25 տարի առաջ։ Մայրն ասում է՝ որդին շատ էր սիրում Քաշաթաղը, անգամ քույրերի հորդորներին, որ թողնի ու Երևան գա, չէր համաձայնում։

«Ասում էր՝ կգամ, բայց էդպես էլ քայլ չէր անում»,- ասում է Սիլվան։ 

Համլետն աշխատել է Քաշաթաղի շրջանի Մշենի համայնքում՝ որպես հաշվապահ։ 

Մայրն ասում է՝ որդին քչախոս էր, լուրջ, չէր սիրում արտահայտվել, ուշադրության կենտրոնում լինել։ Չնայած դրան՝ Համլետը միշտ բոլորին օգնության է հասել և աջակցել՝ պատմում է մայրը։

«Ինքը միշտ բոլորին օգնում էր, բաց չէր սիրում, որ իրան գովեին, լավ խոսքեր ասեին։ Գյուղում մեծից փոքր իրան Համո քեռի էին ասում»,- ասում է Սիլվան։

Սիլվան հուզմունքով նշում է՝ որդին իր համար ամեն ինչ էր, իր կյանքն էր։ Շատ ուշադիր էր, օգնում էր բոլոր հարցերում․ «18 հատ անասուն ունեինք, ինքն էր անասուններին տանում հանդ, բերում, կթում։ Հանկարծ նստեր հաց ուտելու, մեկը գար, ասեր՝ պապան կանչում ա, հացը կթողներ, կվազեր»,- պատմում է Սիլվան ու ցավով նշում՝ կյանքը մի ակնթարթում շրջվեց։

Համլետ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Համլետ Գրիգորյանը հուղարկավորված է Եռաբլուրում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am